Մարտի 21-ին գումարվեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) կոմիտեի նիստը։
Նիստին մասնակցեց EPSU գործադիր կոմիտեի փոխարինող անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Գործադիր կոմիտեն իր աջակցությունը հայտնեց Ուկրաինայի աշխատողներին՝ ռուսաստանի դեմ պայքարի արդեն երրորդ տարվա համատեքստում, աջակցություն հայտնեց նաև Պաղեստինի ժողովրդին, զորակցություն հայտնեց Ֆինլանդիայի արհմիություններին՝ ընդդեմ աջակողմյան կառավարության կողմից հարձակումներին ու կրճատումների քաղաքականության։ Միաժամանակ նշվեց, որ պետք չէ մոռանալ, որ Եվրոպան խաղաղության, սոցիալական արդարության, ուժեղ հանրային ծառայությունների, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պրոյեկտ է և սոցիալական պետության ու հարկային արդարության կայացումը քաղաքացիական պաշտպանության մաս պետք է կազմեն։ Այդ առիթով խնդրահարույց է պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացումը Եվրոպայի կողմից։
Գործադիր կոմիտեի օրակարգի մեծ մասը կապված էր EPSU գալիք Համագումարի հետ։ Հավանության արժանացավ EPSU գործողությունների ծրագիրը, կանոնադրության փոփոխությունները, Պաղեստինի վերաբերյալ բանաձևը, Համագումարի օրակարգը, հաստատվեցին EPSU գլխավոր քարտուղարի, նախագահի և տեղակալների թեկնածությունները։ Վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարած վերլուծության և ռեկոմենդացիայի հիման վրա որոշում կայացվեց բարձրացնել EPSU անդամավճարի չափը։
Խոսվեց EPSU-ի կատարած աշխատանքի մասին, մասնավորապես՝ առողջապահության և խնամքի ոլորտում հաստիքների անբավարարության հարցը քաղաքական օրակարգերում ընդգրկելը, թվայնացման կոլեկտիվ համաձայնագրի ներդրման հետ կապված հարցերը, համայնքներում ինսորսինգի (արտապատվիրակված ծառայությունների հետվերցնումը) վերաբերյալ ուսումնական գործիքի մշակումը, գազի ոլորտում Արդարացի անցման համաձայնագիրը, կանանց հանդեպ բռնության վերաբերյալ հարցերը։
Քննարկվեցին նաև Եվրամիության դիրեկտիվների հետ կապված մի շարք հարցեր։





