Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է աշխատանքային և կոլեկտիվ վեճերի դեպքում մինչ դատարան պարտադիր հաշտարություն իրականցնել։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիությունը կտրականապես դեմ է ներկայացված նախագծին։
Ինչպես գիտեք, հաշտարարի գործառույթը կողմերին հաշտեցնելն է, այնինչ աշխատանքային վեճի լուծումը ոչ թե ենթադրում է հաշտեցում, այլ օրենքի ճիշտ կիրառում։ Աշխատանքային վեճերը հիմնականում ծագում են օրենքի սխալ կիրառումից։ Օրինակ, երբ աշխատողին անհիմն կարգապահական տույժ են տվել կամ ազատել աշխատանքից, ապա հարցին պետք է տրվի իրավական լուծում, ինչը հաշտարարի գործառույթը չէ։
Հաշտարարը, մասնավորապես, կարող է աշխատողին համոզել, որ գործատուից որոշակի ֆինանսական փոխհատուցում ստանալու դիմաց հրաժարվի իր իրավունքներից, ինչը արդարության վերականգնման հետ ոչ մի աղերս չունի։
Վերոգրյալից բացի, այդ նախագծի ընդունումը կբերի աշխատողի համար հավելյալ ֆինանսական բեռի ավելացման։
Նախագիծը հիմնավորվում է միջազգային փորձով, սակայն հիմնավորման մեջ ներկայացված միջազգային փորձերը մոլորեցնող են,
իսկ որոշ դեպքերում պարզապես սխալ։ ԱՄԿ հանձնարարականները հստակ ամրագրում են հաշտարարին դիմելու կամավոր սկզբունքը և այդ ծառայության անվճար լինելու անհրաժեշտությունը, ինչպես նաև դրանում աշխատողների ու գործատուների ներկայացվածության անհրաժեշտությունը։
Չնայած, որ հիմնավորման մեջ ներկայացվում է, թե Միացյալ Թագավորությունում և Իսպանիայում hաշտարարին դիմելը պարտադիր նախապայման է, այնուամենայնիվ, ՄԹ-ում ՄԻԱԿ անհրաժեշտ պայմանը դատարան դիմելուց առաջ Հաշտարարության ծառայությանը ծանուցելն է, ինչի դեպքում Հաշտարարն առաջարկում է իր անվճար ծառայությունները։ Ծառայությունից պարտադիր օգտվելու պահանջ չկա։
Իսպանիայի դեպքում կարգավորումները սահմանում են վեճերի բացառությունների լայն շրջանակ, երբ Հաշտարարին դիմելը պարտադիր չէ, այդպիսի բացառություններն են՝ հիմնարար աշխատանքային իրավունքների ու ազատությունների, աշխատանքային պայմանների էական փոփոխությունների, աշխատանքային պայմանագրերի լուծման, պարապուրդների, աշխատաժամանակային ռեժիմի կիրառման, զանգվածային կճատումների, կոլեկտիվ պայմանագրերի խախտման, արհմիությունների իրավունքների խախտման, ոտնձգությունների և այլ թեմաների հետ կապված վեճերը։ Այսինքն Իսպանիայում հաշտարարին պարտադիր դիմելու փորձը նույնպես խիստ չափազանցված է։
Իտալիայի մասին բերված օրինակն առնչություն չունի աշխատանքային վեճերի հետ, որոնց դեպքում Իտալիայում հաշտարարության դիմելը կամավոր է։
Նախագծին և արհմիության առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/10393

