Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելու գործընթացում

Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելու գործընթացում

Նոյեմբերի 25-ին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) հրավերով Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը մասնակցեց “Սոցիալական գործընկերների դերը աշխատանքում երրորդ կողմի բռնությունը կանխարգելելու գործընթացում” համաժողովին, որը տեղի ունեցավ Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտում։

Համաժողովը եզրափակեց Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և Եվրոպական արհմիությունների կողմից իրականացվող երկամյա ծրագիրը, որն ուղղված էր հետազոտելու ու բացահայտելու աշխատանքում երրորդ կողմի բռնության խնդիրները։

Աշխատողները, առավելապես առողջապահության, պետական, համայնքային, տրանսպորտի, բանկային, հեռահաղորդակցության և քրեակատարողական ոլորտում պարբերաբար բախվում են սպառնալիքների, ագրեսիայի, բռնության, ոտնձգության և խոշտանգման, թե՛ աշխատավայրում՝ բնակիչների, հաճախորդների, հիվանդների, ծառայություններից օգտվողների, ուղևորների կողմից, թե՛ աշխատավայրից դուրս՝ ընտանեկան բռնության տեսքով, և թե՛ օնլայն սոցիալական հարթակներում՝ կիբեր-ոտնձգությունների տեսքով։ Ընդ որում, նման բռնությունների հանդեպ անհամաչափ ավելի խոցելի են կանայք։

Երրորդ կողմի բռնությունն իր զգալի բացասական, ազդեցությունն ունի արտադրողականության, աշխատանքի և ծառայությունների մատուցման որակի, աշխատողների հոգեկան և ֆիզիակական առողջության վրա։ Խնդրի լուծման մեջ պետք է հավասարապես ներգրավված լինեն բոլոր սոցիալական գործընկերները՝ արհմիությունները, գործատուները և կառավարությունները։

Համաժողովին մասնակցում էին հարյուրից ավելի սոցիալական գործընկերներ Եվրամիության և ԵՄ թեկնածու պետություններից։

Բացման խոսքով հանդես եկավ EPSU գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանը և Իսպանիայի Աշխատանքի անվտանգության և առողջության ինստիտուտի ղեկավարը։ Ելույթներով հանդես եկան նաև Իսպանիայի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Կառավարության պետքարտուղարը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին հետազոտություններ երրորդ կողմի բռնության ազդեցության և խնդրի լուծման մեխանիզմների վերաբերյալ, ամփոփվեց տասը տարի առաջ ԵՄ սոցիալական գործընկների կողմից ընդունված ուղեցույցի կիրառումն ու դրա արդյունքները։ Ամփոփվեցին երրորդ կողմի բռնության վերաբերյալ դրույթները ԵՄ ճյուղային կոլեկտիվ պայմանագրերում, ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձը։

Փորձագետ Վիգինտա Իվասկայտե-Տամոսիունեն ներկայացրեց տարբեր ոլորտներում երրորդ կողմի բռնության հանդեպ խոցելի աշխատողների վրա այդպիսի բռնության ազդեցությունը և դրա վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Հետազոտող Ջեյն Փիլինգերը ներկայացրեց Ուղեցույցի կատարման հիմնական արդյունքները։

Աշխատողների, գործատուների և կառավարությունների ներկայացուցիչները խմբային աշխատանքի արդյունքում կազմեցին Գործողությունների ծրագիր, որը պետք է երրորդ կողմի բռնության կանխարգելման քաղաքականության մշակման հիմք հանդիսանա թե ԵՄ, և թե ազգային մակարդակներում։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն էլ իր հերթին ներկայացրեց Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարում սոցիալական գործընկերների դերի վերաբերյալ ԵՄ դիրեկտիվ ընդունելու մասին առաջարկը։ Խոսվեց նաև ԱՄԿ թիվ 190 Կոնվենցիան ԱՄԿ անդամ պետությունների կողմից վավերացնելու կարևորությունը։ Ներկայումս արդեն 22 պետություններ վավերացրել են Կոնվենցիան․ Հայաստանը դրանց թվում չէ։

Մասնակիցների կողմից շեշտվեց, որ երրորդ կողմի բռնության կանխարգելումը և դրա դեմ պայքարի մեխանիզմները պետք է ներառել աշխատանքի անվտանգության ազգային օրենսդրություններում և աշխատավայրերում աշխատանքի անվտանգության կանոնակարգերում։

Որոշ մասնակիցներ էլ, մասնավորապես Իտալիայից, նշեցին, որ միայն օրենսդրական կարգավորումներով և պետական մեխանիզմներով երրորդ կողմի բռնությունը վերացնել հնարավոր չէ, քանի որ գոյություն ունի նաև մշակույթի և մենթալիտետի խնդիր։ Մասնավորապես, Իտալիայում, տարածված է վիքթիմ-բլեյմինգի, ուրիշի գործերին չխառնվելու, իրավապահ մարմինների հետ չհամագործակցելու մշակույթը, հետևաբար սոցիալական գործընկերների համատեղ գործողություններով և կրթական ծրագրերով անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց իրավագիտակցության մակարդակը և փոխել մտածելակերպը։

%d bloggers like this: