Ավելի վաղ Կառավարությանն առաջարկ էինք ներկայացրել՝ խնդրելով կատարել օրենսդրական այնպիսի փոփոխություն, որ համայնքային ծառայողների համար սահմանվի լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի դրույթ։ Այդպիսի լրացուցիչ երաշխիք սահմանված է քաղաքացիական ծառայողների համար, այդպիսով ստեղծելով խտրականություն հանրային ծառայողների միջև։
Կառավարությունը սկզբում նամակը վերահասցեավորել էր Քաղծառայության գրասենյակ, որից մեզ հայտնեցին, որ լիազորություն չունեն համայանքային ծառայության վարձատրության քաղաքականության մեջ։ Ստիպված եղանք երկրորդ անգամ ուղարկել գրությունը, որն այս անգամ վերահասցեավորվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Նախարությունից ստացանք պատասխան, որում նշվում է, որ արհմիության “առաջարկն, ընդհանուր առմամբ ողջունելի է“։ Նշվում է նաև, որ “համայնքների հաստիքացուցակների վերլուծության արդյունքում կարելի է փաստել, որ համայնքների միավորման գործընթացից հետո համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոնների համեմատ ներկայումս ավելի բարձր են“։
Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայումս նախաձեռնվել է համայնքային ծառայության ոլորտի օրենսդրական փոփոխությունների գործընթաց , որի շրջանակներում մեր առաջարկը կքննարկվի համայնքների ղեկավարների հետ։
Նախարարության պատասխանն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ 2023 թվականին, Երևան քաղաքում գործող համայնքային կոլեկտիվների արհմիությունները նույնպես նման առաջարկով դիմել էին Երևանի քաղաքապետին։
