Կոչ ենք անում աշխատողների PCR թեստավորման գործընթացը կազմակերպել oրենքի սահմաններում

Կոչ ենք անում աշխատողների PCR թեստավորման գործընթացը կազմակերպել oրենքի սահմաններում

Մի քանի օր է, ինչ պաշտոնատար անձինք հայտարարում են, որ հոկտեմբեր ամսից չպատվաստված աշխատողներին պարտադրվելու է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։

Կառավարության մտադրությունը՝ ավելացնել պատվաստման տեմպերը տարբեր խթանող միջոցառումներ նախատեսելով՝ ողջունելի է։ Սակայն գտնում ենք, որ աշխատողներին իրենց հաշվին ամիսը երկու անգամ թեստ հանձնել պարտավորեցնելն անօրինական է։ 

Վերոնշված հարցի վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել է Կառավարությանը՝ կոչ անելով աշխատողների թետավորման գործընթացը կազմակերպել օրենքի շրջանակներում։

Վկայակոչել ենք, մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքի Հոդված 249-ը, որի համաձայն՝

«Այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն` գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան: 

Գործատուն պարտավոր է հաստատել այն աշխատողների ցանկը, որոնք ենթակա են պարտադիր բժշկական զննության, և առողջությունը վերահսկող կազմակերպության հետ համաձայնեցնել բժշկական զննություն անցնելու ժամանակացույցը: Բժշկական զննություն անցնելու ժամանակացույցին աշխատողները ծանոթացվում են ստորագրությամբ:

Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին»:

Գրությունը հասանելի է այստեղ։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Մինչ մեր գրության պատասխանը ստանալը, մեկ այլ հարցմամբ պարզեցինք, որ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջն արդեն սահմանվել է Առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 25-ի թիվ 65-Ն հրամանով, որով փոփոխություն է կատարվել փոփոխություններ են կատարվել 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։

Մեր գրությանն ի պատասխան ստացել ենք գրություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Պատասխանում նշվում է, որ պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության կարգը սահմանված է ՀՀ կառավարության 27․03․2003 N347-Ն որոշմամբ, որով սահմանված ցանկում ներառված չէ COVID-19 ՊՇՌ հետազոտությունը։ Նախարարությունը նաև նշում է, որ ԿՈՎԻԴ հիվանդությունը ոչ միայն աշխատավայրում մասնագիտական  ռիսկի գործոններով է պայմանավորված, այլ տարածված է բնակչության ողջ շրջանում, հետևաբար Աշխատանքային օրենսգրքի Հոդված 249-ի կարգավորումից դուրս է։

One comment

  1. Pingback: Առողջապահության նախարարությունը հարկադրում է ՀՀ աշխատողներին իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել

Comments are closed.

%d bloggers like this: