Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը զբաղվում է աշխատողների իրավունքների պաշտպանությանբ և աշխատանքային հարաբերություններում չարաշահումներով, երբ աշխատողներից այդպիսի չարաշահումների մասին տեղեկություններ կամ դիմումներ է ստանում։ Վերջին շրջանում շատացել են նաև օտարերկրյա քաղաքացիներին առանց աշխատանքային պայմանագրի շահագործման և չվարձատրելու դեպքերը։
Նման տեղեկություններ ստանալու դեպքում, եթե աշխատողները չեն հանդիսանում արհմիության անդամ, դիմում ենք ներկայացնում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։
Այնուամենայնիվ, փաստում ենք, որ երբ Տեսչական մարմինը վարույթն է հարուցում դիմումների հիման վրա, դիմումների հիմքում ընկած խնդիրները չեն լուծվում, քանի որ տեսչական մարմնի լիազորություններն ու օրենսդրական կարգավորումները հնարավորություն չեն տալիս տնտեսվարողների մոտ առանց նախապես զգուշացնելու ստուգումներ կատարել և հետևաբար՝ լիարժեք բացահայտել տեղի ունեցող խախտումները։ Փաստորեն, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը աշխատանքային իրավունքի նորմերի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն չունի։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն առաջարկել է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտա Տեսչական մարմնին ստուգումներ կատարել առանց նախազգուշացնելու, մանավանդ՝ այն տնտեսվարողների մոտ, որտեղից արդեն եղել են խախտումների մասին ահազանգներ։

