Հունվար ամսին տեղեկություններ ստացանք, որ պետական գերատեսչություններում ծառայողական ավտոմեքենաների կրճատման հետ մեկտեղ դադարեցվել է աշխատակիցների տեղափոխումը ծառայողական ավտոբուսներով։ Տեղեկությունը հաստատեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Դիմել ենք Վարչապետի աշխատակազմին, խնդրելով պարզաբանել կրճատման պատճառը և բացատրելով, որ աշխատողներին տեղափոխող ավտոբուսների կրճատումը՝
- վատթարացնում է աշխատողների սոցիալական-տնտեսական վիճակը, քանի որ աշխատակիցներից շատերը ստիպված են այսուհետ երթևեկել փետրվարից առնվազն երկու անգամ թանկացող և գերբեռնված քաղաքային տրանսպորտով կամ տաքսիով;
- հակասում է քաղաքային իշխանության կողմից որդեգրած քաղաքը բեռնաթափելու քաղաքականությանը;
- տապալում է կառավարության կողմից որդեգրած կանխիկի և ստվերի կրճատման քաղաքականությունը, քանի որ մեր տեղեկություններով, աշխատողների մի մասը, միավորվելով, նախաձեռնում է ոչ-ֆորմալ ավտոբուսային փոխադրումներ դեպի աշխատավայր:
Առաջարկել ենք
- չեղարկել որոշումը
- միաժամանակ առաջարկել ենք թույլ տալ պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում։
Ի պատասխան, Վարչապետի աշխատակազմի հասարակայնության կապերի վարչությունից ընդամենը հայտնել են, որ մեր դիտարկումներն ի գիտություն են ընդունել, իսկ պարզբանում չի տրվել։
Արդյունքում ստիպված եղանք նոր գրություն ուղարկել Վարչապետի աշխատակազմին, նշելով, որ այդ քաղաքականության պատճառով պետական աշխատողները ստիպված են լինում զգալիորեն ավելի շատ ժամանակ և ֆինանսական միջոցներ, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական ռեսուրսներ ծախսել աշխատանքի ժամանակին հասնելու և աշխատանքից տուն վերադառնալու համար, ինչն անխուսափելիորեն բերում է աշխատանքի արդյունավետության և պետական ծառայությունների որակի նվազմանը։ Եթե ընդունված որոշման նպատակը որոշակի ֆինանսական ռեսուրսի խնայողություն է, ապա այն չպետք է հանգեցնի այլ ավելի գլոբալ ծախսերի (առողջություն, մարդկային կապիտալ, պետական համակարգի դիմադրողականություն): Կրկին պնդեցինք առաջարկը՝ թույլ տալ գերատեսչություններին պահպանել իրենց ծառայողական ավտոբուսները և լուծել աշխատողներին տեղափոխելու խնդիրը։
Այս անգամ վերոնշված վարչությունից պատասխանել են, որ “վարչապետի աշխատակազմի դիրքորոշումը չի փոխվել“։ Թե ինչ դիրքորոշման մասին է խոսքը և թե ինչ է նշանակում “աշխատակազմի դիրքորոշում” եզրույթը և ում դիրքորոշումն է դա իրականում՝ անհասկանալի է։
Նյութը կթարմացվի հետագա զարգացումների դեպքում։

