ԵՄ-Հայաստան քաղհասարակության Պլատֆորմի 6-րդ նիստի արդյունքում ընդունվեց համատեղ Հռչակագիրը։
- ցավով արձանագրում է, որ չնայած արհմիությունների և ՔՀԿ-ների բազմաթիվ նախորդ կոչերին, առաջընթաց չի գրանցվել աշխատողների խորհրդատվության և բանակցության իրավունքի իրացման ինստիտուցիոնալ և օրենսդրական հիմքերի ստեղծման հարցում։ Մասնավորապես բացակայում է պարտադիր և արդյունավետ ազգային եռակողմ անդրոլոտրային մեխանիզմը, պետական հատվածի համար՝ երկկողմանի բանակցային մեխանիզմը, ինչպես նաև աշխատավայրի մակարդակում գործատուի հետ բանակցելու իրավունքը։ Սոցիալական երկխոսությունը միջազգային ամենակարևոր գործիքներից է, որի իրագործումը ներկայումս խիստ անբավարար է, մինչդեռ այն առանցքային նշանակություն ունի բազմաթիվ բարեփոխումների կայունության և ժողովրդավարության լեգիտիմության ապահովման համար։
- շեշտում է պետության ստանձնած պարտավորությունների կատարման թերակատարումը՝ կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմիններում արհմիությունների անկախության ապահովման ու դրանց առաջխաղացման գործում։
- հիշեցնում է, որ CEPA-ի Զբաղվածության դրույթներին վերաբերող ամենաընդգրկուն մասը՝ աշխատանքի անվտանգության և առողջության (ԱԱԱ) ոլորտին առնչվող պարտավորությունները շարունակում է մնալ չիրականացված, իսկ դրանց իրագործման հստակ ժամկետները մինչ այժմ սահմանված չեն։ Հաշվի առնելով, որ CEPA-ի դրույթների մեծամասնությունը պետք է իրականացվի մինչև 2028 թվականը, անհապաղ անհրաժեշտ է սկսել ԱԱԱ բարեփոխումները՝ ուղեկցելով դրանք հստակ և իրատեսական ճանապարհային քարտեզով՝ ապահովելով բարեփոխումների ժամանակին և արդյունավետ իրականացումը։
- կրկին արձանագրում է, որ ապօրինի զբաղվածությունը (առանց աշխատանքային պայմանագրի/չձևակերպված աշխատողները) շարունակում է մնալ Հայաստանի աշխատաշուկայի գլխավոր հիմնախնդիրներից մեկը, մինչդեռ վերահսկող մարմինները, հատկապես՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, շարունակում են մնալ անարդյունավետ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ խախտումները հստակորեն հաղորդվում և փաստագրվում են քաղաքացիների կողմից։ Պահանջում է հսկողության և վերահսկողության համակարգի օրենսդրական և գործառնական էական բարեփոխումներ՝ աշխատանքի ոլորտում կոռուպցիոն դրսևորումների և լայնածավալ ստվերային զբաղվածության հաղթահարման համար։
- Դրական է գնահատում որոշ սոցիալական խթանիչ միջոցառումների ներդրումը կառավարության կողմից, մասնավորապես՝ եկամտահարկից սոցիալական ծախսերի վերադարձման միջոցով, սակայն շեշտում է արդար, թափանցիկ և փաստերի վրա հիմնված աշխատավարձի որոշման մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է նվազագույն աշխատավարձը համապատասխանեցնել իրական սպառողական կարիքներին և սահմանել կենսապահովման նվազագույն մակարդակին համապատասխան աշխատավարձ։ Այս համատեքստում առաջարկվում է որդեգրել լրացուցիչ եվրոպական չափանիշներ, մասնավորապես՝ ԵՄ-ի Ադեկվատ նվազագույն աշխատավարձի մասին Հրահանգը, որը կարող է ներառվել այժմ բանակցվող “ԵՄ Նոր համագործակցության օրակարգում”։
- շեշտում է Հայաստանում ինստիտուցիոնալ և արդյունավետ սոցիալական երկխոսության ապահովման կարևորությունը՝ սոցիալական և աշխատանքային ոլորտի խնդիրները հանրապետական եռակողմ հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ և կառուցողական լուծելու համար, այդ թվում՝ աշխատանքային ժամերի կրճատման, աշխատանքի անվտանգության և առողջության ստանդարտների ներդրման, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) արժանապատիվ աշխատանքի օրակարգի այլ հիմնասյուների, մասնավորապես՝ ԱՄԿ R116 հանձնարարականի իրագործման համար, ինչը նախատեսված է CEPA-ի 84-րդ և 274-րդ հոդվածներով:
- նկատում է, որ վերջին տարվա ընթացքում կառավարության նախաձեռնած մի շարք սոցիալական բարեփոխումներ առաջացրել են զգալի հասարակական դիմադրություն և լարվածություն, հիմնականում այն պատճառով, որ այդ բարեփոխումների հիմնավորումներն ու նպատակները հանրությանը պատշաճ և համոզիչ կերպով չեն ներկայացվել։ Կարծում է, որ այս խնդրի խորքային պատճառը շահագրգիռ կողմերի և սոցիալական գործընկերների միջև պատշաճ, իմաստալից և ներառական խորհրդակցությունների բացակայությունն է։ Կրկին շեշտում է սոցիալական երկխոսության, փորձագիտական կարծիքների փոխանակման և բարեփոխումների նախնական փուլերում միջազգային լավագույն փորձի պատշաճ կիրառման կարևորությունը՝ հետագայում բարեփոխումների ձախողումներից և հասարակական ճգնաժամերից խուսափելու համար։
Իսկ ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ։

