Մատենադարանի աշխատողների արհմիության առաջարկներն օրենսդրական նախագծի վերաբերյալ

Մատենադարանի աշխատողների արհմիության առաջարկներն օրենսդրական նախագծի վերաբերյալ

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի «նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին»:

Այնուհետև բացատրվում է այդ չափորոշիչների անհրաժեշտությունը․ «Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական կադրերի արդյունավետության նվազագույն նոր պայմաններ ըստ գիտական պաշտոնների տարակարգերի՝ հաշվի առնելով բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները, մասնավորապես, որակավորում անցած գիտական կադրերի աշխատավարձի աստիճանական ավելացման վերաբերյալ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի N 747-Լ որոշումը»:

Մատենադարանի աշխատողների արհմիությունը ներկայացնում է նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները, որոնք շարադրված են ստորև։

“Այս ամենը գուցե նույնիսկ ոգևորեր, եթե չլիներ գիտաշխատողին ընձեռած հնարավորությունների և այս պահանջների անհամապատասխանությունը։ Այնպիսի տպավորություն է, որ նախագիծ գրողները տեղյակ չեն հայաստանյան կրթական համակարգի, հայաստանյան գիտական գրադարանային ֆոնդերի ու ռեսուրսների մասին ու հումանիտար ոլորտից:

Արտաքուստ թվում է, թե այս չափորոշիչների նպատակը գիտության միջազգայնացումն է, սակայն նախագծի ռազմավարությունը մշակված է ոչ թե ինչպես բարեկարգել ոլորտը, այլ ինչպես չվճարել գիտաշխատողին սկզբունքով, և գիտության ցածր որակի մեղքը պետությունից վերցվում և դրվում գիտաշխատողի ուսերին”։

Արհմիությունը հերթով անդրադառնում է նախագծում ներկայացված պահանջներին ու նպատակներին․

1. 3-րդ կետով սահմանվում է գիտաշխատողների հինգ տարակարգ՝ կրտսեր գիտական աշխատող. 2) գիտական աշխատող. 3) ավագ գիտական աշխատող. 4) առաջատար գիտական աշխատող. 5) գլխավոր գիտական աշխատող։

Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ այն վերցված է Ռուսաստանի գիտության ակադեմիայի 2018 թվականին հրապարակած չափորոշիչներից, բայց հասկանալի չէ, թե ինչու են պահանջները ավելի ուռճացվել «նվազագույնի» անվան տակ, երբ անհամեմատ մեծ ռեսուրսներ ունեցող Ռուսաստանը ավելի համեստ պահանջներ է ներկայացնում։

Հասկանալի չէ նաև Ռուսաստանի չափորոշիչները պատճենելու միտումը․ արդյոք դրանք իրենց արդարացրել են, եթե այո, ինչպե՞ս։

Համեմատենք.

Ռուսաստանի ակադեմիական աստիճանակարգումը կատարվում է հետևյալ սկզբունքով և չափանիշներով՝ ըստ կոչումի, ստաժի, հինգ տարվա մեջ հրապարակած հոդվածների քանակի

1.младший научный сотрудник (junior researcher) _ գիտության թեկնածու կամ երեք տարվա ստաժ, մեկ հոդված հինգ տարում

2.научный сотрудник (researcher) _ գիտության թեկնածու կամ հինգ տարվա ստաժ, երեք հոդված հինգ տարում

3. старший научный сотрудник (senior researcher) _ գիտության թեկնածու կամ տասը տարվա ստաժ, հինգ հոդված հինգ տարում

4.ведущий научный сотрудник (leading researcher) _ գիտության դոկտոր կամ առանձին դեպքերում գիտության թեկնածու, յոթ հոդված հինգ տարում

5.главный научный сотрудник (principal researcher) _ գիտության դոկտոր, տասը հոդված հինգ տարում

Աակադեմիական աստիճանակարգումը ՀՀ գիտության պետության կոմիտեի նախագծի համաձայն կատարվում է հետևյալ սկզբունքով և չափանիշներով՝ ըստ կոչումի, ստաժի, հինգ տարվա մեջ հրապարակած հոդվածների քանակի

1.կրտսեր գիտական աշխատող _ գիտական աստիճան կամ մագիստրոսի որակավորում, —

2.գիտական աշխատող _ գիտության թեկնածու կամ մագիստրոսի որակավորում և երեք տարվա ստաժ, 5 հոդված 5 տարում

3.ավագ գիտաշխատող _ գիտությունների թեկնածու կամ 7 տարվա ստաժ, 8 հոդված 5 տարում

4.առաջատար գիտաշխատող _ գիտական աստիճան և 15 տարվա ստաժ, 10 հոդված 5 տարում

5.գլխավոր գիտաշխատող _ գիտական աստիճան և 20 տարվա ստաժ, 20 հոդված 5 տարում:

2. «Գիտական կադրերի որակավորման գնահատման նոր չափանիշները մեծապես պայմանավորված են գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով»:

Հրաշալի պայման է, սակայն ինչպես են ձևավորվում ժամանակակից մեթոդներն ու գիտելիքները․ հումանիտար ոլորտում ցանկացած ուսումնասիրություն սկսվում է գրքից, հետևաբար՝

• ի՞նչ գրադարանային ֆոնդեր ունեն հայաստանյան գիտական գրադարանները,

• ուսումնասիրվե՞լ է, թե գիտական ինչ գրականություն է մտնում հայկական գրադարաններ և ինչ հաճախականությամբ,

• արդյո՞ք հայկական գիտական կազմակերպությունները մուտք ունեն օնլայն գրադարանային ցանցեր։

Եթե այս ամենը արվել է, ապա պետք է պարզ լիներ, որ այս չափորոշիչներն ու հումանիտար ոլորտի ռեսուրսները չեն համընկնում, հետևաբար գիտաշխատողները մինչև այս չափորոշիչներին համապատասխանելը իրավունք ունեն պահանջելու նաև համապատասխան պայմանների բարելավում։

Այս չափորոշիչներին պետք է նախորդեին հետևյալ քայլերը՝

1.համապատասխան գրականությամբ գրադարանային ֆոնդերի ապահովում,

2.համաշխարհային առաջատար շտեմարաններ մուտքի իրավունք,

3.հայկական գիտական ամսագրերի վարկանիշի բարձրացում, որոնք բավարարում են Գիտության պետական կոմիտեի պահանջները և միջազգայնորեն ընդունելի են։ Այլապես հայկական գիտական ամսագրերը կվերածվեն պարապ վախտի խաղալիքի՝ հայաստանյան գիտական ոլորտում անդեր գոյության պատճառով և շատ արագ նրանց գոյությունը կդառնա իմաստազուրկ, իսկ գիտաշխատողի աշխատանքը բնույթը կլինի աշխատանք հանուն սկոպուսի։ Համեմատության համար առաջարկում ենք ուսումնասիրել գիտությունը միջազգանացնելու հարևան երկրների փորձը՝ սեփական սկոպուսային և բարձր ինդեքսային ասմագրերի կազմակերպումը։

Առաջարկում ենք, որպես այս չափորոշիչներին նախորդող քայլ գիտության ակադմիայի և գիտական մյուս հիմնարկությունների ամսագրերը դարձնել միջազգայնորեն ընդունելի և գիտաշխատողին սկոպուսային բիզնես պարտադրելու փոխարեն՝ գումար ներդնել հայաստանյան գիտական ամսագրերը որակյալ դարձնելու համար։

Հակառակ դեպքում Հայաստանյան գիտությունը գիտնականների միջոցով միջազգայնացնելու միտումը՝ առանց համապատասխան պարտադիր նախորդ քայլերի միտումներն ու պահանջները անհասկանալի են։

3. Պարզ հաշվարկի համար դիտարկենք ավագ գիտաշխատողի դեպքում սկոպուսային հոդվածների պահանջն ու դրանց արժեքը ավագ գիտաշխատողի գրպանի համար, և ժամանակային գործոնը։

Հինգ տարում ավագ գիտաշխատողից պահանջվում է ութ սկոպուսային հոդված։

Ժամանակային հաշվարկ

Հաշվարկված չեն առաջատար գիտական ամսագրերում տպագրման հանձնման կանխատեսվող ժամկետները։ Այսպես, առաջատար ամսագրերում գործում է տպագրվող հոդվածների քննարկումների վեցամսյա ժամանակահատված (Peer review), որից հետո ևս կես տարի հոդվածը ենթարկվում է խմբագրումների և մշակումների։ Արդյունքում՝ մեկ սկոպուսային հոդված տպագրելու համար գիտնականին անհրաժեշտ է առնվազն 1-1.5 տարի։ Հինգ տարում գիտաշխատողը հնարավորություն կունենա տպագրելու առավելագույնը 3 հոդված։

Չենք անդրադառնում հումանիտար ոլորտում, հատկապես միջնադարագիտության մեջ մեկ սկզբնաղբյուր գտնելու և դրան հասնելու վրա ծախսված հսկայական ժամանակը արտասահմանում գտնվող ձեռագրապահոցների, արխիվային փաստաթղթերին հասնելու համար, որոնք արվում են գիտաշխատողի ջանքերի, անհատական կապերի ու գումարի հաշվին՝ ի տարբերություն միջազգային գիտական հիմնարկների, որտեղ նման ծախսերը հոգում է գիտական հիմնարկությունը, ասել է թե՝ պետությունը։ Ամենապարզ հաշվարկով մեկ միջանդարագիտական հոդվածի համար կարող են պետք գալ մի քանի հայկական ձեռագրեր, որոնցից մեկը գտնվում է Վիեննայում, մեկը՝ Բոդլայն գրադարանում, մյուսը, ենթադրենք, Մյունխենում, և այլն։

Գումարային հաշվարկ

• 10 էջանոց մեկ հոդվածի թարգմանությունը 50-70 հազար դրամ է

• 8 x 600 եվրո (մեկ հոդվածի տպագրության արժեքը) = 4800 եվրո սկոպուսում տպագրության արժեքը

• 4800 = 2,433,600.00 AMD

• 8 հոդվածի թարգմանության ծախսը = 400.000-560․000 AMD

• Ընդհանուր ծախսը մեկ գիտաշխատողի համար մոտ երեք միլիոն դրամ է, որը նրա տասնութ ամսվա աշխատավարձն է։

Հարց է առաջանում, թե ո՞վ է վճարելու այս ծախսերը՝ գիտաշխատո՞ղը, թե՞ Գիտության պետական կոմիտեն։

4. Գիտպետկոմի պահանջների մեջ շեշտադրված են գիտաշխատողի պարտադիր կապերը արտասահմանյան գործընկերների հետ, բայց չգիտես ինչու, ոչինչ չի ասվում պետական գիտական ինստիտուցիաների՝ միջազգային պրոյեկտներում ներառվելու և իր գիտական կազմին նման թիմային աշխատանքներում ներառելու մասին։ Ինչո՞ւ բարեփոխումներ չեն նախատեսվել այս ոլորտում, ինչո՞ւ է ամեն ինչ դրվում գիտաշխատողի անհատական նախաձեռնության վրա։

%d bloggers like this: