Կառավարության կողմից շրջանառվել է օրինագիծ, որով նախատեսվում է հանել հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողների համար ներկայումս սահմանված 65 տարեկանի շեմը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր տարածած հայտարարության մեջ կոչ էինք արել հանել տարիքային շեմը հանրային ծառայողների համար։
Ողջունում ենք Կառավարության կողմից շրջանառած նախագիծը, քանի որ այն կվերացնի տարիքային խտրականությունը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հետ հակասությունները։ Հույս ունենք, որ նախագիծն օրենք կդառնա մոտ ապագայում։
Միաժամանակ, կառավարությանն առաջարկում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ՝ թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում։ Նման կարգավորումներ առկա են միջազգային պրակտիկայում։ Այսպես, եվրոպական երկրների գերակշիռ մասում ներկայումս սահմանված է, որ գործատուի (ադմինիստրացիայի) կողմից համապատասխան թույլտվությամբ հանրային ծառայողները հիմնական աշխատանքից զատ կարող են կատարել այնպիսի աշխատանք, որը չի ազդում պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման, հանրային ծառայության վարկանիշի, հանրային ծառայողի անկողմնակալության վրա և տվյալ պաշտոնի հետ չի առաջացնում շահերի բախում։ Ներկայիս սոցիալական պայմանները հանգեցնում են նրան, որ պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած որ, համաձայն օրենսդրության, նրանց չի թույլատրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Ստեղծված պայմաններում, սակայն, լրացուցիչ աշխատանք կատարելը դարձել է անհրաժեշտություն միջին և ցածր օղակի հանրային ծառայողների համար։

