Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ, թե քանի աշխատող է պատվաստված

Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ, թե քանի աշխատող է պատվաստված

Նախորդ շաբաթների ընթացքում Կառավարությունը հավանություն էր տվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, որոնցով չպատվաստված աշխատողների կողմից սեփական միջոցներով պարբերականորեն ՊՇՌ թեստ չհանձնելը նախատեսում է հետևանքներ՝ ընդհուպ մինչև աշխատանքային պայմանագրի լուծում։ Չնայած օրենսդրական փոփոխությունները բազմաթիվ ռիսկեր են առաջացնում, և այդ մասին արհմիությունները ներկայացրել են դիտողություններ, դրանք անտեսվել են իշխանությունների կողմից։

Այդուհանդերձ, պարզվում է Կառավարությունը տեղյակ չէ, թե ինչպիսին է ՀՀ աշխատողների պատվաստման վիճակագրությունը։ Կառավարության ներկայացրած տվյալներով մոտ 700 հազար անձ արդեն ստացել է առնվազն պատվաստման մեկ դեղաչափ, այնինչ Հայաստանում աշխատողների քանակը մոտ 600 հազար է։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հարցում է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարությանը, խնդրելով տրամադրել տեղեկություն, թե պատվաստում ստացած անձանցից քանիսն են գրանցված աշխատողներ։ Հետաքրքրվել ենք նաև, թե պատվաստվածներից քանիսն են թոշակառուներ։ Ի պատասխան, նախարարությունը հայտնել է, որ այդպիսի վիճակագրության չի տիրապետում։ Այսինքն, չիմանալով հանդերձ, թե աշխատողների շրջանում որքան պատվաստված անձ կա, Կառավարությունը նախաձեռնել է հենց աշխատողների իրավունքներին վերաբերող կարգավորումներ։ Հնարավոր է, որ աշխատողների գերակշիռ մասն արդեն պատվաստված է և այդ դեպքում օրենքի փոփոխությունն ուղղակի անիմաստ է։

Նշենք նաև, որ ոչ բոլոր աշխատողներն են գրանցված և նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։ Խոսքը առավելապես “պլատֆորմային” տաքսի (GG, Yandex) վարորդների մասին է։ Տաս հազարից ավելի այդպիսի վարորդներ մատուցում են հանրային ծառայություն՝ շփվելով քաղաքացիների հետ, ու չեն հանդիսանում որևէ գործատուի աշխատող։ Նախարարությունից հետաքրքվեցինք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում պլատֆորմային տաքսիների վարորդներին պատվաստելու համար։ Նախարարությունը պատասխանում է, որ ծառայությունների չպատվաստված աշխատողների համար գործում է 14-օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։ Փաստորեն, նախարարության ներկայացուցիչները կամ տեղյակ չեն, որ պլատֆորմային վարորդները չեն հանդիսանում այդ պլատֆորմերի աշխատողներ, կամ միտումնավոր խուսափում են պատասխանից, քանի որ տվյալ անձանց պատվաստելուն ուղղված որևէ միջոց չի ձեռնարկվել։

%d bloggers like this: