2025 II եռամսյակի ամփոփում

2025 II եռամսյակի ամփոփում

Ստորև ներկայացնում ենք վերջին եռամսյակում մեր կատարած աշխատանքի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն

Տեղի ունեցավ ՀՀ – ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի 6-րդ նիստը

Ապրիլի 1-ին Երևանում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում, տեղի ունեցավ ՀՀ – ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի 6-րդ նիստը։ Պլատֆորմի հայկական կողմի արհմիությունների երեք ներկայացուցիչներից մեկը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանն է։  Քննարկվեցին Հայաստանի կողմից CEPA Համաձայնագրով ստանձնած բարեփոխումների կատարման ընթացքը։  Ա․Իգիթյանը շեշտեց, որ CEPA համաձայնագրով սահմանված աշխատանքային ու սոցիալական բարեփոխումների մասով առաջընթաց չի գրանցվել։ Մասնավորապես, աշխատողների համար շարունակում է բացակայել խորհրդակցության հիմնարար իրավունքը ազգային մակարդակում և բանակցելու իրավունքը կազմակերպության մակարդակում, այդ թվում՝ բացակայում է պետական աշխատողների համար ոլորտային մակարդակում բանակցելու իրավունքն ու  ինստիտուցիոնալ շրջանակը։

Ավելին՝ https://arhmiutyun.org/2025/04/02/eu-armenia-csp-6th-meeting-april-1-2025/

Հանդիպման արդյունքներով նաև ընդունվեց հռչակագիր, որը հասանելի է այստեղ՝ https://arhmiutyun.org/2025/04/11/eu-arm-cepa-csp-6th-declaration-april-1-2025/

Կլիմայի փոփոխությունը քննարկվեց Ֆրանսիական CGT-ի հետ

Ապրիլի 4-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ “Փոփոխվող կլիմայի պայմաններում աշխատողների իրավունքների առաջխաղացում” թեմայով կլոր-սեղան քննարկում Հայաստան ժամանած Ֆրանսիայի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի (CGT) պատվիրակության հետ։ Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և կազմակերպական աշխատանքների ու արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Անահիտ Ասատրյանը կարևորեց նման քննարկումները և հույս հայտնեց, որ այն սկիզբ կդնի Հայաստանում ևս կարևոր թեմաների շուրջ արհմիության կողմից քաղաքականություններին զարկ տալուն։

Ամբողջական նյութն այստեղ՝ https://arhmiutyun.org/2025/04/04/climate-change-and-workers-cgt-ctua-roundtable-04-04-2025/

Ծառայողական ավտոբուսների կրճատման վերաբերյալ

Հունվար ամսին տեղեկություններ ստացանք, որ պետական գերատեսչություններում ծառայողական ավտոմեքենաների կրճատման հետ մեկտեղ դադարեցվել է աշխատակիցների տեղափոխումը ծառայողական ավտոբուսներով։ Մի քանի անգամ դիմել ենք Վարչապետի աշխատակազմին, խնդրել ենք պարզաբանել կրճատման պատճառը, բացատրել ենք դրա բացասական հետևանքները, ներկայացրել ենք առաջարկներ։ Կառավարության պատասխանները, սակայն, համագործակցային անվանել չի կարելի։ Ավելի մանրամասն՝ https://arhmiutyun.org/2025/04/16/regardin-slashing-of-shuttle-buses-in-state-bodies-2025/

Կառավարությանն առաջարկել ենք 2025-ին որոշ ոչ աշխատանքային օրեր սահմանել կամ օրերի տեղափոխություններ անել

Քանի որ առանց այդ էլ քիչ տոներից (համեմատ այլ երկրների հետ) մի մասը համընկնում է շաբաթ-կիրակիների հետ և կորում է, առաջարկել ենք նման դեպքերում երկուշաբթի կամ ուրբաթ օրերը ոչ աշխատանքային սահմանել։ Որոշ դեպքերում էլ օրերի տեղափոխություն անել, որպեսզի աշխատողներն անընդմեջ ավելի շատ ոչ աշխատանքային օրեր ունենան։ Քանի որ նման առաջարկը նախկինում չէր ընդունվում, առաջարկել ենք այն իրագործել միայն 2025 թվականի համար՝ համապատասխան կառավարության որոշումներով։ Ընդ որում, առաջարկները ներկայացրել ենք բազմաթիվ հիմնավորումներով։

Կառավարության պատասխանը, սակայն, իրարամերժ է։ Մի կողմից նշվում է, որ մեր հիմնավորումները բավարար չեն։ Մյուս կողմից նշվում է, որ նման քաղաքականությունը միայն մեկ տարով սահմանափակելը բավարար չէ և պետք համակարգային փոփոխություն արվի։ Բայց և հիշեցնում է, որ համակարգային փոփոխության արհմիությունների առաջարկը նախկինում մերժել է։

Նյութին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ՝ https://arhmiutyun.org/2025/04/23/karavarutyune-chi-koxmnoroshvum-2025/

Վերսկսեցինք Երիտասարդական Խորհրդի հանդիպումները

Ապրիլի 26-ից վերսկսեցին Երիտասարդական խորհրդի նոր կազմով նիստերը, որոնց ընթացքում երիտասարդները ծանոթացան միմյանց հետ, ծանոթացան երիտասարդական խորհրդի կանոնակարգին, նախանշեցին անելիքներն ու պլանավորեցին հետագա նիստերը, փոխանակվեցին գաղափարներով: Հաջորդ հանդիպումներին քննարկեցին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման, առողջության համապարփակ ապահովագրության նախագծի հետ կապված հարցերը, երիտասարդական Կոմիտեի ձևավորման ընթացակարգը, արհմիության լիազորություններն ու գործիքները, ծանոթացան արհմիության տեսանելիության գործիքների և սոցիալական հարթակների հետ։

Ավելին՝ https://bit.ly/4nIAKxb

Մայիսի 1-ի կապակցությամբ տարածեցինք հայտարարություն

պահանջելով արժանապատիվ աշխատավարձ՝ համարժեք կատարվող աշխատանքին և ժողովրդավարական հանրային ծառայություններ՝ աշխատողների մասնակցությամբ, շեշտելով, որ պետությունը վերջապես պետք է ներդնի սոցիալական երկխոսության համակարգը պետական աշխատողների համար։

Հայտարարության ամբողջ տեքստը՝ https://bit.ly/4lR9cUQ

Մայիսի 1-ին կազմակերպեցինք նաև խաղաղ հավաք և ավանդական կինոդիտում։

Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը ողջունեց հավաքվածներին և վերահաստատեց արհմիության պայքարը սոցիալական արդարության համար և հիշեցրեց, որ աշխատողներն են ձևավորում պետական բյուջեի գերակշիռ մասը և որպես այդ բյուջեի ձևավորող, աշխատողներն են, որ պիտի պահանջեն պետությունից պատշաճ ծառայություններ և արժանապատիվ վարձատրություն:

Ամբողջական նյութը՝ https://bit.ly/4lmW6i6

Առաջարկեցինք ընդլայնել սոցփաթեթը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվել էր Սոցփաթեթի վերաբերյալ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ՝ հայցելով արհմիությունների կարծիքը։ Առաջարկել ենք ընդլայնել սոցփաթեթի շահառուների ցանկը՝ ներառելով նաև «Սպասարկում» և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային  կազմակերպությունները։

Նշել ենք, որ ՊՈԱԿ-ների աշխատակիցները շատ դեպքերում նույն աշխատանքն են կատարում, ինչ որ պետական գերատեսչությունների հաստիքներում աշխատող տեխնիկական աշխատակիցները, որոնք օգտվում են սոցիալական փաթեթից։

Ավելին՝ https://arhmiutyun.org/2025/05/01/arajark-yndlaynel-socpatet-2025-edraft/

Կրկին առաջարկներ ներկայացրեցինք հանրապետական կոլեկտիվ պայմանագրի վերաբերյալ

Քանի որ կոլեկտիվ պայմանագրի նախագծի մասին մեր առաջարկները դեռևս չեն ընդունվում, դրանք ներկայացրել ենք նաև ՀՀ նախարարություններին և այլ գերատեսչություններին՝ ակնկալելով առաջարկների առաջխաղացումը։

Գերատեսչությունների զգալի մասը մեր գրությունները վերահասցեավորել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Մի մասն էլ պատասխանել է, որ առաջարկներն ի գիտություն են ընդունվել։ Քաղաքացիական ծառայության գրասենյակն ի պատասխան մեր առաջարկների ուղարկել է գրություն, որում մեր առաջարկների չորսի վերաբերյալ կարծիք է հայտնվում։

Ամբողջական նյութը՝ https://arhmiutyun.org/2025/06/02/arajarkner-kolektiv-payamangri-veraberyal-2025/

Առաջարկներ՝ մասնակցային կառավարման վարչությանը

Դեռևս 2024 թվականին վարչապետի որոշմամբ աշխատակազմում ստեղծվել է Մասնակցային և բաց կառավարման վարչություն։ Նշված վարչության կողմից նախաձեռնվել է առաջարկների հավաքագրում “Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան” (ԲԿԳ) նախաձեռնության նոր գործողությունների ծրագրի ձևավորման համար: Առաջարկել ենք ներդնել և ապահովել սոցիալական գործընկերությունը պետական ծառայողների համար, հիմնադրել սոցիալական գործընկերների միջև եռակողմ ազգային սոցիալական գործընկերության համակարգ, ապահովել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրում պետական աշխատողների համար որոշակի լրացուցիչ իրավունքների ու երաշխիքների ամրագրումը։ Առաջարկների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ https://arhmiutyun.org/2025/06/10/new-ogp-office-union-proposals-on-public-sevants-social-dialogue-2025/

Նախագահության 6-րդ նիստ

Նախագահության անդամները քննարկեցին Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը, վերջերս ձևավորված Երիտասարդական Խորհուրդը, ՀՀ – ԵՄ Քաղհասարակության հարթակում կատարված աշխատանքները, ինչպես նաև Հանրային Խորհրդի ձևավորումն ու դրանում քննարկվող հարցերը, քանի որ արհմիությունը Հանրային Խորհրդում ունի ներկայացուցիչ։

Ավելին՝ https://arhmiutyun.org/2025/06/10/uslgpsea-executive-committee-meeting-6-2025/  

Կազմակերպեցինք բոուլինգի 12-րդ թիմային մրցաշարը

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիության բոուլինգի թիմային 12-րդ մրցաշարը՝ անդամ կազմակերպությունների միջև։ Այն նվիրված էր հունիսի 23-ին նշվող Հանրային ծառայության օրվան։ Մասնակցեցին 11  կոլեկտիվների թիմեր։ Մրցաշարում հաղթեց և Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության գավաթին արժանացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը։

Ավելին՝ https://arhmiutyun.org/2025/06/22/uslgpsea-bowling-12th-tournament-2025/

Հայտարարություն Հանրային ծառայության օրվա կապակցությամբ

Հանրային ծառայության միջազգային օրը (հունիսի 23-ին) Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային արհմիությունը հայտարարություն տարածեց։ Հայտարարությունում շեշտել ենք, որ առ այսօր՝

Հանրային ծառայողի օրը Հայաստանում պաշտոնապես չի ճանաչվել; հանրային ծառայողների դերի բարձրացման ուղղությամբ համակարգային քաղաքականություն չի մշակվել; հանրային ծառայողները շարունակում են թիրախավորվել հանրային խոսույթում, որտեղ գերակշռում են «պարգևավճարներ ստանալու», «բավարար շատ չաշխատելու» և այլ թունավոր նարատիվները; վարձատրության մակարդակը, չնայած 2023-ի որոշակի բարելավմանը, մնում է ցածր և կենսապահովման աճող ծախսերին անհամապատասխան; ոլորտային սոցիալական երկխոսությունը հանրային ծառայողների համար շարունակում է բացակայել՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ http://bit.ly/44JALsh

Ներկայացվել են ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տարեկան զեկույցները

Հունիսի 24-ին Երևանում ներկայացվեց  ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի տարեկան զեկույցը՝ CEPA համաձայնագրի կատարման առաջընթացի վերաբերյալ։

Աշխատանքային ու սոցիալական ոլորտի զեկույցը ներկայացրեց պլատֆորմի անդամ Արսեն Իգիթյանը։ Նա անդրադարձավ միավորման ազատության, բանակցելու և գործադուլ կազմակերպելու իրավունքի խախտումներին և օրենսդրական բացերին, պլատֆորմային զբաղվածության, անօրինական աշխատանքային միգրացիային, օրենքների կատարման և հսկողության խնդիրներին, CEPA-ի կիրարկման հետ կապված այլ խնդիրներին և այլն։

Զեկույցի ներկայացումն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝ https://www.facebook.com/EUCepa/videos/1747081229226882/

Միջոցառման մասին մանրամասն այստեղ՝ http://bit.ly/3IGLc8o

Տարեկան զեկույցն ամբողջությամբ՝ https://img1.wsimg.com/blobby/go/5752ebf7-1b3a-495a-a100-10a10049469c/downloads/108e4e36-8717-4c6c-befd-1b9b6b1f7512/CEPA%20Report_2024_arm.pdf

Այլ աշխատանքներ

Բացի վերոնշված իրադարձություններից արհմիության աշխատակազմը շարունակել է ամենօրյա ռեժիմով աշխատել տարբեր ուղղություններով

  • Անդամներին և դիմող քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական և մեթոդական աջակցություն
  • Արհմիության անդամների օգնել ենք, ըստ իրենց ցանկության, լրացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրը

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading