Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Երևանի քաղաքապետին պարզաբանման խնդրանքով մի շարք հարցադրումներ է ուղարկել տոմսային համակարգի վերաբերյալ։
Մասնավորապես, ավագանու որոշմամբ սահմանված է, որ կան ֆիզիկական տոմսեր և էլեկտրոնային տոմսեր, ընդ որում՝ ֆիզիկական տոմսերը 100-200 դրամով ավելի թանկ են էլեկտրոնայիններից։ Իրականությունը, սակայն, այլ է։ Վաճառվում են ֆիզիկական տրանսպորտային քարտեր, որոնք ինքնին տոմս չեն և դրանց համար գանձվում է 500 դրամ։ Այդ քարտերը պետք է էլեկտրոնային եղանակով լիցքավորել տոմսերով, ընդ որում “ֆիզիկական տոմսի արժեքով”։ Խնդրել ենք պարզաբանել, ինչո՞ւ է շրջանցվում ավագանու որոշումը և 500 դրամ վճարի դիմաց տրամադրվում ֆիզիկական քարտ։ Խնդրել ենք նաև պարզաբանել ավագանու որոշման մեջ սահմանված «ֆիզիկական քարտ տոմսը», «ֆիզիկական կրիչով տոմսը» և «էլեկտրոնային տոմսն» հասկացությունները, քանի որ գործնականում առաջարկվող տարբերակները այդ նկարագրություններին չեն համապատասխանում։
Քաղաքապետարանին խնդրել ենք նաև պարզաբանել, թե անսահմանափակ փաթեթների դեպքում (30 օր, 90 օր, 365 օր) անհրաժե՞շտ է արդյոք դրանք վալիդացնել յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում, քանի որ այդ մասին իրավական ակտում հստակություն չկա։
Մեկ այլ հարցադրում վերաբերվում է այն ուղևորներին, որոնք որոշելու են ամեն անգամ չկցել իրենց բանկային քարտին տարատեսակ սակագնային պլաններ, այլ պարզապես վճարել բանկային քարտով։ Ո՛չ ավագանու որոշման դրույթներից, ո՛չ քաղաքապետարանի պաշտոնյաների պարզաբանումից պարզ չէ, թե որքան է լինելու ուղեվարձի արժեքն այդ դեպքում։
Քաղաքապետարանին ուղղված մեր գրության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։

