Կառավարության կողմից առաջարկվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը՝ մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող աշխատողների համար, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։
Ծնողական ժամը, համաձայն առաջարկված նախագծի, տրամադրվում է մինչև երկու երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 30 րոպե, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը մեկ ժամ։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ողջունում է նման նախաձեռնությունը, միաժամանակ որոշակի առաջարկներ ենք ներկայացրել նախագծի հետ կապված։ Մասնավորապես, առաջարկվող օրական մինչև 30 րոպե «ծնողական ժամը» գործնականում կարող է բավարար չլինել իր նպատակին ծառայելու համար։ Հատկապես Երևան քաղաքում առկա գերծանրաբեռնված երթևեկության, խցանումների, ինչպես նաև նախադպրոցական կամ ուսումնական հաստատություններ հասնելու և հետ վերադառնալու համար պահանջվող ժամանակի պայմաններում 30 րոպեն հաճախ չի կարող ապահովել երեխային ուղեկցելու հետ կապված գործողությունների լիարժեք իրականացումը։ Նպատակահարմար ենք համարում վերանայել նախատեսվող տևողությունը և սահմանել ավելի երկար ժամանակահատված՝ առնվազն 1 ժամ, կամ առնվազն նախատեսել դրա առավել ճկուն կիրառման հնարավորություն։
Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող ճկուն աշխատաժամանակի կարգավորմանը, թեև ընդհանուր առմամբ այն դրական է, մեր գնահատմամբ պարունակում է աշխատողի իրավունքների ոչ բավարար պաշտպանության ռիսկեր։ Նախագծում նշվում է, որ ճկուն աշխատաժամանակը կարող է սահմանվել կողմերի գրավոր համաձայնությամբ, սակայն աշխատանքային հարաբերությունների իրական պրակտիկայում նման դեպքերում հաճախ գերակշռում է գործատուի կամքը։ Արդյունքում առկա է վտանգ, որ ճկունության գաղափարը կարող է կիրառվել ոչ թե աշխատողի ընտանեկան պարտականությունների կատարմանը նպաստելու, այլ գործատուի կազմակերպչական հարմարությանը ծառայեցնելու նպատակով։

