Արհմիությունը ներկայացրել է առաջարկություններ Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական”փոփոխությունների վերաբերյալ

Արհմիությունը ներկայացրել է առաջարկություններ Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական”փոփոխությունների վերաբերյալ

Աշխատողների հաշվին ՊՇՌ թեստավորման և դրա հետ կապված հետևանքների վերաբերյալ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին եռակողմ քննարկումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարաբերությունների նախարարության ներկայացուցիչներն առաջարկեցին օրենքի մասին արհմիության դիտարկումներն ուղարկել նաև պաշտոնական գրությամբ։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իր առաջարկությունները ներկայացրեց նախարարությանը, դրանք նաև հրապարակել ենք e-draft համակարգում։

Առաջարկները ներկայացված են ստորև։

————————————————————

1․ Մենք դեմ ենք այս նախագծին, քանի որ խնդիրը վերաբերվում է ոչ միայն աշխատանքային հարաբերություններին, այլ ողջ հանրությանը։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Խորհուրդը հանդես է եկել հայտարարության, որով դեմ է արտահայտվել աշխատողներին իրենց հաշվին ՊՇՌ հետազոտություն անցնելու պարտադրանքին։ Հայտարարությունը հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3DI0CkX Համարում ենք, որ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը փաստում է, որ մինչ այդ ընդունված ՀՀ Առողջապահության նախարարի 2021թ․ օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը և Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրենքի նախագիծը հակասում են ՀՀ օրենսդրությանը և դրանք օրինականացնելու անհրաժեշտություն կա։ Հետազոտությունը պետք է իրականացվի պետության կամ գործատուի հաշվին, այն էլ՝ ավելի հաճախ, քան 14 օրը մեկ։ Եթե այդ պարագայում աշխատողը դրանից հրաժարվի, ապա ընդունելի ենք համարում տվյալ աշխատողին աշխատանքի չթույլատրելը՝ հեռավար եղանակով աշխատանքը կազմակերպելու անհնարինության դեպքում։

2․ Նախագծով առաջարկվող կարգավորումը անթույլատրելի է աշխատողների անձնական տվյալների պահպանության տեսանկյունից։ Մասնավորապես, Առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոններով նախատեսվում է, որ ՊՇՌ հետազոտությունից կամ պատվաստումից ազատվում են հղիները։ Դա նշանակում է, որ հղի լինելու դեպքում աշխատողը ստիպված կլինի գործատուին հղիության փաստը հաստատող տեղեկանք ներկայացնել, ինչը անձնական բնույթի տեղեկություն է՝ առավելապես հղիության վաղ շրջանում։

3․Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածով նախատեսվում է, որ մինչև 18 տարեկան աշխատողները պետք է ներկայացնեն գործատուին պարտադիր զննման տեղեկանք, այնինչ, Նախարարի նշված հրամանով 18 տարեկանից ցածր աշխատողները չեն ներկայացնում ՊՇՌ հետազոտություն, ինչի տրամաբանությունն անհասկանալի է։

4․ Համոզված չենք, որ կա հստակ վիճակագրություն, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են հանդիսանում ՀՀ-ում գրանցված աշխատողներ։ Հնարավոր է, որ առնվազն մեկ դեղաչափ ստացած 588385 անձանց (հոկտեմբերի 18-ի դրությամբ) մեծ մասը հենց աշխատողներ են։ Դա կնշանակի, որ աշխատողների գերակշիռ մեծամասնությունն արդեն պատվաստվել է, ինչն անիմաստ է դարձնում Աշխատանքային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները։

5․ Աշխատանքային օրենսդրությունը փոխելու և գործատուին չպատվաստված աշխատողներին աշխատանքից ազատելու թույլտվություն տալու փոխարեն առաջարկում ենք քայլեր ձեռնարկել պատվաստման գործընթացը խթանելու համար և կիրառել քաղաքացիներին խրախուսելու միջոցառումներ։ Դեռ օգոստոսի 6-ին մեր՝ Վարչապետին ուղղված 63-01 գրությամբ առաջարկ ենք ներկայացրել պատվաստվող աշխատողներին տրամադրել 2-օրյա վճարովի արձակուրդ, սակայն պատասխան չենք ստացել։

Առաջարկում ենք նաև՝

  • Ցանկացած փակ հանրային վայրերի, որտեղ առկա են մարդկային կուտակումներ, և հանրային միջոցառումների մուտքը հնարավոր դարձնել միայն պատվաստում անցնելու կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները ներկայացնելով։ Բուժհաստատություններում, մանավանդ՝ պոլիկլինիկաներում և բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներում անձանց առողջապահական ծառայություններ մատուցելուց առաջ ԿՈՎԻԴ-19 հիվանդության թեստավորում անցկացնել, խուսափելու համար այլ հիվանդների շրջանում ԿՈՎԻԴ-19 տարածումից ։
  • Անհրաժեշտ է պոլիկլինիկաների կողմից կազմակերպել այցելություններ իրենց կցագրված բոլոր քաղաքացիներին, հատկապես 60-ից բարձր տարիքի՝ բնակչության շրջանում պատվաստման անհրաժեշտության մասին բացատրական աշխատանք տանելու համար։
  • Հատուկ ուշադրություն դարձնել տաքսի ծառայությունների, տրանսպորտի, առևտրի, հանրային սնունդի և ժամանցի ոլորտներում թե՛ աշխատողների, և թե՛ այցելուների պատվաստված կամ թեստավորված լինելու վրա։
  • Խրախուսել այն գործատուներին, որոնց աշխատողների առնվազն 85%-ը պատվաստված են։

3 Comments

  1. Pingback: Կառավարությունը մերժել է արհմիության առաջարկներն ու հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին

  2. Pingback: Եռակողմ քննարկումներ՝ Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների նախագծի վերաբերյալ

  3. Pingback: Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին չքվեարկել Աշխատանքային օրենսգրքի “սանիտարական” փոփոխությունների օգտին

Comments are closed.

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading