Հանրային ծառայությունների եվրոպական արհմիությունը՝ EPSU-ն, շարունակում է իր անդամ կազմակերպությունների համար իրականացնել արհմիութենական կազմակերպման, անդամագրման, հաղորդակցության և կազմակերպչական նորացման թեմաներով դասընթացներ և փորձի փոխանակման հանդիպումներ։ Այս նախաձեռնություններին մասնակցում են նաև տարբեր երկրների արհմիություններ, այդ թվում՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը։
2026 թվականի մայիսին Գդանսկում տեղի ունեցավ EPSU-ի ռազմավարական կազմակերպման առաջին աշխատաժողովներից մեկը, որին մասնակցեցին արհմիութենական առաջնորդներ Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հունգարիայից, Լիտվայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Սլովակիայից և Ուկրաինայից։ Մասնակիցները ներկայացնում էին հարկային, առողջապահության, սոցիալական ծառայությունների, քրեակատարողական համակարգի և տեղական ինքնակառավարման ոլորտների աշխատողներին։
Չնայած երկրների և ոլորտների տարբերություններին՝ քննարկումների կենտրոնում ընդհանուր մարտահրավերներն էին․ ինչպես խթանել աշխատողների ակտիվությունը, ներգրավել նոր անդամներ, ամրապնդել արհմիությունների ներկայությունը աշխատավայրերում և ձևավորել այն կոլեկտիվ ուժը, որն անհրաժեշտ է աշխատողների իրավունքների պաշտպանության և ապագայի մարտահրավերներին դիմակայելու համար։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները փոխանակվեցին փորձով, զարգացրեցին գործնական կազմակերպչական հմտություններ և քննարկեցին արհմիությունների հզորացման նոր մոտեցումներ։
EPSU-ի կազմակերպման և անդամագրման թիմը շարունակում է նաև «Արհմիությունների ռեբրենդինգ և կազմակերպում» թեմայով առցանց հանդիպումների շարքը։ 2026 թվականի հունիսի 4-ին անցկացված երկրորդ վեբինարին մասնակցեցին 55 արհմիութենականներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Հանդիպման նպատակն էր քննարկել, թե ինչպես կարող են արհմիությունները արձագանքել անդամակցության նվազմանը, երիտասարդ աշխատողների ներգրավման դժվարություններին և աշխատանքի շուկայի փոփոխվող պայմաններին։
Վեբինարի ընթացքում ներկայացվեցին Ֆինլանդիայի և Խորվաթիայի արհմիությունների փորձերը։ Ֆինլանդիայի հանրային և բարեկեցության ոլորտների աշխատողների արհմիությունը՝ JHL-ը, ներկայացրեց, թե ինչպես է անդամակցության նվազման պայմաններում ամրապնդել կազմակերպչական աշխատանքը աշխատավայրերում, բարելավել արհմիության տեսանելիությունը, մշակել թիրախային անդամագրման արշավներ և ստեղծել անդամագրման ու արհմիութենական կազմակերպման հատուկ ստորաբաժանում։ Առանձնապես կարևորվեց նաև համագործակցությունը դպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների և համալսարանների հետ, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին դեռ ուսման տարիներից ծանոթանալ արհմիությունների դերին և միանալ արհմիությանը։
Խորվաթիայի հանրային կոմունալ ծառայությունների, տրանսպորտի և հարակից ոլորտների աշխատողների արհմիությունը՝ SKPH-ը, ներկայացրեց իր վերափոխման փորձը՝ 2024 թվականին երկու արհմիությունների միավորումից հետո։ Նրանց օրինակը ցույց տվեց, որ ռեբրենդինգը միայն նոր տեսողական ինքնություն կամ լոգո չէ։ Այն կարող է դառնալ ավելի խորքային կազմակերպչական փոփոխությունների սկիզբ՝ ներառելով ներքին և արտաքին հաղորդակցության ուժեղացում, թվային գործիքների ներդրում, արհմիութենական ներկայացուցիչների վերապատրաստում, կազմակերպման թիմի ձևավորում և անդամակենտրոն մշակույթի զարգացում։
Երկու փորձառություններն էլ ընդգծեցին կարևոր միտք․ արհմիությունների նորացումը միայն հաղորդակցության կամ քարոզչության հարց չէ։ Այն երկարաժամկետ կազմակերպչական գործընթաց է, որը պահանջում է ավելի ակտիվ կապ անդամների հետ, ժողովրդավարական ներքին մշակույթ, նոր առաջնորդների զարգացում, ժամանակակից գործիքների կիրառում և կազմակերպման սկզբունքների ներառում արհմիության բոլոր մակարդակներում։
Այս հանդիպումները կարևոր հարթակ են արհմիությունների համար՝ միմյանցից սովորելու, գործնական լուծումներ փոխանակելու և ընդհանուր մարտահրավերներին միասին արձագանքելու համար։ Անդամակցության նվազման, սերնդափոխության և աշխատողների փոփոխվող կարիքների պայմաններում արհմիությունների համար կազմակերպչական նորացումը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողնեևրի արհմիությունը կարևորում է EPSU-ի կողմից ստեղծվող այսպիսի հարթակների դերը, քանի որ դրանք նպաստում են արհմիությունների կարողությունների զարգացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և աշխատավայրերում ավելի ուժեղ, ժողովրդավարական ու անդամակենտրոն արհմիություններ կառուցելուն։




