Մարտի 25-ին և 26-ին Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հյուսիսարևելյան եվրոպական Տարածաշրջանային ամենամյա նիստը, որին մասնակցեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության աշխատակազմը, ինչպես նաև EPSU Կանանց և հավասարության մշտական հանձնաժողովում Տարածաշրջանի ներկայացուցիչ Մարինե Ստեփանյանը։
Նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին տարածաշրջանի արհմիությունների խնդիրները։
Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանն իր ելույթում անդրադարձավ արհմիությունների անդամակցության մակարդակին և սոցիալական խնդիրներին, մասնավորապես Առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման ու դրա հետևանքներին, պետական համակարգում աշխատող և սոցփաթեթ ունեցողների համար այդ բարեփոխման ֆինանսական խտրականությանը, հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագրին, կոլեկտիվ բանակցությունների և արհմիությունների իրավունքների հետ կապված խնդիրներին։
Մարինե Ստեփանյանը նիստին ընդառաջ տարածաշրջանի արհմիությունների համար մշակել էր հարցաշար՝ ավելի խորը հասկանալու տարածաշրջանում տաբեր ոլորտներում գենդերային ներկայացվածության հետ կապված խնդիրները, արհմիության կարիքները և Մշտական հանձնաժողովի հնարավոր անելիքները։ Ներկայացնելով հետազոտության արդյունքները, Մարինե Ստեփանյանն ընդգծեց, որ տարածաշրջանի երկրներում դեռևս խնդիր է մնում վարձատրության գենդերային ճեղքվածքը։ Միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ ԵՄ անդամ երկրներում պետք է ավարտին հասցվի Վարձատրության թափանցիկության մասին ԵՄ Հրահանգի կիրարկման գործընթացը, որը զգալիորեն կբարելավի իրավիճակը։ Առանձնահատուկ շեշտեց Հայաստանում կոլեկտիվ բանակցությունների իրավունքի բացակայությունն արհմիությունների համար, որը միջազգային նորմերի լուրջ խախտում է և բացասաբար է անդրադառնում արհմիության անդամակցության վրա։ Նշեց նաև, որ Տարածաշրջանի հանրային ծառայություններում սոցիալ-տնտեսական խնդիրների, աշխատանքային ծանրաբեռնվածության և հոգեբանական լարվածության են հանգեցնում նաև ռազմական կոնֆլիկտները (Ուկրաինայից փախստականներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ և այլն)։ Հակիրճ ներկայացրեց նաև վերջին երկու տարիներին EPSU Կանանց և հավասարության մշտական հանձնաժողովի աշխատանքները։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև օրգանայզինգի հետ կապված ներկա իրավիճակը։
Նիստին հյուրընկալվեց նաև Վրաստանի աշխատանքի, առողջապահության, բռնի տեղահանվածների և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Իրակլի Պետրիաշվիլին։
* EPSU Հյուսիսարևելյան Տարածաշրջանը ներառում է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի հանրային ծառայությունների արհմիությունները։




