Դիմեցինք վարչապետին՝ դրոշմանիշային վճարի բարձրացման վերաբերյալ

Դիմեցինք վարչապետին՝ դրոշմանիշային վճարի բարձրացման վերաբերյալ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիությունը գրությամբ դիմեց ՀՀ վարչապետին` վերջերս առանց քննարկումների և շտապ ընդունված օրենքի փոփոխությունների վերաբերյալ, որով աշխատողների համար բարձրացվեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ վճարվող “դրոշմանիշային վճարները”։

Ստորև ներկայացնում ենք վարչապետին ուղարկված գրությունը։

2020թ․ հոկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Գործատուների հանրապետական միության միջև կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր։ Կոլեկտիվ պայմանագիրը ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական գործընկերության կարևորագույն գործիք է։ Պայմանագրով, մասնավորապես, նախատեսվում է, որ

«Կողմերը պայմանավորվում են, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ հրատապ կարգով որոշումների ընդունում պահանջող նախագծերի, ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին՝ մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը»։

Չնայած դրան, ըստ Կառավարության կայքի՝ դեկտեմբերի 22-ին ստորագրվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշումը, թեպետ այդ օրը հրապարակային նիստ տեղի չի ունեցել, իսկ արդեն դեկտեմբերի 29-ին Ազգային Ժողովն էլ իր հերթին հապճեպ ընդունեց այն որպես օրենք։

Նշված օրենքը զգալի փոփոխություններ է նախատեսում աշխատողների համար՝ դնելով նրանց վրա լրացուցիչ ֆինանսական բեռ, բայց չնայած դրան՝ այն չի քննարկվել սոցիալական գործընկերների հետ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի համաձայն։ Ավելին, օրենքը նույնիսկ հանրային քննարկման պատշաճ չի ներկայացվել․ նոյեմբերի 5-ին իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» համակարգում տեղադրվել է օրենքի նախագծի բոլորովին այլ տարբերակ, որտեղ առաջարկվում էր դրոշմանիշային վճարը բոլորի համար սահմանել 3000 դրամ։

Այնուամենայնիվ, ընդունված որոշումն էապես տարբերվում է e-draft կայքում ներկայացվածից, մասնավորապես սահմանվել են «ռեգրեսիվ» դրույքաչափերով դրոշմանիշային վճարներ՝ առավելապես թիրախավորելով միջին եկամուտ ունեցող աշխատողներին։

Այսպիսով, ողջ աշխատող հանրությանը վերաբերող, նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների վրա էապես ազդող կարևորագույն օրենքներից մեկն ընդունվեց ոչ միայն առանց սոցիալական գործընկերների հետ քննարկման՝ խախտելով հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, այլ նաև առանց հանրային քննարկման և գրեթե գաղտնի։ Սա ժողովրդավարական գործընթացների զգալի հետընթաց է։

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի 14-րդ կետը նախատեսում է Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացումը։

Կոչ ենք անում հավատարիմ մնալ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով և միջազգային պարտավորություններով սահմանված սոցիալական գործընկերության ու ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաև վարչապետի որդեգրած ճանապարհային քարտեզին, և օրենսդրական ակտերի նախագծեր ընդունելուց առաջ դրանք մանրամասն քննարկել սոցիալական գործընկերների հետ։

Գտնում ենք, որ անհարժեշտ է վերանայել վերոնշված օրենքը՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։

Կասկածից վեր է, որ ոչ մի տուժած զինվոր կամ նրա ընտանիքի անդամ չպետք է մնա առանց փոխհատուցման, սակայն, պետությունն է, որ որպես  գործատու պետք է պատասխանատվություն կրի և ապահովագրի իր զինվորներին։ Աշխատողները չպետք է կրեն պատասխանատվություն պատերազմների համար՝ իրենց գրպանի հաշվին։ Չի կարելի պետության բոլոր ձախողումների պատասխանատվությունն անընդհատ դնել աշխատողների վրա։ Առանց այդ էլ պետական բյուջեի շուրջ 1/3 մասը ձևավորվում է աշխատողների վճարված եկամտահարկից, և պետության պատասխանատվությունն է ավելի արդյունավետ ու պատասխանատու կառավարել պետական եկամուտները՝ անհրաժեշտ պետական ծախսերն ապահովելու համար։

Պետական ծախսերի անհրաժեշտությունը վերջին տարիներին առավել պահանջված է դառնում, ինչի մասին վկայում են մանավանդ 2020թ․ թվականին վրա հասած երկու ճգնաժամերը, սակայն համակարգային լուծումների փոխարեն պետական ծախսերի բացը պետությունը փորձում է լրացնել ամեն առանձին խնդրի համար ստեղծվող առանձին հիմնադրամների կամ հաշվեհամարների միջոցով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, Հայաստան համահայկական հիմնադրամ, “COVID-19 կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության” հաշվեհամար և այլն։ Ավելին, դրա հետ մեկտեղ՝ 2019թ․ ներդրվեց համահարթ հարկման համակարգ, որով զգալիորեն պակասեցվեց եկամտահարկը, իջեցվեց նաև շահութահարկը։ 

Եթե պետական բյուջեն չի բավարարում անհրաժեշտ ծախսեր կատարելու համար, գուցե կարիք չկար նվազեցնելու եկամտահարկերի ու շահութահարկի դրույքաչափերն ու անցնել համահարթ հարկման։ Բացի այդ, հարկավոր է որոշակի սոցիալական պատասխանատվություն դնել նաև մասնավոր ոլորտի ու գործատուների վրա, այլապես ստացվում է, որ պետության բեռը դրվում է միմիայն աշխատողների ուսերին։ Գործատուների վրա սոցիալական պատասխանատվություն դնելու անհրաժեշտությունը հաստատվել է աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնության միջազգային փորձով և կարծում ենք «հեծանիվ հայտնագործելու» կարիք չկա։

Փոխանակ կատարելագործելու, կոնսոլիդացնելու պետական եկամուտները,  որպեսզի պետության ու հանրության կարիքները (որի մեջ են մտնում նաև կենսաթոշակային, զինվորական, առողջապահական և այլ տեսակի ապահավագրությունը) լուծվեն պետական բյուջեի, պետական ծառայությունների, ինչպես նաև գործատուների վրա դրված սոցիալական պարտավորությունների միջոցով, ճիշտ հակառակը, նվազեցվում են պետության եկամուտները, իսկ պետական ծախսերն ու պարտավորությունները տեղափոխվում են «հիմնադրամային» դաշտ։

Համարում ենք, որ գրեթե 30% աղքատություն, աղքատ աշխատողներ և  աշխարհում ամենաբարձր գործազրկության ցուցանիշներից մեկն ունեցող, առողջապահական ապահավորագրության համակարգ չունեցող և մոտ 130 հազ․ դրամ մաքուր միջին աշխատավարձով երկրում անթույլատրելի է պետական սոցիալական ծրագրերը դուրս հանել պետական դաշտից։ Համաձայն ՀՀ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, իսկ ցանկացած սոցիալական ուղղվածություն ունեցող պետություն սոցիալական ծրագրերն իրականացնում է պատշաճ պետական ծախսերով՝ միաժամանակ  սոցիալական պատասխանատվության պարտավորություն դնելով նաև մասնավոր ոլորտի վրա։

Առաջարկում ենք ձեռնարկել քննարկումներ սոցիալական գործընկերների հետ՝ վերամշակելու համար վերոնշված օրենքը։ Օրինակ, զինծառայողների ապահովագրության համար պահանջվող ծախսերը հոգալու համար կարելի է՝ 

– Վերանայել բիզնես հատվածի շահութահարկի դրույքաչափերը և շահութահարկից ձևավորված միջոցներից մի մասն ուղղել զինծառայողների ապահովագրության

– Վերանայել համահարթ հարկման համակարգը

– Մշակել քաղաքականություն՝ հետ բերելու սոցիալական ծրագրերը «հիմնադրամների» դաշտից  պետության դաշտ

– Կրճատել բիզնեսին պարբերաբար տրվող հարկային արտոնությունները

One comment

  1. Pingback: Անանուն

Comments are closed.

%d bloggers like this: