Արհմիության ուղերձը Հանրային ծառայության օրվա առթիվ (2026)

Արհմիության ուղերձը Հանրային ծառայության օրվա առթիվ (2026)

Հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հանրային ծառայության օր։

Օրվա հռչակման նպատակն է եղել ընդգծել հանրային ծառայությունների արժեքն ու դերը հանրության շրջանում ու դրանց ներդրումը երկրների զարգացման գործընթացում, վերահաստատել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ պետական կառավարման կարևորությունը։

Տնտեսական և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող պայմաններում հանրային ծառայողների առջև դրվող խնդիրները շարունակաբար բարդանում և ավելանում են։ Դրանց լուծումը պահանջում է հավելյալ ջանք, ժամանակ և պատասխանատվություն՝ երբեմն անձնական կյանքի, հանգստի և ընտանիքի հաշվին։ Միևնույն ժամանակ, այդ աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը շատ դեպքերում համարժեք չի աճում։

Այս համատեքստում համոզված ենք, որ Հայաստանում հանրային ծառայողի դերը նորովի արժևորելու և ներկայացնելու անհրաժեշտություն կա։ Ուստի ողջունում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը, որով առաջարկվում է Հայաստանում ևս հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։

Միաժամանակ կարևոր ենք համարում հիշեցնել, որ հանրային ծառայողների հիմնարար աշխատանքային իրավունքներից մեկը՝ կոլեկտիվ բանակցությունների իրավունքը, շարունակում է լիարժեք ապահովված չլինել։ Դրա հետևանքով սահմանափակվում է նաև ճյուղային մակարդակում ծառայողների միավորման և իրենց շահերը ներկայացնելու հնարավորությունը։

Չնայած վավերացմանը՝ մինչ օրս պատշաճ կերպով ներդրված չեն Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 151 կոնվենցիայի և դրա հետ փոխկապակցված թիվ 159 հանձնարարականի պահանջները, որոնք նպատակ ունեն ապահովելու արհմիությունների անկախությունը և հանրային հատվածում կոլեկտիվ բանակցելու իրավունքը։

Այդ թվում նաև նշված պատճառներով Հայաստանը ITUC Գլոբալ իրավունքների ինդեքսում շարունակում է գտնվել 3-րդ՝ «Իրավունքի կանոնավոր խախտումներ» խմբում։

Աշխատանքային իրավունքների ոլորտը երկար ժամանակ բավարար ուշադրության չի արժանացել։ Հույս ենք հայտնում, որ այսուհետ հետևողական և համակարգային մոտեցում կցուցաբերվի բարձրաձայնված հարցերը լուծելու ուղղությամբ։

Հանրային ծառայության օրվա առթիվ եվրոպական արհմիությունները “Հանրային ծառայությունների շտապ պետք է” խորագրով մեդիա-արշավ կազմակերպեցին, որին միացավ նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading