Սույն թվականի մարտի 5-ին ահազանգել էինք ՀՀ վարչապետին այն փաստի առթիվ, որ Խնայբանկի ավանդի փոխհատուցման շահառուներին «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղերը 1900 դրամ են առաջարկում վճարել, որպեսզի կատարվի փոխհատուցման հետ կապված նախատեսված թղթաբանությունն ու գործընթացները։
Մեր գրությունը Վարչապետի հանձնարարականով վերահասցեավորվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և կենտրոնական բանկ։
Մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՎՏԲ բանկի կողմից կատարվող գործողությունները դուրս են նախարարության լիազորությունների շրջանակներից և խորհուրդ է տվել դիմել ՎՏԲ բանկ։
Այս պատասխանից ստացվում է, որ կամ Վարչապետի աշխատակազմը տեղյակ չէ պետական գերատեսչությունների լիազորություններից և սխալ է վերահասցեավորել մեր ահազանգը, կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունը փորձում է խուսափել խնդրի լուծումից։
Հիշեցնենք, որ 82 և ավելի տարիքի թոշակառուները ստիպված են ՎՏԲ բանկ դիմել տեղեկանք ստանալու համար, դա է պահանջում ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, և հենց այդ բանկին է լիազորված Խնայբանկում ավանդ ունենալու մասին տեղեկանքի տրամադրումը։ Պետության հիմնական պարտավորություններից է կարգավորել առհասարակ բանկերի և մասնավոր ոլորտի կողմից մատուցվող ծառայությունները, դրանց վճարներն ու ժամկետները, առավել ևս այն դեպքում, երբ այդ ծառայությունները ուղղակիորեն վերաբերվում են կառավարությամբ սահմանված սոցապահովություն միջոցառումներին և առնչվում են առավել խոցելի խմբերին։ Ինչպես արդեն նշել էինք վարչապետին ուղղված նամակում՝ բանկ դիմող շահառուները ՀՀ միջին կյանքի տևողության ցուցանիշից շատ ավելի բարձր տարիքի կենսաթոշակառուներ են, որոնց մեծ մասը գտնվում է աղքատության շեմին և չունի վարչարարության հետ կապված բարձր իրավական գիտելիքներ, որպեսզի տարբերի մասնավոր ծառայությունը օրենքով սահմանված վճարից։ Այդպիսով, բանկը պետության կողմից սահմանված հասանելիք սոցապահովության միջոցառման հարցով դիմողներին ոչ միայն մոլորության մեջ է գցում, այլև կատարում է էթիկական նորմերին խիստ հակասող գործողություն՝ ստիպում է դիմողներին առնվազն 90 օրով ավել սպասել միջոցառմամբ սահմանված գործընթացների ավարտին։
Հայտնի են բազում դեպքեր, երբ Կառավարության որոշմամբ պետության կողմից սահմանված գործառույթները կատարելու համար կարգավորվում են բանկերի ծառայությունների սակագները։ Օրինակ, Կառավարության որոշմամբ սահմանվում են ՀՀ բանկերի կողմից կենսաթոշակների պարբերաբար վճարման հետ կապված ծառայությունների առավելագույն սակագները։ Սահմանված են նաև սոցիալական փաթեթի կամ կոմունալ վճարումների հետ կապված բանկերի կողմից տրամադրվող անվճար ծառայությունները։ Ինչպե՞ս է ստացվում, որ որոշ դեպքերում ծառայությունների կարգավորումները կառավարության լիազորություն է, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերթական անգամ մոռանում է, որ Կառավարությունն է արհմիությունների սոցիալական գործընկերը, այլ ոչ թե բանկերը։ Երբ ՀՀ խոշորագույն հանրապետական արհմիություններից մեկի նախագահը քաղաքական լուծում պահանջող հարցով դիմում է ՀՀ վարչապետին, Նախարարության կողմից բանկին դիմելու մասին խորհուրդը ցույց է տալիս պատասխանատուների ոչ կոմպետենտ լինելը։
Տպավորություն է, որ Կառավարությունը կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միտումնավոր է կազմակերպել գործընթացը տվյալ կերպով՝ ՎՏԲ բանկի համար հավելյալ շահույթ ապահովելու նպատակով։
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ վերոնշյալ խնդրի վերաբերյալ կատարել ենք մեր սեփական հետաքննությունը և դրա արդյունքներով դիմել ենք ՀՀ տնտեսական մրցակցության պահպանման պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)։ Բանն այն է, որ 2001թ․ ՀՀ կառավարության որոշմամբ Հայխնայբանկը մասնավորեցվել է։ Կառավարությունը որոշել է, որ մասնավոր գնորդը պետք է գույքագրի ավանդատուների անձնական տվյալների ու նրանց ավանդների մասին տեղեկություններն ու ստեղծի համակարգչային բազա։ Տվյալ բազան, ինչպես հասկանում ենք, տրվել է հենց բանկի մասնավոր գնորդի։ Հետագայում արդեն բանկը վերավաճառվել է ՎՏԲ-ին։ Փաստորեն, պետական բանկում դրված և պետության կողմից փոխհատուցվելիք ավանդների և այդ ավանդատուների մասին տվյալների բազան հայտվել է կամայական մասնավոր (իսկ ավելի ճիշտ՝ օտար պետությանը պատկանող) բանկի ձեռքում։ 2001թ․-ի ինչպես նաև 2014թ․ կառավարության որոշումների արդյունքում ստացվել է, որ մեկ կամայական մասնավոր (այն էլ՝ ռուսական պետական) բանկին, որը բնավ Խնայբանկի իրավահաջորդը չէ, շնորհվել է գերիշխող դիրք և անձնական տվյալների տնօրինման իրավունք։ Քաղաքացիները, պետական բանկում բացված ավանդի փոխհատուցումը պետությունից ստանալու համար ստիպված են դիմել հենց այդ մեկ բանկին՝ այդպես է պահանջում օրենքը։ Բանկն էլ իրեն իրավունք է վերապահել քաղաքացիներից գումար և այդ գործընթացը Կառավարությունը դեռևս հրաժարվում է կարգավորել։ Ուշագրավ է, որ ՏՄՊՊՀ-ից ստացված պատասխանում հաղորդվում է, որ տվյալ խնդիրը իրենց լիազորոթյուններից դուրս է, թեպետ մեր տրամադրված տեղեկություններից պարզ երևում է, որ խոսքը վերաբերվում է հենց պետական մարմնի կողմից այնպիսի գործողությունների, որոնց արդյունքում բանկին գերիշխող դիրք է շնորհվել։ Իսկ դա ՏՄՊՊՀ-ի ուղղակի լիազորությունների շրջանակներում է։