Հանել տարիքային շեմը և թույլատրել այլ աշխատանք կատարել․ արհմիության հայտարարությունը

Հանել տարիքային շեմը և թույլատրել այլ աշխատանք կատարել․ արհմիության հայտարարությունը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահությունն ընդունել է հայտարարություն հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատվի աշխատանքի համաշխարհային օրվա հետ կապված։ Այն ներկայացվում է ստորև։


Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը հիշեցնում ենք, որ արդար վարձատրությունը, անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանները, ինչպես նաև աշխատողների հիմնարար իրավունքների ապահովումը պետք է լինի յուրաքանչյուր երկրի քաղաքականության առանցքում։

Հայաստանի պետհիմնարկների և ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր վճռականությունը՝ շարունակելու պայքարը մեր անդամների և ընդհանրապես բոլոր աշխատողների արժանապատիվ աշխատանքի և կյանքի համար։

Այսօր Հայաստանի հանրային ծառայողները շարունակում են մնալ խոցելի սոցիալ-տնտեսական վիճակում։ Կյանքի գինը տարեցտարի աճում է, իսկ աշխատավարձերը չեն աճում համապատասխանորեն՝ կրճատելով աշխատողների գնողունակությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Շատ ծառայողներ իրենց ընտանիքների նվազագույն կարիքները հոգալու համար ստիպված են հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել՝ սեփական առողջության ու կյանքի որակի հաշվին։

Մտահոգիչ է, որ պետական ծառայողների համար մինչ օրս բացակայում է կառավարության կողմից լիազորված ճյուղային բանակցող մարմինը, ինչը խոչընդոտում է աշխատողների կոլեկտիվ բանակցելու հիմնարար իրավունքի իրագործմանը։

Մինչև այսօր այդպես էլ չի ստորագրվել Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։

Ավելին, անհանգստացնող է, որ որոշ ղեկավարների կողմից ճնշումներ և ոտնձգություններ է իրականացվում արհմիությունների նկատմամբ։ Դրան դիմադրելու համար Հայաստանում բացակայում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բավարար մեխանիզմներ։ Սա ոչ միայն խախտում է միջազգային ստանդարտները, այլև վտանգում է արհմիությունների ազատ գործունեությունն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը։

Որպես հազարավոր հանրային ծառայողների շահերը ներկայացնող ճյուղային հանրապետական արհմիություն՝ մենք կոչ ենք անում կառավարությանը.

  • ապահովել արժանապատիվ աշխատավարձեր, որոնք համահունչ կլինեն կյանքի գնին
  • իրական քայլերով երաշխավորել կոլեկտիվ բանակցությունների իրավունքի իրականացումը
  • ստեղծել և ամրապնդել արհմիությունների պաշտպանության օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
  • վերջապես ստորագրել Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը
  • առաջ տանել աշխատաժամանակի կրճատման օրինագիծը՝ նվազեցնելով աշխատողների ծանրաբեռնվածությունը
  • կատարել օրենսդրական փոփոխություններ՝
    • վերացնելով հանրային ծառայողների համար սահմանված տարիքային շեմը
    • թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում:

Մենք ակնկալում ենք և հուսով ենք, որ իշխանություններն ականջալուր կլինեն մեր բարձրացրած խնդիրներին, ինչն անհրաժեշտ է սոցիալական արդարության համար։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading