Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային արհմիությունը դիմել է ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ առաջարկելով արհեստակցական միություններին ևս ներառել Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող քաղհասարակության ֆինանսավորման համակարգում։
Կառավարության հավանությանն արժանացած և Ազգային ժողով ներկայացված նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական ծախսերի շրջանակը՝ ներառելով քաղաքացիների կողմից իրենց եկամտային հարկի հաշվին հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքական կուսակցություններին անհատույց ուղղվող միջոցները։
Արհմիությունները քաղաքացիական հասարակության կարևոր մաս են, սակայն Հայաստանի օրենսդրությամբ չեն համարվում հասարակական կազմակերպություններ։ Հետևաբար, նախագծում միայն հասարակական կազմակերպությունների հիշատակումը չի ապահովում արհմիությունների ներառումը։ Առաջարկում ենք նախագծի համապատասխան երեք հոդվածներում շահառու կազմակերպությունների ցանկը լրացնել «արհեստակցական միություններին» բառերով։
Աշխատողների հավաքական ձայնը ևս պետք է ստանա հանրային աջակցություն
Եթե քաղաքացին հնարավորություն է ստանում իր եկամտային հարկի մի մասն ուղղելու քաղաքական ներկայացուցչությանը կամ հանրային իրազեկմանը, նույն հնարավորությունը պետք է ունենա նաև իր աշխատանքային և սոցիալական շահերը ներկայացնող կազմակերպություններին աջակցելու համար։
Արհմիություններն աշխատողներին տրամադրում են իրավական աջակցություն, պաշտպանում աշխատանքային իրավունքները, վարում կոլեկտիվ բանակցություններ, բարձրաձայնում աշխատանքի անվտանգության խնդիրները և մասնակցում սոցիալական քաղաքականության մշակմանը։ Այս աշխատանքի արդյունքները կարող են օգտակար լինել նաև արհմիության անդամ չհանդիսացող աշխատողներին՝ նպաստելով աշխատանքային պայմանների ընդհանուր բարելավմանը։
Արդյունավետ սոցիալական երկխոսության համար արհմիություններին անհրաժեշտ են իրավաբանական, հետազոտական և կազմակերպչական կարողություններ։ Քաղաքացիների ընտրությամբ ուղղվող միջոցները կարող են ամրապնդել այդ կարողությունները և ընդլայնել աշխատողների մասնակցությունը նրանց կյանքի ու աշխատանքի վրա ազդող որոշումներին։
Առաջարկն ունի նաև միջազգային հիմքեր
Մեր դիմումում վկայակոչել ենք Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերների կարողությունների ամրապնդման դրույթները, ինչպես նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով նախատեսված՝ արհմիությունների զարգացմանն աջակցելու պարտավորությունը։
Աշխատանքի միջազգային կազմակերպության Միավորման ազատության կոմիտեն ևս առաջարկում է, հատկապես անցումային երկրներում, դիտարկել աշխատողների և գործատուների կազմակերպությունների զարգացմանը նպաստող հատուկ միջոցներ, այդ թվում՝ անդամավճարների համար հարկային նվազեցումներ։
Միջազգային փորձն առաջարկում է տարբեր մեխանիզմներ։ Լիտվայում քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկի մի մասն ուղղել արհմիություններին, իսկ Ֆրանսիայում գործում է արհմիության անդամավճարների համար հարկային կրեդիտ։ Թեև այս մեխանիզմները տարբեր են, երկուսն էլ նպաստում են աշխատողների կազմակերպությունների ֆինանսական կայունությանը։
Ակնկալում ենք, որ նախագծի խորհրդարանական քննարկումների ընթացքում մեր առաջարկը կընդունվի, և քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց եկամտային հարկի մի մասն ուղղելու նաև աշխատողների իրավունքները պաշտպանող արհմիություններին։

