Առաջարկում ենք վերանայել սոցծախսերի փոխհատուցման կարգավորումները

Առաջարկում ենք վերանայել սոցծախսերի փոխհատուցման կարգավորումները

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 156 հոդվածի՝ ուժի մեջ է մտել ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագիր (հաշվարկ) ներկայացնելու պահանջը։

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N1067-Ն որոշմամբ սահմանված է, որ ֆիզիկական անձի կողմից վերը նշված հայտարարագիրը ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձը ստանում է իր և իր ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի (առողջության ապահովագրական փաթեթ, ուսման վճար) փոխհատուցման իրավունք։ Որոշմամբ սահմանված է, որ փոխհատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի սոցիալական ծախսի հետ կապված հաշվարկային փաստաթղթում ներառված լինեն ծառայությունը ստացող ֆիզիկական անձի և սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։

Մեր միության անդամներից ստացել ենք ահազանգեր այն մասին, որ ֆիզիկական անձինք եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց չեն կարողանում օգտվել զավակի ուսման վճարի փոխհատուցման իրավունքից։ Պատճառն այն է, որ շատ դեպքերում, թեպետ վճարը տրամադրել է ծնողը, ուսման վճարի վճարման բուն գործընթացը կատարել են նրանց զավակները։ Նման դեպքերում ուսումնական հաստատությունները դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ներառում են միայն ուսանողի (վճարողի) անձնական տվյալները։

Ստացվում է, որ չնայած 2023 թվականի հայտարարագիր ներկայացնող հայտարարատու անձը ընտանիքի անդամի համար կատարել է սոցիալական ծախս, բայց այդ ծախսի փոխհատուցումից զրկվում է վճարման գործընթացը ոչ անձամբ կազմակերպելու պատճառով։

Հաշվի առնելով, որ շատ դեպքերում ուսման վարձի վճարի մուտքագրումը կատարում են հենց ուսանողները, կարևորելով բոլոր հայտարարատու անձանց կողմից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքն իրացնելու հնարավորությունը և, ղեկավարվելով «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ով, ՀՀ կառավարությանն առաջարկում ենք 2023 թվականի հունիսի 29-ի N1067-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ հնարավորություն տալով հայտարարատու ֆիզիկական անձանց փոխհատուցում ստանալ զավակների ուսման վճարի համար այն դեպքերում, երբ հաշվարկային փաստաթղթերում ներառված է միայն ուսման ծառայությունը ստացողի անձնական տվյալները։ 

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading