Կառավարությունն օրենսդրական նախագիծ է շրջանառել, որով մտադիր է չեղարկել թաղման նպաստը՝ փոխարենը մոտ 500 դրամով բարձրացնելով թոշակը։ ՀՀ պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների և հանրային ծառայությունների ճյուղային արհմիությունը դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով վերանայել թաղման նպաստի տրամադրման կարգը փոփոխելու վերաբերյալ Կառավարության նախաձեռնությունը։
Նախագծով նախատեսվում է թաղման նպաստի տրամադրումը սահմանափակել՝ այն պահպանելով հիմնականում անապահովության նպաստ ստացող ընտանիքների համար։ Արդյունքում՝ ներկայումս գործող 200,000 դրամ նպաստից կզրկվեն դրա շահառուների շուրջ 98%-ը, այսինքն գրեթե բոլորը։
Այս միջոցների հաշվին նախատեսվում է կենսաթոշակները բարձրացնել ամսական ընդամենը 500–1000 դրամով։
Մենք ողջունում ենք կենսաթոշակների բարձրացման ցանկացած նախաձեռնություն, սակայն համոզված ենք, որ մի սոցիալական երաշխիքի բարելավումը չպետք է իրականացվի մյուսի փաստացի վերացման հաշվին։
Թաղման նպաստը պարզապես աղքատության հաղթահարման միջոց չէ։ Այն սոցիալական պաշտպանության մեխանիզմ է, որն օգնում է ընտանիքներին դիմակայել հարազատի մահվան հետևանքով առաջացող անխուսափելի, հրատապ և զգալի ֆինանսական ծախսերին։
Ընտանիքի՝ պաշտոնապես անապահով չհամարվելը դեռ չի նշանակում, որ այն ի վիճակի է առանց ֆինանսական դժվարությունների հոգալ թաղման ծախսերը։ Նույնիսկ աշխատող և միջին եկամուտ ունեցող ընտանիքները հաճախ ստիպված են լինում այդ ծախսերը հոգալ խնայողությունների կամ վարկերի հաշվին։
Ավելին՝ գործող նպաստն արդեն իսկ զգալիորեն արժեզրկվել է։
Թաղման նպաստի 200,000 դրամ չափը սահմանվել է 2010 թվականին և շուրջ 16 տարի չի վերանայվել։ Այդ ընթացքում կուտակային գնաճը կազմել է շուրջ 63%, ինչը նշանակում է, որ նախկին գնողունակությունը պահպանելու համար նպաստն այսօր պետք է կազմեր մոտ 325,000 դրամ։
Մինչդեռ մեր անդամների շրջանում իրականացված նախնական հարցումները ցույց են տալիս, որ թաղման կազմակերպման և հարակից միջոցառումների ծախսերը հաճախ հասնում են 700 000 – 1 000 000 դրամի։
Նշենք նաև, որ Կառավարության նախագծի հիմնավորման համաձայն՝ ավելի քան 400 հազար կենսաթոշակառուների կենսաթոշակը նախատեսվում է ավելացնել ամսական ընդամենը 500 դրամով։ Նման ավելացման հաշվին 200 000 դրամ կուտակելու համար կպահանջվեր ավելի քան 33 տարի։
✅ Ի՞նչ ենք առաջարկել Կառավարությանը։
- Այս փուլում պահպանել թաղման նպաստի գործող տրամադրման կարգը և հրաժարվել շահառուների շրջանակի կտրուկ սահմանափակումից։
- Իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ գնահատելու Հայաստանում ընտանիքների կողմից թաղման կազմակերպման իրական ծախսերը։
- Ուսումնասիրության արդյունքների հիման վրա վերանայել նպաստի չափը՝ հաշվի առնելով նաև կուտակային գնաճը, և ներդնել դրա պարբերական ինդեքսավորման մեխանիզմ։
Մեր դիմումում անդրադարձել ենք նաև ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի կողմից ՄԱԿ համապատասխան դաշնագրի
վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությանը, որը կարևորում է սոցիալական ապահովության երաշխիքների պաշտպանության մակարդակը նվազեցնող միջոցների նկատմամբ առանձնահատուկ զգուշավորությունը։
Հուսով ենք, որ Կառավարությունը հաշվի կառնի 10 հազար պետական և համայնքային աշխատողներ միավորող, բայց ըստ էության բոլորին ներկայացնող մեր արհմիության դիրքորոշումն ու կվերանայի ներկայացված նախագիծը։
Վարչապետին ուղղված մեր գրությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ։

