«Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողների համար, բացի հիմնական սոցիալական երաշխիքներից (անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, վարձատրություն և այլ վճարներ, ամենամյա վճարովի արձակուրդ, պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն և այլն) կարող են սահմանվել նաև լրացուցիչ այլ սոցիալական երաշխիքներ։
Այդպիսի լրացուցիչ երաշխիք սահմանված է քաղաքացիական ծառայողների համար։ Մասնավորապես՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով։ Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն։ Սակայն նման երաշխիք սահմանված չէ համայնքային ծառայողների համար, որոնք պետական ծառայողների հետ մեկտեղ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ևս համարվում են հանրային ծառայող։ Կարծում ենք, նման կարգավորման բացակայությունն անարդար է։
Հաշվի առնելով արհմիությանն ուղղված աշխատողների դիմումները և ղեկավարվելով «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ով՝ առաջարկում ենք կատարել օրենսդրական փոփոխություն՝ համայնքային ծառայողների համար նույնպես սահմանելով լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի դրույթ։
Գտնում ենք, որ դրանով կվերանա համայնքային ծառայողների և պետական կառավարման մարմիններում աշխատող հանրային ծառայողների միջև խտրականությունը՝ առնվազն սոցիալական երաշխիքների մասով։
Մինչ կառավարությունը կկողմնորոշվի, թե որ գերատեսչությանը հասցեագրել մեր առաջարկը, այն ներկայացրեցինք նաև Ազգային Ժողով։

