Պետական ապարատի աշխատողների վարձատրության քաղաքականության վերաբերյալ

Պետական ապարատի աշխատողների վարձատրության քաղաքականության վերաբերյալ

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ բարձրացնելով պետական ապարատի աշխատողների վարձատրության, պարգևատրումների և սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք խնդիրներ։

Անցյալ տարի, Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր տարածած հայտարարությանն ի պատասխան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել էր, որ նախատեսվում է հանրային ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի վերանայում։ Այդ տեղեկությունը հույս էր ներշնչում, որ վերջապես ուշադրության կենտրոնում կհայտնվեն հանրային ծառայության ոլորտի աշխատողների խնդիրները։

Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս «վերանայումը» փաստացի հանգեցրել է միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության զգալի ավելացմանը և միլիոնավոր դրամների հասնող պարգևատրումների տրամադրմանը։ Միևնույն ժամանակ՝ ցածր և միջին օղակի աշխատողներից շարունակում ենք բողոքներ ստանալ, որ նրանցից շատերը չեն ստացել նույնիսկ մեկ աշխատավարձի չափով պարգևավճար, թեև հենց նրանք են իրականացնում գերատեսչությունների հիմնական ամենօրյա աշխատանքը։

Մենք չենք առարկում, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է լավ վարձատրվեն։ Սակայն անընդունելի և անարդար է, երբ գերատեսչությունների արդյունքներն ապահովող աշխատողների մեծ մասը դուրս է մնում պարգևատրումների արդար բաշխումից։ Այս մոտեցումը խորացնում է արդեն իսկ մեծ տարբերությունը տարբեր մակարդակների հանրային ծառայողների վարձատրությունների միջև և առաջացնում արդարացի դժգոհություն աշխատողների շրջանում։

Խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Սոցիալական երաշխիքների համակարգում կատարված փոփոխությունների հետևանքով պետական աշխատողների մի մասի վրա դրվել է հավելյալ ֆինանսական բեռ։ Մասնավորապես, նախկինում անվճար առողջության ապահովագրություն ունեցող սոցփաթեթի շահառուներն այժմ պետք է դրա համար վճարեն 10 800 դրամ, այն դեպքում, երբ նախկինում ապահովագրություն չունեցող այլ անձինք վճարում են ընդամենը 4 800 դրամ։ Այսպիսի կարգավորումները ոչ միայն չեն բարելավում սոցիալական պաշտպանությունը, այլ նաև խորացնում են անարդարության զգացումը պետական աշխատողների շրջանում։

Առանձնապես մտահոգիչ է նաև այն, որ վերոնշյալ պարգևատրումների վերաբերյալ որոշումները կայացվել են առանց արհմիությունների և աշխատողների ներկայացուցիչների հետ պատշաճ խորհրդակցության։ Այդպիսով անտեսվել է սոցիալական երկխոսության և խորհրդակցությունների այն պահանջը, որը սահմանված է միջազգային հիմնարար նորմերով։

Արհմիությունը կոչ է անում անհապաղ լուծել բարձրացված խնդիրները՝ պետական ապարատի աշխատողների շրջանում աճող դժգոհությունը մեղմելու և արդարության սկզբունքը վերականգնելու համար։ Պետական ծառայության արդյունավետությունն անհնար է ապահովել, եթե անտեսվում են այն մարդիկ, որոնք ամեն օր իրենց աշխատանքով պահում են պետական համակարգի գործունակությունը։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading