Արհմիության հայտարարությունը Հանրային ծառայության օրվա կապակցությամբ

Արհմիության հայտարարությունը Հանրային ծառայության օրվա կապակցությամբ

Այսօր՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված Հանրային ծառայության միջազգային օրը, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է պետության ու հասարակության կայունության, զարգացման ու բարօրության ապահովման գործում հազարավոր պետական ու համայնքային ծառայողների առանցքային և անփոխարինելի դերի մասին։

Սակայն ափսոսանքով արձանագրում ենք, որ արհմիության կողմից բազմիցս առաջ քաշված կարևոր առաջարկներն անտեսվել են։

Առ այսօր՝

  • Հանրային ծառայողի օրը Հայաստանում պաշտոնապես չի ճանաչվել։
  • Հանրային ծառայողների դերի բարձրացման ուղղությամբ համակարգային քաղաքականություն չի մշակվել։
  • Հանրային ծառայողները շարունակում են թիրախավորվել հանրային խոսույթում, որտեղ գերակշռում են «պարգևավճարներ ստանալու», «բավարար շատ չաշխատելու» և այլ թունավոր նարատիվները։
  • Վարձատրության մակարդակը, չնայած 2023-ի որոշակի բարելավմանը, մնում է ցածր և կենսապահովման աճող ծախսերին անհամապատասխան։
  • Ոլորտային սոցիալական երկխոսությունը հանրային ծառայողների համար շարունակում է բացակայել՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով։

Հանրային ծառայողների իրավունքների լիարժեք իրացումը, արժանապատիվ վարձատրությունը և մասնակցային կառավարման ապահովումը անհրաժեշտ նախապայմաններ են պետական կառավարման արդյունավետության և հանրային ծառայության գրավչության համար։ Կարծում ենք, որ հանրային ծառայության որակը նաև ազգային անվտանգության խնդիր է։

Ակնհայտ է՝ առանց հանրային ծառայողների և նրանց ներկայացուցիչների ձայնը լսելու հնարավոր չէ կառուցել ցանկալի որակի պետական կառավարում։ Վերահաստատում ենք, որ ճյուղային արհմիության հետ սոցիալական երկխոսության մեխանիզմների ներդրումը, կոլեկտիվ բանակցությունների իրավունքի իրացումը անհետաձգելի անհրաժեշտություն են։    

Միևնույն ժամանակ դատապարտում ենք որոշ պետական պաշտոնյաների կողմից իրենց գերատեսչություններում ճյուղային արհմիությունից առանձնացված արհեստակցական կազմակերպություններ ստեղծելու խրախուսումը, ինչով խոչընդոտվում է երկրում հանրային ծառայողներին միավորող հանրապետական արհմիության ուժեղացումը և կառավարության համար ուժեղ ու արդյունավետ սոցիալական գործընկեր ունենալու հեռանկարը։

Անընդհատ ավելացող խնդիրների ու ճգնաժամերի մեջ մարդկանց անհրաժեշտ են ուժեղ և վստահելի հանրային ծառայություններ, որոնց վրա կարելի է հույս դնել։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե այդ ծառայության աշխատողը լինի լավ վարձատրվող, հարգված, պաշտպանված և անկաշկանդ մասնակցի որոշումների կայացմանը։ Միայն այդ պայմաններում հնարավոր է հանրային ծառայությունների որակի բարձրացում, պետական կառավարման հուսալիություն և հանրային վստահության վերականգնում։

Կոչ ենք անում քաղաքական որոշում կայացնողներին վերջապես լսել հանրային ծառայողներին և քայլեր ձեռնարկել հանուն հզոր հանրային ծառայության և հանուն ուժեղ պետության։

One comment

  1. Pingback: Հունիսի 23-ը կարող է հանրային ծառայության օր հռչակվել

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading