Դեռևս 2024 թվականին վարչապետի որոշմամբ աշխատակազմում ստեղծվել է Մասնակցային և բաց կառավարման վարչություն։
Նշված վարչության կողմից նախաձեռնվել է առաջարկների հավաքագրում “Բաց կառավարման գործընկերություն — Հայաստան” (ԲԿԳ) նախաձեռնության նոր գործողությունների ծրագրի ձևավորման համար:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ներկայացրեց առաջարկներ կապված պետական ոլորտում սոցիալական երկխոսության մեխանիզմի ներդրման վերաբերյալ։
- Կատարել օրենադրական փոփոխություններ՝ ներդնելով և ապահովելով սոցիալական գործընկերությունը պետական ծառայողների համար։
- սահմանել այն պետական մարմինը, որը պետք է հանդիսանա ճյուղային կոլեկտիվ բանակցությունների ու կոլեկտիվ պայմանագրի կողմ այն աշխատողների համար, ում գործատուն կառավարությունն է։
- սահմանել մարմնի լիազորությունների շրջանակը և պարտավորությունները, այդ թվում՝ պետական բյուջեի նախագծի և պետական աշխատողների վարձատրության վերաբերյալ ամենամյա խորհրդակցություններ և դրանց հիմա դրա որոշումների ընդունման լիազորություն։
- Կատարել օրենսդրական բարեփոխում՝ հիմնադրելով սոցիալական գործընկերների միջև (Կառավարություն, Գործատուների հանրապետական միություն, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա) եռակողմ սոցիալական գործընկերության համակարգ՝ այդ թվում ապահովելով եռակողմ հանձնաժողովի ստեղծումը, դրա կառուցվածքն ու գործունեության կանոնակարգը, պետության պարտավորությունը՝ քննարկել և համաձայնեցնել աշխատանքային, սոցիալ-տնտեսական, ֆինանսական, բնապահպանական քաղաքական որոշումները սոցիալական գործընկերների հետ, մինչև դրանց հանրային շրջանառությունը։
- Մինչև պետական ծառայողների համար իմաստալից սոցիալական գործընկերության համակարգի ներդրումը՝ ապահովել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրում պետական աշխատողների համար որոշակի լրացուցիչ իրավունքների ու երաշխիքների ամրագրումը։
Սոցիալական գործընկերության համակարգի ներդրումը, մասնավորապես պետական ծառայողների համար, ավելի ներառական կդարձնի բյուջետային գործընթացներում ուղղակի շահառուների մասնակցությունը, կբարելավվի աշխատանքային իրավունքները, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, միավորման ազատության և կոլեկտիվ բանակցությունների հետ կապված վարկանիշների բարելավմանը, որն իր հերթին կնպաստի միջպետական տնտեսական համագործակցության խորացմանը և ներդրումների համար գրավչության բարձրացմանը։ Խնդրի լուծումը նաև կամրապնդի պետական աշխատողների և կառավարության միջև վստահությունը և հիմք կստեղծի սոցիալական երկխոսության հետագա ավելի լայն բարեփոխումների համար, ինչը կնպաստի նաև Հայաստանի պարտավորությունների կատարմանը լիարժեք կատարմանը։
Հիշեցնենք, որ սոցիալական երկխոսությունը, այն է սոցիալական գործընկերների (կառավարություն, գործատուներ, արհմիություններ) միջև քաղաքական որոշումների վերաբերյալ քննարկումները, խորհրդակցությունները կոլեկտիվ բանակցությունները և տեղեկատվության փոխանակման համակարգը, բաց կառավարման գործընկերության շարժիչ ուժն ու հիմնաքարն է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է սոցիալական երկխոսությանը և խորհրդակցություններին վերաբերող Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հիմնական կոնվենցիաները՝ Կազմակերպվելու և կոլեկտիվ բանակցելու իրավունքի մասին թիվ 98, Եռակողմ խորհրդակցությունների մասին թիվ 144, Պետական ծառայությունում աշխատանքային հարաբերությունների մասին թիվ 151 կոնվենցիաները, սոցիալական երկխոսության համակարգը գործնականում ներդրված չէ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է «սոցիալական գործընկերությունը», սոցիալական գործընկերներության կողմերը և կոլեկտիվ պայմանագրերը, սահմանվում և նկարագրվում են սոցիալական գործընկերության մակարդակները։ Օրենսգրքով սահմանված է նաև, որ եթե գործատուն Հայաստանի Հանրապետությունն է, ապա ճյուղային կոլեկտիվ պայմանագրի կողմերն են ճյուղային արհմիությունը և համապատասխան պետական մարմինը։ Սակայն, գործնականում նման պետական մարմին մինչ օրս չի սահմանվել, ինչով, փաստորեն չի ներդրվել պետական աշխատողների համար կոլեկտիվ բանակցելու իրավունքը։ Նմանապես, ներդրված չէ նաև ընդհանուր սոցիալական գործընկերությունը․ ստեղծված չեն հանրապետական եռակողմ և երկկողմ սոցիալական գործընկերության հարթակներ։ Այդպիսով, օրենսդրական շրջանակը ոչ միայն գործնականում չի ապահովում սոցիալական գործընկերության ինստիտուտը, բայց և չի ապահովում պետական ծառայողների ոլորտային (ճյուղային) կոլեկտիվ բանակցություն վարելու և ճյուղային կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունքը։ Կոլեկտիվ բանակցություններն ու դրանց արդյունքում ձևավորված կոլեկտիվ պայմանագրերն աշխատողների համար հիմնականում սահմանում են աշխատանքային ու սոցիալական իրավունքների լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ։ Պետական աշխատողների դեպքում կոլեկտիվ բանակցության դեպքում լրացուցիչ արտոնությունների և երաշխիքների սահմանումը սերտորեն կապված է պետական բյուջեի ժողովրդավար ձևավորման հետ, քանի որ տվյալ աշխատողների վարձատրությունը գոյանում է պետական բյուջեից։ Բազմաթիվ պետություններում, որտեղ հարգվում են աշխատանքային իրավունքներն ու աշխատանքի միջազգային նորմերը, որպես պետական աշխատողների հետ ոլորտային բանակցող մարմին սահմանվում են կամ Ֆինանսների նախարարությունը, կամ Քաղծառայությունը համակարգող մարմինը, կամ էլ առանձին մարմին է ստեղծվում )։ Այդպիսի մարմինը, բացի բանակցելու պարտավորությունից, ստանում է որոշակի լիազորություններ, որպեսզի պետական աշխատողներին միավորող ճյուղային արհմիության հետ համաձայնության գալով կարողանա որոշումներ ընդունել, այդ թվում՝ պետական բյուջեի հետ կապված։ Այն պետություններում, որտեղ պետական աշխատողների համար առանձին ինստիտուցիոնալ շրջանակ հիմնադրված չէ, պետական աշխատողների համար լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ սահմանվում են անմիջապես Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով կամ որոշվում են սոցիալական գործընկերներից կազմված հանրապետական եռակողմ հանձնաժողովներով (օրինակ՝ Լիտվայում)։ ՀՀ-ում ներկայումս Հանրապետական եռակողմ սոցիալական գործընկերության համակարգ (այդ թվում՝ եռակողմ հանձնաժողով) նույնպես գոյություն չունի։ Կառավարության, Գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև վերջին 14 տարիների ընթացքում մի քանի անգամ կնքվել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագրեր, որոնցով սահմանվել է նման հանձնաժողով։ Նման կոլեկտիվ պայմանագրերը, սակայն, ժամկետային են (այս պահին կնքված համաձայնագիր չկա) և հետագա նոր պայմանագրերի կնքումը կախված է իշխանությունների քաղաքական կամքից։ Բացի այդ, մինչ այժմ կնքված հանրապետական կոլեկտիվ պայմանագրերը աշխատողների համար որևէ արտոնություններ կամ երաշխիքներ չեն սահմանել և այդ իմաստով ունեցել են ավելի դեկլարատիվ բնույթ։

