
2025 թ. հունիսի 24-ին Երեւանում ներկայացվել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024թ. զեկույցը՝ ՀԸԳՀ (CEPA) կատարման առաջընթացի վերաբերյալ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի եվրոպական կողմից համանախագահ Սիմո Տիայնենը (առցանց), ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայկական կողմից համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը ներկայացրել է զբաղվածության, սոցիալական եւ աշխատանքային իրավունքների հետ կապված զեկույցը։
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Արսեն Իգիթյանի ելույթից․
«Այս ոլորտում ՀԸԳՀ-ն բավական ծավալուն է, եթե սովորաբար այլ ոլորտները համաձայնագրով ունեն կոնկրետ կետային բարեփոխումներ, այս ոլորտում ՀԸԳՀ-ն նաեւ ունի հղումներ աշխատանքի տարատեսակ միջազգային ստանդարտներին՝ ԱՀԿ կոնվենցիաներին, հանձնարարականներին, օրակարգերին, այլ փաստաթղթերին։ Համադրելով իրար հետ՝ ստացվում է, որ գրեթե ցանկացած ոլորտ, ենթաոլորտ այս հարցերին վերաբերող, բոլորին անդրադարձ կա։
Մինչ այս պահը ՀԸԳՀ-ով սահմանված պարտավորությունները կարելի է մասամբ համարել կատարված, սա հիմնականում վերաբերվում է մինչեւ այս տարի կատարված բարեփոխումներին, մասնավորապես՝ կանանց եւ տղամարդկան միջեւ խտրականության բացառումն է որոշակի ասպեկտներում՝ սոցիալական իրավունքները, թոշակի տարիքը, կրթության իրավունքը եւ այլն։ Այս կապակցությամբ, համենայնդպես փաստաթղթային առումով, պարտավորությունները քիչ թե շատ կատարված են, բայց, իհարկե, այլ բան է գործնականը։
Հաջորդիվ ՀԸԳՀ-ով սահմանված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են խորհրդակցելու իրավունքը, որի հետ ունենք խնդիրներ, եթե փորձենք քանակական ներկայացնել, թե որքանն է կատարվել այս ոլորտում ՀԸԳՀ պարտավորություններից, ապա վերջին տարիներին թիվը չի փոխվում՝ մոտավորապես նույն 12 տոկոսն է։
Զեկույցի շատ կոմպոնենտներ, ցավոք, կրկնում, կամ վերահաստատում են այն դրույթները, որ կային մեր նախորդ տարվա զեկույցում, ինչը նշանակում է, որ դեռեւս որեւէ շոշափելի պրոգրես չկա։ Մենք տեղեկացանք, որ այնուամենայնիվ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ԱԺ միջեւ վերջերս հանդիպում է կայացել՝ հենց ՀԸԳՀ կատարման ընթացքը քննարկելու եւ հետագա կատարումը պլանավորելու հարցով, ինչը դրական է, քանի որ մինչ այդ կարծես չկար՝ գոնե մեզ հայտնի պլան։ Հուսով ենք՝ այդ ճանապարհային քարտեզներն ու մյուս գործընթացները նաեւ բաց կլինեն, մենք տեղեկացված կլինենք եւ հնարավորություն կունենանք մասնակցել։
Կներկայացնեմ ոլորտի խնդիրները, որոնք մենք 3 մասի ենք բաժանել։ 1՝ միավորման եւ կազմակերպվելու իրավունք, որը աշխատանքային ոլորտի հիմնարար իրավունքներից մեկն է, 2՝ սոցիալական գործընկերության կամ երկխոսության խնդիրներ, 3՝ պետության կողմից աշխատանքային, սոցիալական իրավունքի պաշտպանություն, այդ ոլորտում օրենսդրական կարգավորումներ եւ այլ քաղաքականություններ։
1-ին կետով ՀՀ-ում շարունակվում է սահմանափակ մնալ գործադուլի իրավունքը, որը մեր օրենսդրությամբ ունի չափազանց շատ նախապայմաններ, երբեմն այնպիսի նախապայմաններ, որոնք գործնականում գրեթե անհնար են, արդյունքում օրենքի այդ բացերը հնարավորություն են տալիս գործատուներին, կամ այլ սուբյեկտներին ապօրինի համարել գործադուլի իրականացումը։ Մյուսը միավորման ազատության սահմանափակումն է, այստեղ ունենք որոշ օրենսդրական խնդիրներ, գուցե գործնականում դրանք դեռ այնքան մեծ խնդիր չհամարվեն, բայց, այդուհանդերձ, ունենք միջազգային օրենսդրական նորմերից շեղումներ։
Սոցիալական երկխոսության մասով՝ այն իրենից ներկայացնում է աշխատողների խորհրդակցելու եւ կոլեկտիվ բանակցելու իրավունքը՝ բոլոր մակարդակներում, թե՛ աշխատավայրի, թե՛ ոլորտի, թե՛ ազգային մակարդակներում։ Ցավոք, այս ոլորտում մենք երեւի ամենաշատ խնդիրներն ունենք, քանի որ սոցիալական երկխոսություն Հայաստանում գոյություն չունի։ Այո, օրենսդրության մեջ կա որոշակի շրջանակ, որ նկարագրում է սոցիալական գործընկերությունը, բայց այդ գործընկերության ապահովման մեխանիզմը չկա։
Աշխատանքային ընդհանուր օրենսդրության մասով աշխատողների պետական պաշտպանության մասին․պետությունը պարտավորություն ունի պաշտպանել աշխատողների իրավունքները, աշխատանքային «աշխարհը», կարելի է ասել, այն ամենամեծ ոլորտն է, որում ցայտուն կերպով գործում է թե՛ կոռուպցիան, թե՛ օրենքի գերակայության բացակայությունը եւ այլ խնդիրներ, քանի որ աշխատող մարդիկ ամենամեծ թվաքանակն են ՀՀ-ում, եւ այստեղ ունենք համակարգային խախտումներ՝ օրինակ՝ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը, կամ՝ աշխատավարձի չգրանցված լինելը։ Մեծագույն խնդիրներից է նաեւ պետության տեսչական ինստիտուտի պարալիզացված լինելը, թեեւ վերջին շրջանում այդ մարմնին տրվել են լիազորություններ, սակայն տեսչական մարմինները գործանականում շարունակում են լինել մարմիններ, որոնք գրեթե չունեն հնարավորություն ինչ-որ իրավախախտումներ բացահայտելու, դրանց հետեւից գնալու եւ դրանք լուծելու համար։ Մեկ այլ խնդիր է առողջ եւ անվտանգ աշխատանքի վերաբերյալ քաղաքականության բացակայությունը։
Այս զեկույցում նաեւ այլ ակտուալ թեմայի ենք անդրադարձել, մասնավորապես, պլատֆորմային զբաղվածությունը, որը դասական օրենսդրական կարգավորումներով չի համարվում աշխատանք։ Իհարկե, սա միայն ՀՀ խնդիրը չէ, ՀՀ-ն արդեն փորձեր անում է կարգավորել ոլորտը, դա դրական զարգացում է, բայց կարգավորումը շատ ռադիկալ բնույթ ունի, եւ հուսանք՝ հետագայում կարգավորումները կկատարելագորվեն։
Պլատֆորմային զբաղվածությունը ՀՀ-ում սերտորեն կապված է օտարերկրացիների շահագործման հետ, որոնց հիմնականում աշպատանքներում ներգրավում են անօրինական ձեւով, այդ անձանց քանակի աճով պահմանավորված պետությունն, այնուամենայնիվ, միջամտեց, բայց այն շատ միակողմանի էր, քանի որ պարզապես որոշվեց խստացնել վիզայի պահանջները որոշ երկրների համար։ Այստեղ ավելի համակարգային, միջգերատեսչական միջոցառումներ են պետք»։
Արսեն Իգիթյանը նաև ներկայացրեց EU-Armenia.am կայքը և մասնավորապես CEPA կատարումը գնահատող անկախ վիրտուալ գործիքը։
Տարեկան զեկույցն ամբողջությամբ տեղադրված է այստեղ՝ https://img1.wsimg.com/blobby/go/5752ebf7-1b3a-495a-a100-10a10049469c/downloads/108e4e36-8717-4c6c-befd-1b9b6b1f7512/CEPA%20Report_2024_arm.pdf
