Կառավարության պատասխանը հոկտեմբերի 7-ի հայտարարությանը

Կառավարության պատասխանը հոկտեմբերի 7-ի հայտարարությանը

Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա՝ հոկտեմբերի 7-ի կապակցությամբ Հայաստանի պետհիմնարկնմերի, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես, կոչ էինք արել

  • ապահովել արժանապատիվ աշխատավարձեր, որոնք համահունչ կլինեն կյանքի գնին
  • իրական քայլերով երաշխավորել կոլեկտիվ բանակցությունների իրավունքի իրականացումը
  • ստեղծել և ամրապնդել արհմիությունների պաշտպանության օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
  • վերջապես ստորագրել Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը
  • առաջ տանել աշխատաժամանակի կրճատման օրինագիծը՝ նվազեցնելով աշխատողների ծանրաբեռնվածությունը
  • կատարել օրենսդրական փոփոխություններ՝
    • վերացնելով հանրային ծառայողների համար սահմանված տարիքային շեմը
    • թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում:

Ի պատասխան վերոնշված հայտարարության` ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից նշում են հետևյալը։

1-ին պահանջի հետ կապված Նախարարությունից նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում «կյանքի գնի հաշվարկման» մեթոդաբանություն օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն Վիճակագրական կոմիտեի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ հաշվարկվում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը երկու եղանակով՝ ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի և Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ` ըստ 2019 թվականին Արմստատի կողմից 5184 մասնավոր տնային տնտեսությունում իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով փաստացի սպառման հիման վրա ձևավորված զամբյուղների։ 2025 թվականի 2-րդ եռամսյակում Առողջապահության նախարարության կողմից մշակված զամբյուղի հիման վրա հաշվարկված սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 81680.9 դրամ, իսկ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված զամբյուղի արժեքը՝ 72064.9 դրամ։ Նշվում է նաև, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից պետական ծառայողների աշխատավարձերի չափերի վերլուծության արդյունքներով պարզվել է, որ 2024 թվականին հանրային ծառայության համակարգում (բացառությամբ համայնքային ծառայության) հիմնական աշխատավարձի ամենացածր չափը առկա է եղել քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 7-րդ ենթախմբում, որը կազմել է 120640 դրամ (զուտ արժեքը՝ 87480 դրամ , իսկ միջին աշխատավարձը (լրացուցիչ աշխատավարձը և պարգևատրումները ներառյալ ) 187708 դրամ (զուտ արժեքը 137781 դրամ ), որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Պետական ծառայությունում միջին աշխատավարձը կազմել է 411322 ՀՀ դրամ , մեդիան աշխատավարձը կազմել է 363068 ՀՀ դրամ։

Միաժամանակ նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերին նախատեսված է հանրային ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի վերանայում։

2-րդ պահանջի հետ կապված տեղեկացնում են, որ այն կքննարկվի օրենսդրական հետագա բարեփոխումների շրջանակում։

3-րդ պահանջի հետ կապված նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառության է դրվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ, որ ուղղված են արհեստակցական միությունների գործիքակազմի ընդլայնմանը և վերջիններիս իրավունքների արդյունավետ իրացմանը։

4-րդ պահանջի վերաբերյալ նշում են, որ քննարկումներ են իրականացվում Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ։

5-րդ պահանջի վերաբերյալ՝ աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ փոփոխությունների մասով ներկայում շարունակվում են իրականացվել համապատասխան աշխատանքներ։

6-րդ պահանջի վերաբերյալ նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է և հանրային քննարկման է դրվել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթը, որի շրջանակում նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը (Հիշեցնենք, որ արհմիությունն անդրադարձել է այդ օրենսդրական փաթեթին և ողջունում է այն։ )

Միաժամանակ նշվում է նաև, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակվել է ««Հանրային ծառայության մասին » օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագիծ, որով առաջարկվում է վերանայել «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրականացնելու այլ վճարովի աշխատանք կամ մատուցելու վճարովի այլ ծառայություն, եթե այդ աշխատանքը կամ ծառայությունը չեն հանգեցնի հանրային ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերի բախման, չեն խոչընդոտի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունների կատարմանը և չեն վտանգի հանրային ծառայության հեղինակությունը։

Կառավարության պատասխանն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading