Դիտարկումներ Կառավարությանն ու ԱԺ-ին ապահովագրության փաթեթի հետ կապված

Դիտարկումներ Կառավարությանն ու ԱԺ-ին ապահովագրության փաթեթի հետ կապված

Ըստ նախորդ շաբաթ շրջանառվող հրապարակումների՝ Կառավարությունը պատրաստվում էր հավանության արժանացնել և Ազգային Ժողով ուղարկել Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը։ Ուրբաթ օրը կառավարության նիստի ընթացքում անակնկալ կերպով տեղեկացանք, որ հինգշաբթի, չնայած որ Կառավարության նիստ տեղի չէր ունեցել, Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը հավանության է տրվել Կառավարության կողմից և ուղարկվել է Ազգային Ժողով։ Մինչև Ազգային Ժողով ուղարկելը նույնիսկ չի հրապարակվել հավանության արժանացվող փաթեթի տարբերակը։

Այդ կապակցությամբ, Կառավարությանը և Ազգային Ժողովին արհմիության մտահոգություններն ու դիտարկումներն ուղարկեցինք։

Նշել ենք հետևյալ մտահոգությունները։

Եկամտի նվազման հետ կապված

Ըստ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի շրջանառվող նախագծի՝ 201 000 – 500 000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների (որոնք մեծամասնություն են կազմում 200 հազար դրամից ավել աշխատավարձ ունեցող աշխատողների շրջանում) 2026 թվականի ընթացքում առձեռն ստացվող եկամուտը նվազելու է 6300 դրամով (տարեկան՝ 75600 դրամով), քանի որ դրոշմանիշային վճարների նվազման հաշվին եկամուտն ավելանալու է 4500 դրամով, բայց գանձվելու է 10 800 դրամ ապահովագրավճար։ Միաժամանակ, հայտարարվում է, որ հաջորդ օրացույցային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր լրացնելուց հետո հնարավոր կլինի ստանալ մինչև 72 000 դրամ (այժմյան սահմանված 50 000 դրամի փոխարեն) փոխհատուցում պետական բյուջեից։ Ինչը, սակայն, այդքան էլ այդպես չէ, քանի որ ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշմամբ եկամտային հարկից սոցիալական ծախսերի փոխհատուցման չափերը սահմանափակված են 100 000 դրամով։ Այդ որոշման համաձայն՝ 50 000 դրամ կարելի է ստանալ առողջապահական ապահովագրության համար կատարած ծախսերի դիմաց, այն էլ միայն այն դեպքում, եթե անձը չունենա ատամնաբուժական ծառայությունների և կրթական ծախսերի համար փոխհատուցում կամ հիպոտեկային վարկի վերադարձ։ Հետևաբար, այնուամենայնիվ, աշխատողի եկամուտը շուրջ 6300 դրամով պակասելու է։ Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում անթույլատրելի է աշխատողներից հավելյալ 6300 դրամ գանձելը, մանավանդ, որ ապահովագրությամբ ծածկվող ծառայությունները բավարար չեն առողջական խնդիրների լուծման համար և չկա վստահություն այդ ծառայությունների որակի նկատմամբ։

Սոցիալական վիճակի հետ կապված

Պետք է նշել, որ 201-ից 500 հազար դրամ վարձատրությանը չի կարելի արժանապատիվ համարել, քանի որ այդպիսի վարձատրության դեպքում «մաքուր» աշխատավարձն ընդամենը 2-3 անգամ է բարձր Առողջապահության նախարարության կողմից մշակված զամբյուղի հիման վրա հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (որը 2025թ 2-րդ կիսամյակի համար կազմել է 81680 դրամ)։ Այնինչ, մարդը հիմնականում միայնակ չի ապրում, ընտանիք և երեխաներ է ունենում։ Երեխաների հետ կապված ծախսերը բազմապիսի են․ միայն կրթության հետ կապված ծախսերն ահռելի են։ Դպրոցական կրթությունը, չնայած թվացյալ անվճար է, բայց մեծ կողմնակի ծախսեր է պահանջում։ Իսկ դրա որակի բացակայության պատճառով կրկնուսույցների մշակույթը ծաղկում է և  հավելյալ զգալի գումարներ է պահանջում։ Հետդպրոցական կրթությունը շատ ավելի թանկ է։ Ընտանիքների ծախսերի զգալի մաս են կազմում նաև հիպոտեկային և կենցաղային վարկերը, որոնցից ստիպված օգտվում է աշխատողների գերակշռող մեծամասնությունը։

Առողջապահական ծառայությունների հետ կապված

Անդրադառնալով առողջապահական ծառայությունների որակին՝ դիտարկելով միայն դեղատոմսեր դուրս գրելու համակարգը, արձանագրում ենք, որ այն մինչև հիմա լիարժեք չի իրականացվում, թեպետ համարյա երկու տարի է ինչ ներդրվել է։ Հիվանդանոցային բժիշկներն ընդհանրապես դեղատոմսեր չեն դուրս գրում դեղորայքներ նշանակելուց, իսկ պոլիկլինիկաներում աշխատում են շրջանցել դեղատոմսերի դուրս գրման պահանջը։ Ապահովագրության համակարգի գործելու պարագայում դեղատոմս դուրս գրելու պահանջարկը մեծանալու է։ Պարզ է, որ ընթացակարգը պատշաճ կերպով չի աշխատելու։ Նույնը վերաբերում է կանխարգելիչ ստուգումների համակարգին, որը մեծամասամբ ձևական բնույթ է կրում նույնիսկ այսօր։ Ոչինչ չի վկայում, որ այն փոխվելու է ապահովագրությունը ներդնելուց հետո։

Սոցիալական արդարության հետ կապված

Ինչ վերաբերում է 500 հազար դրամից ավել ստացողներին, նրանց եկամուտը պակասելու է շուրջ 3300 դրամով, ինչը նման աշխատավարձերի պարագայում գուցե և մեծ ծախս չէ։ Բայց սոցիալական արդարության տեսանկյունից սխալ ենք համարում այնպիսի համակարգ ներդնելը, որի դեպքում ավելի քիչ աշխատավարձ ստացողի եկամուտը տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ է պակասելու, քան ավելի շատ ստացողինը։

Ապահովագրություն ունեցողների հետ կապված

Նախագծի հեղինակները չեն կատարել ուսումնասիրություն, թե աշխատողներից քանիսն են, որ արդեն ապահովագրված են գործատուների կողմից։ Կարծում ենք, որ դրանք զգալի տոկոս են կազմում։ Օրինակ՝ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատողները՝ շուրջ 20 000 հոգի, ունեն ապահովագրություն։ Մոտ 150 000 պետական աշխատողներ ապահովագրված են սոցփաթեթի միջոցով։ Պետական բուհերի մի մասն ապահովագրել է իրենց աշխատողներին: ՏՏ ոլորտում և այլ մասնավոր ոլորտներում աշխատողների զգալի մասը նույնպես ապահովագրված է։ Թվարկված գործատուները սոցիալական պատասխանատվություն են ցուցաբերել և ներդրում են կատարել իրենց աշխատողների կյանքի որակն ապահովելու համար։ Համապարփակ ապահովագրության նախագիծը որևէ նման սոցիալական պատասխանատվություն գործատուների համար չի նախատեսում, փոխարենը ապահովագրության ֆինանսավորումը դնում է միայն աշխատողների ուսերին։ Ավելին՝ խրախուսում է նման գործատուներին կասեցնել ներկայիս ապահովագրական փաթեթները։ Չնայած նախագծի հեղինակները նշում են, որ որևէ կերպ արգելված չի լինելու գործատուներին տրամադրել աշխատողներին ապահովագրություն, սակայն, օրենքի ներդրումից հետո գործատուների կողմից ապահովագրության տրամադրումն անիմաստ է դառնում։  

Կարծում ենք, որ պետությունը, ի դեմս՝ Կառավարության և Ազգային Ժողովի, չպետք է վախենա գործատուների վրա դնել իրենց աշխատողների առողջության մասին հոգալու պարտավորությունը։ Հակառակ դեպքում, աշխատողների մեծ մասի համար աշխատանքային ներկայիս ունեցած պայմանները վատթարանալու են։ Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները, առաջարկում ենք այնպիսի կարգավորումներ նախատեսել, որ գործատուների կողմից ներկայումս տրամադրվող ապահովագրության գումարները շարունակվեն վճարվել արդեն պետական ապահովագրական հիմնադրամին։ Մյուս կողմից, որոշ մասնավոր կազմակերպություններում աշխատողներին տրամադրվող ապահովագրական փաթեթն անհամեմատ լավն է, քան նախատեսվում է Նախագծով։ Այս դեպքերի համար հատուկ որոշումներ պետք է կայացվեն, քանի որ այդպիսի աշխատողներն, հնարավորության դեպքում, չեն հրաժարվի իրենց ներկայիս ապահովագրությունից, բայց ստիպված վճարելու են նաև պետական ապահովագրության համար։

Պետական ու համայնքային ծառայողների հետ կապված

Գտնում ենք, որ պետական և համայնքային աշխատողները առանց այդ էլ քիչ են վարձատրվում և նրանց ապահովագրության վճարները պետք է արվեն իրենց գործատուի՝ պետության և համայնքների հաշվին (ինչպես այժմ և արվում է մեծամասամբ)։

Գրությունը կարող եք տեսնել այստեղ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading