Կառավարությունը մերժել է արհմիության առաջարկներն ու հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը մերժել է արհմիության առաջարկներն ու հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին

Հոկտեմբերի 19-ին տեղի էր ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ քննարկում՝ կապված Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի հետ, համաձայն որոնց աշխատողներին սեփական միջոցների հաշվին ՊՇՌ թեստավորման պահանջը նախատեսվում է ամրագրել օրենքներում, իսկ սանիտարական կանոններով սահմանված պահանջներից հրաժարվելու դեպքում նախատեսվում են հետևանքներ՝ ընդհուպ մինչև աշխատանքից հեռացում։

Եռակողմ քննարկման արդյունքներով արհմիություններին առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ դիտարկումները Կառավարությանն ուղարկել նաև պաշտոնական գրությամբ, որից հետո Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն իր առաջարկներն ուղարկեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ դրանք հրապարակելով նաև e-draft համակարգում։

Ինչպես երևում է e-draft հարթակի տեղեկատվությունից, Կառավարությունը չի ընդունել արհմիության առաջարկներից գրեթե ոչ մեկը, ընդ որում մերժման հիմքերը ուղղակիորեն կապված չեն մեր առաջարկությունների հետ։ Իսկ արդեն այսօր՝ նոյեմբերի 4-ին Կառավարությունը հավանություն տվեց օրնեսդրական նախագծերին։

Ստորև համառոտ նկարագրենք մեր առաջարկություններն և դրանց մերժման հիմնավորումները, որոնք տեղադրվել են e-draft համակարգում։

—————

1․ Արհմիությունը դեմ է ՊՇՌ թեստավորումը աշխատողների հաշվին անելու պարտադրանքին։ Համարում ենք, որ հետազոտումը պետք է կատարվի գործատուի հաշվին։ Միաժամանակ առաջարկում ենք ավելի հաճախ հետազոտել աշխատողներին, քան 14 օրը մեկ։

Կառավարությունը չի ընդունում առաջարկը, հղվելով ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ցուցումներին, համաձայն որի աշխատավայրում աշխատողների թեստավորումը հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով առավել արդյունավետ գործիք է։

2․ Արհմիությունը անթույլատրելի է համարում առաջարկվող կարգավորումը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ Մասնավորապես, հղի աշխատողների դեպքում, հետազոտման պահանջից ազատվելու նպատակով աշխատողը ստիպված կլինի գործատուին բացահայտել իր՝ հղի լինելու փաստը, ինչի ցանկությունն աշխատողը կարող է չունենալ, և դա իր իրավունքն է։

Կառավարությունը չի ընդունել առաջարկը բավականին երկար և ոչ այդքան իրավական բացատրություններով, որոնց միտքը մոտավորապես հետևյալն է՝ հանրային առողջության հետ կապված “բարի նպատակներին” հասնելու համար անձնական տվյալների մշակումը կարող է արդարացված լինել։

3․ Արհմիությունն անտրամաբանական է համարում մինչև 18 տարեկան անձանց վրա նախագծով սահմանված կարգավորումների չտարածելը։

Կառավարությունը հակադարձում է, որ մինչև 18 տարեկան աշխատողներն այնքան քիչ են, որ համաճարակաբանության տեսանկյունից կարևորություն չեն ներկայացնում։

4․ Արհմիությունը համոզված չէ, որ կա վիճակագրություն, թե մոտ 600 հազար պատվաստում ստացած քաղաքացիներից քանիսն են աշխատողներ և գուցե աշխատողների մեծ մասն արդեն ստացել է պատվաստում։

Կառավարությունը պատասխանում է, որ քաղաքացիները պետք է ոչ միայն մեկ դեղաչափ ստանան, այլ երկու։

5․ Արհմիությունն առաջարկել է նար ձեռնարկել հետևյալ միջոցները

  • Անհրաժեշտ է պոլիկլինիկաների կողմից կազմակերպել այցելություններ իրենց կցագրված բոլոր քաղաքացիներին, հատկապես 60-ից բարձր տարիքի՝ բնակչության շրջանում պատվաստման անհրաժեշտության մասին բացատրական աշխատանք տանելու համար։
  • Հատուկ ուշադրություն դարձնել տաքսի ծառայությունների, տրանսպորտի, առևտրի, հանրային սնունդի և ժամանցի ոլորտներում թե՛ աշխատողների, և թե՛ այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելու վրա։
  • Խրախուսել այն գործատուներին, որոնց աշխատողների առնվազն 85%-ը պատվաստված են։

Կառավարությունը չի ընդունել առաջարկները, պնդելով, որ պոլիկլինիկաների աշխատողներին արդեն իսկ տանում են իրազեկման աշխատանքներ, հանրային ծառայությունների ոլորտում արդեն իսկ տեսչական մարմինները ստուգումներ են իրականացնում, իսկ 85%-ից ավել պատվաստման ցուցանիշ ունեցող կոլեկտիվը արդեն իսկ ինքնին խրախուսանք է գործատուի համար։

2 Comments

  1. Pingback: Առողջապահության նախարարությունը տեղյակ չէ, թե քանի աշխատող է պատվաստված

  2. Pingback: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին չքվեարկել Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների օգտին

Comments are closed.

%d bloggers like this: