Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրությամբ դիմել է Ազգային Ժողովի պատգամավորներին, ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին՝ կոչ անելով չքվեարկել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին օրենսդրական նախագծին, որով սահմանվում է, որ իրենց ֆինանսական միջոցների հաշվին պարբերաբար ՊՇՌ թեստ չներկայացնող և չպատվաստված աշխատողների աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել գործատուի կողմից։
Շեշտել ենք մեր մոտեցումը, որ նշված նախագիծը ներկա խմբագրությամբ ընդունելը պարարտ հող է ստեղծելու գործատուի կողմից կամայականությունների դրսևորման համար։ Ակնհայտ է, որ կան աշխատողներ, ինչպիսիք են գործատուի մտերիմները, բարեկամները (փոքր և միջին կամ ընտանեկան ձեռնարկություններում, մասնավոր ոլորտում), բարձր մասնագիտական կարողություններով գործատուի համար արժեքավոր աշխատողները, որոնց գործատուն ոչ մի պարագայում աշխատանքից չի ազատելու, նույնիսկ եթե նրանք չներկայացնեն ՊՇՌ թեստեր և պատվաստված չլինեն։ Իրավական ճիշտ ձևակերպումը նման դեպքերում գտնելը բարդ չէ, օրինակ՝ աշխատողին կարելի «ուղարկել հեռավար աշխատանքի»։
Միևնույն ժամանակ, գործատուն ոչ հարմար կամ ոչ ցանկալի աշխատողներին աշխատանքից ազատելու համար կարող է հեշտությամբ չարաշահել վերը նշված օրենսդրական նախագծի դրույթները, այդպիսով, տարբեր աշխատողների միջև ստեղծելով անհավասար և անարդար պայմաններ։ Բացի այդ, անհասկանալի է, թե հանրային առողջապահական ճգնաժամի տեսանկյունից ինչ էական խնդիր է լուծվելու չպատվաստված աշխատողներին աշխատանքից հեռացնելը, քանի որ տվյալ անձինք միևնույն է շարունակելու են մնալ չպատվաստված։
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսին, նշված օրենսդրական նախագծի վերաբերյալ կայացավ սոցիալական գործընկերների միջև եռակողմ քննարկում, որի ընթացքում և՛ Գործատուների միության, և՛ Արհմիությունների ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին նախաձեռնությանը։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ևս դեմ է արտահայտվել այդ խմբագրությամբ օրենսդրական նախագծին, սակայն սոցիալական գործընկերների դիտարկումները, այնուամենայնիվ, հաշվի չեն առնվել, չնայած ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և 2020թ․ հոկտեմբերի 5-ին կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրին։
Գրությունն ամբողջձությամբ հասանելի է այստեղ։