Ինչպես արդեն հայտնել էինք, օգոտսոսի 23-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել էր Կառավարությանը՝ կոչ անելով աշխատողների թեստավորումը կատարել օրենքի շրջանակներում։ Ավելի վաղ պաշտոնատար անձնինք հայտարարություններ էին անում, որ հոկտեմբեր ամսից չպատվաստված աշխատողներին պարտադրվելու է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։
Ի պատասխան մեր դիմումին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ աշխատանքի հետ կապված պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 27.03.2003 N 347-Ն որոշմամբ , իսկ տվյալ որոշման մեջ ներառված չէ COVID-19 հիվանդության ՊՇՌ լաբորատոր հետազոտություն, հետևաբար աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումը կիրառելի չէ։ Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին պատասխանել է, որ 14 օրը մեկ թեստավորումն անհրաժեշտ է վարակի տարածումը սահմանափակելու համար, և կարգավորվում է համաճարակային և կարանտինի հետ կապված օրենսդրությամբ։
Մինչև նշված պատասխաններ ստանալը, սակայն, մեկ այլ հարցմամբ պարզեցինք, որ աշխատողների կողմից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունքների ներկայացումը սահմանվել է Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով, որով փոփոխություններ են կատարվել 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։ Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է կարգավորում, ըստ որի ՀՀ բոլոր չպատվաստված աշխատողները պետք է իրենց միջոցների հաշվին թեստավորում անեն։
Հիշեցնենք, որ 2020թ․ հոկտեմբերի 5-ին Կառավարության, ՀԱՄԿ-ի և Գործատուների հանրապետական միության միջև ստորագրվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը, որը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։ Սակայն նման քննարկում տեղի չի ունեցել։ Այսպիսով, Նախարարի նշված հրամանը խախտում է Հանրապետական կոլետկիվ պայմնագիրը։ Գտնում ենք նաև, որ նման որոշումը հակասահմանադրական է։