Առաջարկում ենք ավանդատուների բազաները ՎՏԲ-ից տեղափոխել ՄՍԾ (թարմացված)

Առաջարկում ենք ավանդատուների բազաները ՎՏԲ-ից տեղափոխել ՄՍԾ (թարմացված)

Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի Ն-460 որոշմամբ, այն քաղաքացիները, որոնք նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ունեցել են ավանդներ, ըստ սահմանված տարիքային խմբերի ստանում են փոխհատուցում։

Փոխհատուցումը ստանալու համար շահառուն պետք է ի թիվս այլ փաստաթղթերի սոցիալական աջակցության կենտրոն ներկայացնի տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին, քանի որ Խնայբանկի ավանդների վերաբերյալ շտեմարանը գտնվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկում։ Դրա պատճառն այն է,  որ  ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի N 835 որոշմամբ Հայխնայբանկը մասնավորեցվել է, ինչի արդյունքում մասնավոր գնորդը Կառավարության հանձնարարությամբ 1993 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ավանդային հաշիվները գույքագրել է և դրանց վերաբերյալ համակարգչային բազա է ստեղծել։ Հաջորդիվ, երբ բանկն ամբողջությամբ վաճառվեց ռուսական պետական բանկի և վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ, վերոնշյալ շտեմարանն  անցավ «ՎՏԲ-Հայաստան» բանկի տիրապետության տակ:

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը նախկինում արդեն բարձրացրել է վերոնշված խնդիրը։

Փետրվարի 2-ին դիմեցինք վարչապետին, նշելով, որ մեր քաղաքացիների (ավանդատուների) անձնական և ֆինանսական տվյալների շտեմարանի պահպանումը ՎՏԲ բանկում խնդրահարույց է։

Նպատակահարմար կլիներ, որպեսզի շտեմարանը նույնպես գտնվեր Միասնական սոցիալական ծառայություն տիրապետության ներքո։ Կարևոր է, որ քաղաքացիների անձնական տվյալները  պահվեն պետական կառույցում, այլ ոչ թե մասնավոր (այն էլ օտարերկրյա պետությանը պատկանող) բանկում։

Շտեմարանի փոխանցումը ՄՍԾ-ին նաև կդյուրացնի քաղաքացիների կողմից ավանդների փոխհատուցման ստացման գործընթացը։ Քաղաքացիները ստիպված չեն լինի մինչև փոխհատուցման դիմումի ներկայացումը դիմել ՎՏԲ բանկ, լրացուցիչ վճար կատարել, դժվար ընթեռնելի պայմանագրեր ստորագրել և մի քանի ամիս սպասել, մինչև բանկը տրամադրի համապատասխան տեղեկանք։

Ավանդների վերաբերյալ շտեմարանի պահպանումը ՎՏԲ բանկի կողմից նաև բանկին մենաշնորհային հատուկ կարգավիճակ է տալիս։

Գրությունը վերահասեավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Կենտրոնական բանկ։

Գրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Թարմացում․ գրությունը վերահասցեավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ ՎՏԲ և Կենտրոնական բանկ։ ՎՏԲ բանկից ստացված պատասխանն առանձնապես չի վերաբերում մեր բարձրացրած խնդրի բովանդակությանը, քանի որ հղում է արվում բանկային գաղտնիքին և անձնական տվյալների պաշտպանության մասին կարգավորումներին։ Կենտրոնական բանկից ստացված գրության մեջ նույնպես հիշատակվում է բանկային գաղտնիքը, սակայն նշվում է, որ շահագրգիռ կողմերի հետ կքննարկվի իրավական ակտերում փոփոխություն կատարելու հարցը, որպեսզի ավանդի առկայության մասին տեղեկանքը ՎՏԲ-ից ստանալու փոխարեն քաղաքացիները ստանան ՄՍԾ-ից։

վտբ խնայբանկ մսծ

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading