
Մայիսի 1-ը հասարակության և պետության զարգացման գործում աշխատող մարդու ներդրումն արժևորելու օրն է։ Բայց այն նաև կարևոր առիթ է՝ ընդգծելու, որ սոցիալական արդարության, իրավահավասարության և արդյունավետ պետական կառավարման հիմքում պետք է լինի պաշտպանված և արժանապատիվ աշխատանքը։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունը վերահաստատում է պետական ոլորտի աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության հանձնառությունը և մեկ անգամ ևս անհրաժեշտ է համարում բարձրաձայնել այն հիմնախնդիրները, որոնք տարիներ շարունակ գտնվում են մեր օրակարգում, սակայն մինչ օրս չեն ստացել համարժեք և համակարգային լուծում։
Մենք ողջունում ենք այն դրական նախաձեռնությունները, որոնք արձանագրվել են վերջին շրջանում, մասնավորապես՝ հանրային ծառայողների համար տարիքային սահմանափակումը վերացնելու նախագիծը, Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի ստորագրումը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումը, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքում «ծնողական ժամի» ներդրման առաջարկը։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ պետական ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են չլուծված մնալ մի շարք առանցքային խնդիրներ։
Մասնավորապես՝
• պետական հատվածի ցածր և միջին օղակի աշխատողների վարձատրությունը շարունակում է մնալ անբավարար և չի համապատասխանում ո՛չ աշխատանքի ծավալին ու պատասխանատվությանը, ո՛չ էլ կենսապահովման ներկայիս պայմաններին;
• պետական ծառայողների համար մինչ օրս բացակայում է պետության կողմից լիազորված ճյուղային բանակցող մարմինը, ինչը սահմանափակում է աշխատողների՝ կոլեկտիվ բանակցությունների միջոցով իրենց շահերը ներկայացնելու և պաշտպանելու իրավունքի լիարժեք իրացումը։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ շարունակել ձեռնարկել հետևողական և գործնական քայլեր պետական ոլորտի աշխատողների երկար տարիների կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ՝ ապահովելով ոչ միայն առանձին բարեփոխումների իրականացումը, այլև աշխատանքի արժևորման, սոցիալական պաշտպանության և աշխատանքային իրավունքների լիարժեք երաշխավորման վրա հիմնված համապարփակ քաղաքականություն։
Մայիսի 1-ին՝ Աշխատանքի միջազգային օրը նախագահ Անահիտ Ասատրյանը նաև խոսեց պետական ոլորտի միավորված աշխատողների հիմնական խնդիրների մասին։
Կառավարությունից պատասխանել են մեր վերոնշված ուղերձին։
Վարձատրության խնդրի վերաբերյալ պատասխանում նշվում է, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների համաձայն՝ 2025 թվականին քաղաքացիական ծառայության մասնագիտական խմբի 8-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնողների միջին մաքուր աշխատավարձը (հարկերը վճարելուց հետո) կազմել է 137474 դրամ, որը բարձր է առողջապահական նորմատիվների հիման վրա հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 74 տոկոսով, իսկ փաստացի սպառման հիման վրա ձևավորված սպառողական զամբյուղի արժեքից՝ 2 անգամ (2025 թվականի IV եռամսյակի միջին ընթացիկ գներով առողջապահական զամբյուղը կազմել է
78836 դրամ, իսկ սպառողականը՝ 68784 դրամ)։ Նշվում է նաև, որ ներկայում Կառավարության կողմից քննարկվում է պետական մարմիներում վարձատրության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթ, որով կվերանայվի վարձատրության գործող համակարգը։
Պետական ծառայողների կոլեկտիվ բանակցելու իրավունքի մասին գրության մեջ նշվում է, որ հարցը կքննարկվի օրենսդրական հետագա բարեփոխումների շրջանակում։ Սակայն, այս մասով միաժամանակ տեղեկացնում ենք, որ պետական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերելի հարցերը կարող են քննարկվել ս. թ. հունվարին ստորագրված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի համաձայն ձևավորված Հանրապետական եռակողմ հանձնաժողովում։
Պատասխանն ամբողջությամբ կարող եք գտնել այստեղ։
