Ապրիլի 1-ին Երևանում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքում, տեղի ունեցավ ՀՀ – ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի 6-րդ նիստը։ Քաղհասարակության պլատֆորմը երկկողմ հարթակ է, որը ստեղծվել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և Ընդլայնված գործընկերության Համաձայնագրով (CEPA) և կազմված է արհմիությունների, բիզնեսների և ՀԿ-ների 18 ներկայացուցիչներից։ Հայկական կողմի արհմիությունների երեք ներկայացուցիչներից մեկը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-եորի աշխատողների կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանն է։
Նիստին ներկա գտնվեցին նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ոլորտային փոխնախարարներ։ Քննարկվեցին Հայաստանի կողմից CEPA Համաձայնագրով ստանձնած բարեփոխումների կատարման ընթացքը, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարգավիճակը, սոցիալական երկխոսությունն ու աշխատանքային իրավունքները, արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականությունը։
Նիստի ընթացքում նա շեշտեց, որ CEPA համաձայնագրով սահմանված աշխատանքային ու սոցիալական բարեփոխումների մասով առաջընթաց չի գրանցվել։ Մասնավորապես, աշխատողների համար շարունակում է բացակայել խորհրդակցության հիմնարար իրավունքը ազգային մակարդակում և բանակցելու իրավունքը կազմակերպության մակարդակում, այդ թվում՝ բացակայում է պետական աշխատողների համար ոլորտային մակարդակում բանակցելու իրավունքն ու ինստիտուցիոնալ շրջանակը։ Սոցիալական երկխոսության իրավունքի բացակայությունը խնդիր է նաև քաղաքական որոշումների ժողովրդավարության և դրանց հիմնավորվածության համատեքստում։ Նշեց նաև, որ CEPA-ով սահմանված աշխատանքային ու սոցիալական բարեփոխումները կատարելու համար դեռևս գործուն քայլեր չեն ձեռնարկվել ոլորտային գերատեսչությունների կողմից։ Այս ոլորտում բարեփոխումների կատարողականը վերջին տարիներին գրեթե չի փոխվել։
Նիստի ընթացքում թեժ քննարկում ծավալվեց նաև կառավարության կողմից աշխատանքային ժամերը կրճատելուն ուղղված օրենսդրական նախագծի վերաբերյալ, քանի որ Պլատֆորմի անդամ բիզնեսի ներկայացուցիչները կտրականապես դեմ էին արհմիությունների կողմից նախագծի վերաբերյալ դրական կարծիքներ հայտնելուն։ Եվրոպական գործընկերների կողմից ևս մեկ անգամ շեշտվեց Հայաստանում սոցիալական երկխոսությունը գործարկելու հրամայականը՝ սոցիալական գործընկերների միջև կոնստրուկտիվ քննարկումներ ունենալու համար։
Հանդիպման արդյունքներով , ավանդույթի համաձայն, ընդունվեց հռչակագիր, որը կհրապարակվի շուտով։

















Pingback: 2025 II եռամսյակի ամփոփում