Վերջին շրջանում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը մի քանի անգամ առաջարկել է արհմիություններին ազատել Իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջից։ Օրենսդրական կարգավորումներով, սկսած 2023 թվականի հունվարից ՀՀ բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են առնվազն տարին մեկ անգամ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին ներկայացնել Իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր։
Սակայն արհմիությունների դեպքում իրական շահառուների (ԻՇ) հայտարագրումը չունի նույն իմաստը, ինչ այլ իրավաբանական անձանց դեպքում։ Գործող օրենքի իմաստով արհմիության իրական շահառուն արհմիության նախագահն է․ այլ իրավիճակներ հնարավոր չեն։ Այնինչ, արհմիության նախագահներն ու նրանց տվյալները առանց այդ էլ գրանցվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, երբ անձն արհմիության նախագահ է ընտրվում։ Ստացվում է, որ ԻՇ հայտարարագրումը անհարկի թղթաբանական և ֆինանսական բեռ է առաջացնում թե՛ արհմիությունների ղեկավարների, և թե՛ պետական ռեգիստրի գործակալության համար, քանի որ փաստացի գործակալությանը պետք է էլեկտրոնային գործիքների միջոցով ներկայացվեն տվյալներ, որոնք արդեն ներկայացվել են թղթային տարբերակով՝ արհմիության նախագահի տվյալները գրանցելիս։ Դա նաև բարդացնում է միավորման ազատության իրավունքի ազատ ու անկաշկանդ իրացումը, իսկ այդ իրավունքը վերապահված է միջազգային օրենսդրությամբ։
Արհմիությունն արդեն մի քանի անգամ առաջարկել է կառավարությանը արհմիությունների վրա չտարածել հայտարարգրման պարտավորությունը։ Մի դեպքում մեր առաջարկը վերաբերում էր կառավարության կողմից մշակած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում էր հայտարարագրման պարտավորությունից ազատել պետական ու համայնքային կազմակերպություններին։
2024թ մայիսին կառավարությունը նորից ներկայացրեց լրամշակված օրենսդրական նախագիծ, որով նախատեսում է ՀՈԱԿ-ներին ու ՊՈԱԿ-ների ազատել այդպիսի հայտարարգրման պահանջից։ Ինչի առիթով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ևս մեկ անգամ առաջարկեց հայտարագրման պահանջից ազատել նաև արհմիություններին։
Թեպետ առաջարկներին դեռևս դրական պատասխան չի տրվում, հուսով ենք, որ ի վերջո, կառավարությունը կընդունի համապատասխան կարգավորում, որպեսզի անհարկի (և կրկնակի) հայտարարագրումը բացառվի։
