Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի Ն-460 որոշման համաձայն, մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում։ Փոխհատուցումը ստանալու համար շահառուն պետք է ի թիվս այլ փաստաթղթերի սոցիալական աջակցության կենտրոն ներկայացնի տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։
Մենք տեղեկություններ ենք ստանում, որ երբ նշված որոշման շահառուներն ավանդի վերաբերյալ տեղեկանքը ստանալու նպատակով այցելում են «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղեր, բանկի կողմից նրանց առաջարկվում է վճարել 1900 դրամ և այլևս չմտահոգվել, մինչև որ, ինչպես բանկն է հայտնում, երեք ամսվա ընթացքում փոխհատուցումը կտրամադրվի դիմողին։ Սովորաբար թոշակառուները վճարում են այդ գումարը, համոզված լինելով, որ այդպես է պահանջում օրենքը։
Մեր ուսումնասիրություններից, սակայն, պարզվել է, որ բանկը քաղաքացուն առաջարկում է ստորագրել լիազորագիր, որով ավանդի փոխհատուցման շահառուն լիազորում է բանկին իր անունից 90 օրվա ընթացքում դիմել Սոցիալական աջակցության տարածքային բաժիններ՝ փոխհատուցումը ստանալու համար։
Փաստորեն ստացվում է, որ “ՎՏԲ-Հայաստան” բանկը քաղաքացիներին, ովքեր հանդիսանում են 82 և դրանից բարձր տարիքի թոշակառուներ, հաճախ գտնվում են աղքատության շեմին, չունեն բարձր իրավական գիտելիքներ, օրենսդրության ու պետական վարչարարության հետ կապված խորը իրազեկվածության մակարդակ, “ոտքի վրա” փաստաթղթեր է առաջարկում ստորագրել և գումար վճարել։ Այդպիսով, բանկը տարեց հաճախորդներին մոլորության մեջ է գցում՝ չարաշահելով վերջիններիս վստահությունը․ շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ բանկն իրենց պարզապես մասնավոր ծառայություն է առաջարկում, և որ գոյություն ունի այլընտրանք՝ հետագա գործողությունները կատարել ինքնուրույն, անվճար և ավելի արագ։
Շահույթ հետապնդող բանկի այս աճպարարությունը ստիպում է նաև ՀՀ միջին կյանքի տևողության ցուցանիշից շատ ավելի բարձր տարիքի անձանց ևս երեք ամիս սպասել իրենց հասանելիք ավանդի փոխհատուցումը ստանալու համար։
Վերը նշվածի առիթով Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը գրություն է հղել Վարչապետին՝ առաջարկելով արգելել վճարովի մասնավոր ծառայություններ մատուցել ավանդների դիմաց փոխհատուցման գործընթացի համար դիմող քաղաքացիներին։
Pingback: Կառավարությունն օգնում է «ՎՏԲ»-ին հավելյալ շահույթ ստանալ թոշակառուների հաշվին