Կառավարությունը հերթական անգամ անտեսում է սոցիալական գործընկերներին, մեծարում ներդրումները՝ միաժամանակ վիրավորելով աշխատողների մեծ մասին

Կառավարությունը հերթական անգամ անտեսում է սոցիալական գործընկերներին, մեծարում ներդրումները՝ միաժամանակ վիրավորելով աշխատողների մեծ մասին

Հունվարի 19-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրություն էր հղել ՀՀ վարչապետին՝ կապված առանց սոցիալական գործընկերների հետ քննարկման և առանց հանրային քննարկումների «դրոշմանիշային» վճարների բարձրացման մասին օրենքի ընդունման հետ։

Գրության մեջ առաջարկել էինք նախաձեռնել քննարկումներ սոցիալական գործընկերների հետ՝ վերամշակելու համար ընդունված օրենքը, մասնավորապես առաջարկել էինք նաև զինծառայողների ապահովագրության համար պահանջվող ծախսերը հոգալու նպատակով վերանայել սոցիալապես անարդար հարկային քաղաքականությունը, իսկ պետական եկամուտները «հիմնադրամների դաշտից» տեղափոխել «պետական դաշտ»։

Գրեթե երկու ամիս անց ստացանք մեր գրության պատասխանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Պատասխանը պետական համակարգի ավանդական ոճի մեջ է՝ բարձրացված ամենակարևոր թեմաների անտեսում, մեր իսկ կողմից արված ձևակերպումների ուղղում դեպի մեզ, համառորեն նույն թեզերի արծարծում և սեփական ճշմարտության մեջ համոզվածություն:

Այսպես, ստացված պատասխանում մոտ մեկ էջ նկարագրվում է այն փաստը, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել, բացատրվում է, ինչու են դրանք ընդունվել, ինչ է իրենից ներկայացնում օրենքը և ինչպես է այն գործելու։ Սակայն մեր բարձրացրած խնդրի մասին, այն է՝  օրենքի փոփոխություններն ընդունվել են փաստացի գաղտնի և հրատապ կարգով, առանց հանրային քննարկման և խախտելով հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, նախարարությունը համառորեն լռում է։ Անտեսվում է նաև մեր առաջարկությունը՝ կազմակերպել քննարկումներ օրենքը վերանայելու հետ կապված։ Գրության մեջ ոչինչ չի ասվում նաև մեր այլ կոչի մասին՝ հետ բերել սոցիալական ծրագրերը «հիմնադրամային» դաշտից  «պետական» դաշտ։

Այնուամենայնիվ, նախարարությունը հարկ է համարել անդրադառնալ համահարթ հարկման քաղաքականությունը վերանայելու մեր առաջարկին՝ ուղիղ երկու էջ բացատրելով, թե ինչու դա չի արվելու։ Բացատրությունը հիմնականում նույնությամբ կրկնում է համահարթ հարկմանն անցման մասին օրենսդրական նախագծի հիմնավորումները, ինչպես նաև դրա հետ զուգակցված այլ հիմնավորումները, որոնք հնչել էին ԱԺ պատգամավորների կողմից։ Նշված հիմնավորումները պարունակում են բազմաթիվ ոչ ճիշտ, չհիմնավորված, մակերեսային պնդումներ և ինչպես միշտ՝ «հեծանիվի հայտնագործում»։ Հիմնական թեզն այն է, որ համահարթ հարկումը իբր օգնելու է  մրցակցության, ներդրումային գրավչության, տնտեսական ակտիվության բարձրացմանը և ստվերային տնտեսության կրճատմանը։ Միաժամանակ, հարկման քաղաքականությունը համեմատվում է ԵԱՏՄ պետություններում և «համադրելի այլ երկրներում» հարկային քաղաքականության հետ, որտեղ շահութահարկը 20% (ՌԴ և Ղազախստան) կամ ավելի պակաս է (Բելառուս – 18%)՝ համեմատ համաեվրոպական միջին ցուցանիշի հետ (~22%)։ Բայց պետք է նշել, որ ԵԱՏՄ-ի այլ երկրները եկամուտների անհավասարության[1], սոցիալական առաջադիմության[2], ստվերային զբաղվածության[3] առումով զիջում են Հայաստանին։ Գլոբալ մրցակցության ինդեքսով[4] ՌԴ-ն և Ղազախստանը Հայաստանի հետ գտնվում են գրեթե նույն հորիզոնականում, այն դեպքում, երբ Բելառուսն ընդհանարապես աշխարհի տնտեսության մաս չի կազմում։ Ավելին, ինչ վերաբերում է ներդրումային ազատությանը, ԵԱՏՄ երկրները անհամեմատելի հետ են Հայաստանից[5] և գտնվում են աշխարհի երկրների ամենացածր հորիզոնականներում, այնինչ Հայաստանի ցուցանիշը միջինից բարձր է։ Այսինքն, ցածր հարկերը ԵԱՏՄ այլ երկրներում դրականորեն չեն նպաստել ՀՀ իշխանությունների կողմից նշվող երևույթների վրա, ուստի այսպիսի հիմնավորումներն իրար հակասող են։ Բացի այդ հասկանալի չէ, որ տրամաբանությամբ են ԵԱՏՄ երկրները համարվում Հայաստանի հետ համադրելի երկրներ։ ԵԱՏՄ այլ երկրներում տնտեսության մեջ մասնավոր հատվածի բաժինն ավելի ցածր է (Բելառուսում և Ղազախստանում՝ նույնիսկ մի քանի անգամ) և խոշոր տնտեսվարողները հիմնականում պետական են։ Դրան գումարած ԵԱՏՄ երկրներից երկուսը մեծամասամբ նավթային տնտեսություններ են, որտեղ պետական եկամուտները ձևավորվում են ահռելի ծավալով վառելիքի արտահանման հիման վրա։ Հետևաբար, այս դեպքում ընդհանրապես անիմաստ է ուսումնասիրել դրանց կորպորատիվ հարկային քաղաքականությունը (շահութահարկ) Հայաստանի հետ համեմատության կոնտեքստում։ 

Ընդհանրապես, չնայած իշխանությունների հիմնավորումներին, համահարթ հարկումը կիրառվում է աշխարհի հատուկենտ երկրներում և բազում հետազոտությունները ցույց են տվել, որ դրա ողջ իմաստը հասարակության մեծ մասի հաշվին խոշոր բիզնեսներին և հարուստներին արտոնություն տալն է։ Ուշագրավ է, որ նախարարությունը վերջիններիս անվանում է «որակյալ» աշխատուժ։ «Պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը գործնականում նշանակում է ավելի մեծ չափով հարկել «որակյալ» աշխատուժը որը բնույթով ավելի արտադրողական է», – նշվում է նախարարության գրության մեջ։ Փաստորեն, իշխանությունները անհարգալից վերաբերմունք են դրսևորում ՀՀ աշխատողների մեծ մասի, ներառյալ ուսուցիչների, գիտնականների, քաղաքացիական ու համայնքային ծառայողների, ծառայություններ մատուցող ընկերություններում աշխատողների հանդեպ՝ նրանց համարելով ոչ «որակյալ» աշխատող, որոնց հարկելը տրամաբանական է։ Ինչպես հասկանում ենք, իշխանությունների տեսանկյունից «որակյալ» և արտադրողական աշխատանք կատարում են միայն ՀՀ նախագահը, Վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները, որոշ բարձրաստիճան պաշտոնյաները և հանրության սակավաթիվ մաս կազմող ծրագրավորողները, և նրանց ուսուցչից կամ գիտնականից ավելի շատ հարկելը անթույլատրելի կլինի։

Այսպիսով, Կառավարությունը մեզ ուղղված գրությամբ, չցանկանալով լսել այլ կարծիք, անտեսում է բարձրացրած խնդիրներից ամենահիմնականները, իսկ տնտեսական բնագավառում փորձում է բոլորին հայտնի գիտելիքները «շուռ տալ», հորինելով իրեն շահավետ զուգահեռ իրականություն։

Մեզ ուղղված գրությունն ամբողջությամն տեսնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

—————

Դիտեք նաև դրոշմանիշային վճարների բարձրացման օրենքի մասին ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանի հարցազրույցը Արմենիա TV հեռուստաընկերության “Սուր Անկյուն” հաղորդաշարին՝


[1] World Bank-ի տվյալներ

[2] Social Progress Imperative

[3] ILO

[4] WeForum – Global Competitiveness index

[5] Heritage Foundation – Investment freedom index

%d bloggers like this: