Բարի գալուստ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Բարի գալուստ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Անցկացվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության Նախագահության թիվ 8 տարեվերջյան նիստը։
Ամփոփվեցին անցնող տարվա անելիքները և հաստատվեց գալիք տարվա աշխատանքային պլանը։ Հաստատվեց գալիք տարվա բյուջեն։ Նախագահությունը նաև լսեց արհմիության որոշ անդամ կազմակերպությունների նախագահների կատարած աշխատանքի հաշվետվությունը։


Կառավարության կողմից 2025 հոկտեմբերին շրջանառվել է “Արհեստակցական միությունների մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ։ Նախագծով առաջարկվում է սահմանել կոլեկտիվ բանակցությունների իրավունքը, ինչը ողջունելի բարեփոխում է։ Նման իրավունքի ամրագրման անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնել ենք։
Ուսումնասիրելով նախագիծը՝ ներկայացրել ենք մեր առաջարկների ու դիտարկումների փաթեթը։ Ի թիվս բազմաթիվ դիտարկումների, առաջարկել ենք ուժեղացնել արհմիությունների անկախությունն ու արհմիություններիի պաշտապանության մեխանիզմները պետական ոլորտում գործատուների կողմից միջամտություններից ու խոչընդոտումներից, ապահովել կոլեկտիվ բանակցությունների իրավունքը պետական ոլորտի աշխատողների համար, ինչպես նաև եռակողմ սոցիալական գործընկերությունն ազգային մակարդակում։
Առաջարկներն ամբողջությամբ հասանելի են այստեղ։

Դեկտեմբերի 5-ին Բրյուսելում հրավիրվեց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի 7-րդ հերթական նիստը, որի անդամ է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։
Պլատֆորմի նիստերում ներկայացվում է Եվրամիության և Հայաստանի միջև կնքվա] CEPA (Համապարփակ և ընդլայնված գործընկերության) համաձայնագրի ոլորտների կատարողականը։
Իր ելույթում Արսեն Իգիթյանը նշեց, որ չնայած արհմիությունների ջանքերին, աշխատանքային և սոցիալական ոլորտում բարեփոխումները դանդաղ կամ ընդհանարպես չեն իրականանում և խնդիրները տարեց տարի նույնն են։ Մասնավորապես՝
Վերջերս շրջանառված “Արհեստակցական միությունների մասին” օրենքում փոփոխությունների նախագծով այդպիսի իրավունքն առաջարկվում է սահմանել և կարևոր է այդ նախագիծը կյանքի կոչվի


Ավելի վաղ Կառավարությանն առաջարկ էինք ներկայացրել՝ խնդրելով կատարել օրենսդրական այնպիսի փոփոխություն, որ համայնքային ծառայողների համար սահմանվի լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի դրույթ։ Այդպիսի լրացուցիչ երաշխիք սահմանված է քաղաքացիական ծառայողների համար, այդպիսով ստեղծելով խտրականություն հանրային ծառայողների միջև։
Կառավարությունը սկզբում նամակը վերահասցեավորել էր Քաղծառայության գրասենյակ, որից մեզ հայտնեցին, որ լիազորություն չունեն համայանքային ծառայության վարձատրության քաղաքականության մեջ։ Ստիպված եղանք երկրորդ անգամ ուղարկել գրությունը, որն այս անգամ վերահասցեավորվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Նախարությունից ստացանք պատասխան, որում նշվում է, որ արհմիության “առաջարկն, ընդհանուր առմամբ ողջունելի է“։ Նշվում է նաև, որ “համայնքների հաստիքացուցակների վերլուծության արդյունքում կարելի է փաստել, որ համայնքների միավորման գործընթացից հետո համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը քաղաքացիական ծառայության համարժեք պաշտոնների համեմատ ներկայումս ավելի բարձր են“։
Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ ներկայումս նախաձեռնվել է համայնքային ծառայության ոլորտի օրենսդրական փոփոխությունների գործընթաց , որի շրջանակներում մեր առաջարկը կքննարկվի համայնքների ղեկավարների հետ։
Նախարարության պատասխանն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ 2023 թվականին, Երևան քաղաքում գործող համայնքային կոլեկտիվների արհմիությունները նույնպես նման առաջարկով դիմել էին Երևանի քաղաքապետին։
Ըստ նախորդ շաբաթ շրջանառվող հրապարակումների՝ Կառավարությունը պատրաստվում էր հավանության արժանացնել և Ազգային Ժողով ուղարկել Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նախագիծը։ Ուրբաթ օրը կառավարության նիստի ընթացքում անակնկալ կերպով տեղեկացանք, որ հինգշաբթի, չնայած որ Կառավարության նիստ տեղի չէր ունեցել, Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը հավանության է տրվել Կառավարության կողմից և ուղարկվել է Ազգային Ժողով։ Մինչև Ազգային Ժողով ուղարկելը նույնիսկ չի հրապարակվել հավանության արժանացվող փաթեթի տարբերակը։
Այդ կապակցությամբ, Կառավարությանը և Ազգային Ժողովին արհմիության մտահոգություններն ու դիտարկումներն ուղարկեցինք։
Նշել ենք հետևյալ մտահոգությունները։
Ըստ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի շրջանառվող նախագծի՝ 201 000 – 500 000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների (որոնք մեծամասնություն են կազմում 200 հազար դրամից ավել աշխատավարձ ունեցող աշխատողների շրջանում) 2026 թվականի ընթացքում առձեռն ստացվող եկամուտը նվազելու է 6300 դրամով (տարեկան՝ 75600 դրամով), քանի որ դրոշմանիշային վճարների նվազման հաշվին եկամուտն ավելանալու է 4500 դրամով, բայց գանձվելու է 10 800 դրամ ապահովագրավճար։ Միաժամանակ, հայտարարվում է, որ հաջորդ օրացույցային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր լրացնելուց հետո հնարավոր կլինի ստանալ մինչև 72 000 դրամ (այժմյան սահմանված 50 000 դրամի փոխարեն) փոխհատուցում պետական բյուջեից։ Ինչը, սակայն, այդքան էլ այդպես չէ, քանի որ ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշմամբ եկամտային հարկից սոցիալական ծախսերի փոխհատուցման չափերը սահմանափակված են 100 000 դրամով։ Այդ որոշման համաձայն՝ 50 000 դրամ կարելի է ստանալ առողջապահական ապահովագրության համար կատարած ծախսերի դիմաց, այն էլ միայն այն դեպքում, եթե անձը չունենա ատամնաբուժական ծառայությունների և կրթական ծախսերի համար փոխհատուցում կամ հիպոտեկային վարկի վերադարձ։ Հետևաբար, այնուամենայնիվ, աշխատողի եկամուտը շուրջ 6300 դրամով պակասելու է։ Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում անթույլատրելի է աշխատողներից հավելյալ 6300 դրամ գանձելը, մանավանդ, որ ապահովագրությամբ ծածկվող ծառայությունները բավարար չեն առողջական խնդիրների լուծման համար և չկա վստահություն այդ ծառայությունների որակի նկատմամբ։
Պետք է նշել, որ 201-ից 500 հազար դրամ վարձատրությանը չի կարելի արժանապատիվ համարել, քանի որ այդպիսի վարձատրության դեպքում «մաքուր» աշխատավարձն ընդամենը 2-3 անգամ է բարձր Առողջապահության նախարարության կողմից մշակված զամբյուղի հիման վրա հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (որը 2025թ 2-րդ կիսամյակի համար կազմել է 81680 դրամ)։ Այնինչ, մարդը հիմնականում միայնակ չի ապրում, ընտանիք և երեխաներ է ունենում։ Երեխաների հետ կապված ծախսերը բազմապիսի են․ միայն կրթության հետ կապված ծախսերն ահռելի են։ Դպրոցական կրթությունը, չնայած թվացյալ անվճար է, բայց մեծ կողմնակի ծախսեր է պահանջում։ Իսկ դրա որակի բացակայության պատճառով կրկնուսույցների մշակույթը ծաղկում է և հավելյալ զգալի գումարներ է պահանջում։ Հետդպրոցական կրթությունը շատ ավելի թանկ է։ Ընտանիքների ծախսերի զգալի մաս են կազմում նաև հիպոտեկային և կենցաղային վարկերը, որոնցից ստիպված օգտվում է աշխատողների գերակշռող մեծամասնությունը։
Անդրադառնալով առողջապահական ծառայությունների որակին՝ դիտարկելով միայն դեղատոմսեր դուրս գրելու համակարգը, արձանագրում ենք, որ այն մինչև հիմա լիարժեք չի իրականացվում, թեպետ համարյա երկու տարի է ինչ ներդրվել է։ Հիվանդանոցային բժիշկներն ընդհանրապես դեղատոմսեր չեն դուրս գրում դեղորայքներ նշանակելուց, իսկ պոլիկլինիկաներում աշխատում են շրջանցել դեղատոմսերի դուրս գրման պահանջը։ Ապահովագրության համակարգի գործելու պարագայում դեղատոմս դուրս գրելու պահանջարկը մեծանալու է։ Պարզ է, որ ընթացակարգը պատշաճ կերպով չի աշխատելու։ Նույնը վերաբերում է կանխարգելիչ ստուգումների համակարգին, որը մեծամասամբ ձևական բնույթ է կրում նույնիսկ այսօր։ Ոչինչ չի վկայում, որ այն փոխվելու է ապահովագրությունը ներդնելուց հետո։
Ինչ վերաբերում է 500 հազար դրամից ավել ստացողներին, նրանց եկամուտը պակասելու է շուրջ 3300 դրամով, ինչը նման աշխատավարձերի պարագայում գուցե և մեծ ծախս չէ։ Բայց սոցիալական արդարության տեսանկյունից սխալ ենք համարում այնպիսի համակարգ ներդնելը, որի դեպքում ավելի քիչ աշխատավարձ ստացողի եկամուտը տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ է պակասելու, քան ավելի շատ ստացողինը։
Նախագծի հեղինակները չեն կատարել ուսումնասիրություն, թե աշխատողներից քանիսն են, որ արդեն ապահովագրված են գործատուների կողմից։ Կարծում ենք, որ դրանք զգալի տոկոս են կազմում։ Օրինակ՝ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատողները՝ շուրջ 20 000 հոգի, ունեն ապահովագրություն։ Մոտ 150 000 պետական աշխատողներ ապահովագրված են սոցփաթեթի միջոցով։ Պետական բուհերի մի մասն ապահովագրել է իրենց աշխատողներին: ՏՏ ոլորտում և այլ մասնավոր ոլորտներում աշխատողների զգալի մասը նույնպես ապահովագրված է։ Թվարկված գործատուները սոցիալական պատասխանատվություն են ցուցաբերել և ներդրում են կատարել իրենց աշխատողների կյանքի որակն ապահովելու համար։ Համապարփակ ապահովագրության նախագիծը որևէ նման սոցիալական պատասխանատվություն գործատուների համար չի նախատեսում, փոխարենը ապահովագրության ֆինանսավորումը դնում է միայն աշխատողների ուսերին։ Ավելին՝ խրախուսում է նման գործատուներին կասեցնել ներկայիս ապահովագրական փաթեթները։ Չնայած նախագծի հեղինակները նշում են, որ որևէ կերպ արգելված չի լինելու գործատուներին տրամադրել աշխատողներին ապահովագրություն, սակայն, օրենքի ներդրումից հետո գործատուների կողմից ապահովագրության տրամադրումն անիմաստ է դառնում։
Կարծում ենք, որ պետությունը, ի դեմս՝ Կառավարության և Ազգային Ժողովի, չպետք է վախենա գործատուների վրա դնել իրենց աշխատողների առողջության մասին հոգալու պարտավորությունը։ Հակառակ դեպքում, աշխատողների մեծ մասի համար աշխատանքային ներկայիս ունեցած պայմանները վատթարանալու են։ Այսպիսով, հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները, առաջարկում ենք այնպիսի կարգավորումներ նախատեսել, որ գործատուների կողմից ներկայումս տրամադրվող ապահովագրության գումարները շարունակվեն վճարվել արդեն պետական ապահովագրական հիմնադրամին։ Մյուս կողմից, որոշ մասնավոր կազմակերպություններում աշխատողներին տրամադրվող ապահովագրական փաթեթն անհամեմատ լավն է, քան նախատեսվում է Նախագծով։ Այս դեպքերի համար հատուկ որոշումներ պետք է կայացվեն, քանի որ այդպիսի աշխատողներն, հնարավորության դեպքում, չեն հրաժարվի իրենց ներկայիս ապահովագրությունից, բայց ստիպված վճարելու են նաև պետական ապահովագրության համար։
Գտնում ենք, որ պետական և համայնքային աշխատողները առանց այդ էլ քիչ են վարձատրվում և նրանց ապահովագրության վճարները պետք է արվեն իրենց գործատուի՝ պետության և համայնքների հաշվին (ինչպես այժմ և արվում է մեծամասամբ)։
Գրությունը կարող եք տեսնել այստեղ։






Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունն (EPSU) իր անդամ կազմակերպությունների համար կազմակերպեց միջազգային վեբինարների շարք, որը միտված էր զարգացնել անդամ կազմակերպությունների կարողությունները, մշակել օրգանայզինգի ռազմավարությունը, քննարկել օրգանայզինգի մեթոդները ոլորտի մասնագետների հետ, փոխանակվել լավագույն փորձով այլ արհմիությունների հետ։
Վեբինարներին մասնակցեցին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության աշխատակազմը և հետաքրքրված Խորհրդի անդամները։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան նաև խորհրդատվական հանդիպումներ առանձին ազգային արհմիությունների հետ։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիությունը 2015 թվականից հանդիսանում է Եվրոպական հանրային ծառայությունների արհմիության (EPSU) անդամ։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը նոյեմբերի 16-ին Էրեբունի Մանկապատանեկան Ստեղծագործական Կենտրոնում անցկացրեց սեղանի թենիսի թիմային մրցաշար՝ նվիրված տեղական ինքնակառավարման օրվան:
Մրցում էին պետական ու համայնքային ոլորտի կոլեկտիվներ։
Ճյուղային արհմիության գավաթին արժանացավ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի արհմիության թիմը՝ զբաղեցնելով առաջին տեղը։
Երկրորդ տեղը գրավեց Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի արհմիության թիմը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Խարբերդի մասնագիտացված մանկատան արհմիության թիմը։
Պատվավոր 4-րդ տեղում է Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ի արհմիության թիմը։
Անհատական հաշվով առաջին տեղը գրավեց Ալլա Շախկուլյանը (ՊԵԿ), երկրորդ տեղը՝ Իրինա Մարկարյանը (Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն), երրորդը՝ Էդուարդ Տոնյանը (Խարբերդի մասնագիտացված մանկատուն)։
Շնորհակալություն ենք հայտնում Էրեբունի Վարչական շրջանի ղեկավար պարոն Բալայանին և մանկապատանեկան կենտրոնի տնօրեն պարոն Խնկոյանին՝ միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:









Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա՝ հոկտեմբերի 7-ի կապակցությամբ Հայաստանի պետհիմնարկնմերի, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես, կոչ էինք արել
Ի պատասխան վերոնշված հայտարարության` ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունից նշում են հետևյալը։
1-ին պահանջի հետ կապված Նախարարությունից նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում «կյանքի գնի հաշվարկման» մեթոդաբանություն օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն Վիճակագրական կոմիտեի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ հաշվարկվում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը երկու եղանակով՝ ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի և Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ` ըստ 2019 թվականին Արմստատի կողմից 5184 մասնավոր տնային տնտեսությունում իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով փաստացի սպառման հիման վրա ձևավորված զամբյուղների։ 2025 թվականի 2-րդ եռամսյակում Առողջապահության նախարարության կողմից մշակված զամբյուղի հիման վրա հաշվարկված սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 81680.9 դրամ, իսկ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված զամբյուղի արժեքը՝ 72064.9 դրամ։ Նշվում է նաև, որ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից պետական ծառայողների աշխատավարձերի չափերի վերլուծության արդյունքներով պարզվել է, որ 2024 թվականին հանրային ծառայության համակարգում (բացառությամբ համայնքային ծառայության) հիմնական աշխատավարձի ամենացածր չափը առկա է եղել քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 7-րդ ենթախմբում, որը կազմել է 120640 դրամ (զուտ արժեքը՝ 87480 դրամ , իսկ միջին աշխատավարձը (լրացուցիչ աշխատավարձը և պարգևատրումները ներառյալ ) 187708 դրամ (զուտ արժեքը 137781 դրամ ), որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Պետական ծառայությունում միջին աշխատավարձը կազմել է 411322 ՀՀ դրամ , մեդիան աշխատավարձը կազմել է 363068 ՀՀ դրամ։
Միաժամանակ նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերին նախատեսված է հանրային ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համակարգի վերանայում։
2-րդ պահանջի հետ կապված տեղեկացնում են, որ այն կքննարկվի օրենսդրական հետագա բարեփոխումների շրջանակում։
3-րդ պահանջի հետ կապված նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառության է դրվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ, որ ուղղված են արհեստակցական միությունների գործիքակազմի ընդլայնմանը և վերջիններիս իրավունքների արդյունավետ իրացմանը։
4-րդ պահանջի վերաբերյալ նշում են, որ քննարկումներ են իրականացվում Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ։
5-րդ պահանջի վերաբերյալ՝ աշխատաժամանակի կրճատման վերաբերյալ փոփոխությունների մասով ներկայում շարունակվում են իրականացվել համապատասխան աշխատանքներ։
6-րդ պահանջի վերաբերյալ նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է և հանրային քննարկման է դրվել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթը, որի շրջանակում նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը (Հիշեցնենք, որ արհմիությունն անդրադարձել է այդ օրենսդրական փաթեթին և ողջունում է այն։ )
Միաժամանակ նշվում է նաև, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից մշակվել է ««Հանրային ծառայության մասին » օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագիծ, որով առաջարկվում է վերանայել «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրականացնելու այլ վճարովի աշխատանք կամ մատուցելու վճարովի այլ ծառայություն, եթե այդ աշխատանքը կամ ծառայությունը չեն հանգեցնի հանրային ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերի բախման, չեն խոչընդոտի լիազորությունների իրականացման հետ կապված պարտականությունների կատարմանը և չեն վտանգի հանրային ծառայության հեղինակությունը։
Կառավարության պատասխանն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Եվրոպայի տարբեր երկրների սոցիալական և խնամքի աշխատողները նոյեմբերի 5-ին հնարավորություն ունեցան փոխանցել իրենց մտահոգությունները Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներին։
Խնամքի աշխատողների պառլամենտական առաջին միջոցառմանը, որը կազմակերպեց Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունը (EPSU), մասնակցեց նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության անդամ, սոցիալական աշխատող Լուսինե Ղահրամանյանը։ Աշխատողներն օրենսդիրներին փոխանցեցին իրենց աշխատանքային փորձառության մասին մարտահրավերները, կոչ արեցին համալրել հաստիքներն ու արդար վարձատրություն ապահովել ոլորտում։
Լուսինե Ղահրամանյանն իր հաղորդագրության մեջ նշում է․
«Ավելի քան տաս տարի աշխատում եմ որպես սոցիալական աշխատող Խարբերդի մասնագիտացված մանկատանն՝ աջակցելով հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, որոնք 24/7 մեր խնամքի տակ են։ Իմ օրերն անցնում են երեխաներին և նրանց ընտանիքներին սոցիալական և հոգեբանական աջակցություն տրամադրելով,որդեգրման գործընթացներով և այլ վարչական աշխատանքներով։
Այնուամենայնիվ, չնայած իմ լավագույն տարիները նվիրում եմ այս աշխատանքին, մեր ոլորտը թերֆինանսավորված է, ունենք դայակների պակաս, իսկ անձնակազմը ցածր է վարձատրվում։ Նույնիսկ աշխատանքի վայր հասնելն է դժվարություն՝ ցածրորակ տրանսպորտի պատճառով։ Երիտասարդները նախընտրում են չմնալ այս ոլորտում, իսկ մնացածներն իրենց մոռացված են զգում։ Թեպետ Հայաստանը ԵՄ անդամ չէ, բայց եվրոպական ստանդարտներն ի վերջո նաև անդրադառնում են մեր ապագայի վրա, ուստի ես կոչ եմ անում քաղաքականություն մշակողներին խնամքի և սոցիալական աշխատանքն առաջնահերթություն համարել՝ ապահովելով պատշաճ ֆինանսավորում, համալրված անձնակազմ և արժանապատվություն աշխատողների և այդ երեխաների համար, որոնց մենք մասին հոգ ենք տանում»։
Հանդիպման արդյունքում ընդունվեց 15 կետից բաղկացած բանաձև։







ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ։
Նախագծով առաջարկվում է, որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներքո ստեղծվի հանձնաժողով 3 անձից․ մեկը՝ տեսչական մարմնի ներկայացուցիչ, երկրորդը՝ արհմիությունների կոնֆեդերացիայից և երրորդը՝ գործատուների միությունից։ Աշխատողները, որոնց իրավունքները խախտվել են դատարան դիմելու փոխարեն կարող են դիմել այդ հանձնաժողով վեճը լուծելու համար։
Մի քանի տարի առաջ նման նախագծի քննարկումների ժամանակ արհմիությունները առաջարկել են, որ նման հանձնաժողովներ ստեղծվեն այն կոլեկտիվներում, որտեղ կան արհմիություններ, գործատուի և աշխատողների ներկայացուցիչներից բաղկացած, սակայն նման կարգավորում չի առաջարկվում նախագծով։
Նախագծի վերաբերյալ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու առաջարկները։
Դրանք հասանելի են այստեղ։
Առաջարկները ներկայացնելուց հետո ստացել ենք նախագիծը զգալիորեն փոփոխված տարբերակը: Այն դեռ բաց հանրային քննարկման չի դրվել։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը հոկտեմբերի 25-ից 26-ն անցկացրեց հերթական վիքենդային արտագնա սեմինարը։ Այս անգամ արհմիության մասին ավելի մանրամասն տեղեկացան Գեղարքունիքի մարզում գործող մեր անդամ կազմակերպությունները։
Երկօրյա թրեյնինգի ընթացքում մարզային արհմիությունների ակտիվը մոտիկից ծանոթացավ արհմիության էությանը, գործիքներին, իրավունքներին։ Խմբային աշխատանքներով քննարկեցին կազմակերպված աշխատողների ավելի արդյունավետ գործունություն ծավալելու ուղիները։





























Հոկտեմբերի 18-ից 19-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Երիտասարդական ցանցի հերթական տարեկան հանդիպումը, որին մասնակցեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ—երի աշխատողների արհմիության անդամ Տաթևիկ Բաղդասարյանը։
Երկու օրվա ընթացքում երիտասարդները քննարկեցին մի շարք հարցեր՝ կարճաժամկետ պայմանագրերի, հաստիքների անբավարարության, արհմիությունների մասին տեղեկացվածության, ոչ բավարար վարձատրության մասին։
Հանդիպումների ընթացքում զեկույցների և խմբային աշխատանքների միջոցով երիտասարդները մի շարք քննարկումներ ունեցան, այդ թվում՝ օրգանայզինգի, արհմիությունների կողմից սոցիալական հարթակների արդյունավետ կիրառման, արհմիության մարմիններում երիտասարդների ներգրավման, աշխատողների վրա պատերազմների ու աջական իշխանությունների ազդեցության, սոցիալական ու վարձատրության հետ կապված խնդիրների ու կոլեկտիվ արշավների լավագույն փորձի, հանրային ծառայությունում երրորդ կողմից բռնության կանխարգելման մասին։ Քննարկվեցին Երիտասարդական ցանցի հետագա անելիքները և դրա դերը EPSU-ում, իսկ մասնակիցները փոխանակվեցին իրենց արհմիություններում կազմակերպված գործողությունների լավագույն փորձով։ Այս հանդիպումը ևս մեկ քայլ էր երիտասարդների համագործակցությունը ամրապնդելու և համաեվրոպական մակարդակով փորձի փոխանակման ուղղությամբ։
Նիստի արդյունքում համալրվեց նաև Երիտասարդական ցանցի Ղեկավար կոմիտեի կազմը։ Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոմիտեի կազմում ընտրվեց նաև Տաթևիկ Բաղդասարյանը։

Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) Տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցեց Հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։
Նիստին քննարկվեց ճյուղային սոցիալական երկխոսության 2026-2028 աշխատանքային ծրագիրը։ Հանձնաժողովի անդամներն ընտրեցին հանձնաժողի փոխնագահին (Վիկտորիա Կորբաչո, Իսպանիա, UGT-SP արհմիություն)։
Քննարկվեցին եվրոպական մակարդակի մի շարք քաղաքական փաստաթղթերը, այդ թվում ապակարգավորման օրակարգը, պետական գնումները, և այլն։ Լսեցին Հանրային ծառայությունների գոլբալ արհմիության` PSI-ի կատարած աշխատանքի մասին։
Քննարկվեց նաև գալիք տարում նախատեսվող ՏԻՄ-երի համաեվրոպական կոնֆերանսն ու դրա անցկացնման հետ կապված մանրամասները, այդ թվում՝ Արսեն Իգիթյանի կողմից առաջարկվեց կոնֆերանսն անցկացնել Երևանում։
Հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացնի հաջորդ տարվա փետրվարին։

Հոկտեմբերի 11-ից 12-ը Ծաղկաձորի “Գրողների տանն” անցկացվեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողներ արհմիության արտագնա սեմինարը Մասիսի պետական ու համայնքային աշխատողների տարածքային արհմիության համար։
Երկօրյա սեմինարին տարածքային արհմիության ղեկավար ակտիվի ներկայացուցիչներն ավելի մոտիկից ծանոթացան արհմիությունների նպատակներին, գործառույթներին ու իրավունքներին, ճյուղային արհմիության գործունեությանը, Հայաստանում արհմիությունների կառուցվածքին, արհմիությանը վերաբերող օրենսդրական դաշտին, փոխանակվեցին մտքերով։
Սեմինարի երկրորդ օրը նույնպես անցավ թեժ քննարկումների ներքո: Մասիսի պետհիմնարկների տարածքային արհմիության ներկայացուցիչները մի շարք հարցեր ու խնդիրներ բարձրացրեցին աշխատանքային հարաբերությունների, աշխատաժամանանակի, առողջության համապարփակ ապահովագրության, աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ, ինչպես նաև կոլեկտիվների ոորտներին առընչվող տարբեր հարցերի ու սոցիալական խնդիրների մասին: Քննարկվեցին նաև հետագա անելիքները:












Կառավարության կողմից շրջանառվել է օրինագիծ, որով նախատեսվում է հանել հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողների համար ներկայումս սահմանված 65 տարեկանի շեմը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր տարածած հայտարարության մեջ կոչ էինք արել հանել տարիքային շեմը հանրային ծառայողների համար։
Ողջունում ենք Կառավարության կողմից շրջանառած նախագիծը, քանի որ այն կվերացնի տարիքային խտրականությունը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հետ հակասությունները։ Հույս ունենք, որ նախագիծն օրենք կդառնա մոտ ապագայում։
Միաժամանակ, կառավարությանն առաջարկում ենք նաև կատարել օրենսդրական փոփոխություններ՝ թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում։ Նման կարգավորումներ առկա են միջազգային պրակտիկայում։ Այսպես, եվրոպական երկրների գերակշիռ մասում ներկայումս սահմանված է, որ գործատուի (ադմինիստրացիայի) կողմից համապատասխան թույլտվությամբ հանրային ծառայողները հիմնական աշխատանքից զատ կարող են կատարել այնպիսի աշխատանք, որը չի ազդում պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման, հանրային ծառայության վարկանիշի, հանրային ծառայողի անկողմնակալության վրա և տվյալ պաշտոնի հետ չի առաջացնում շահերի բախում։ Ներկայիս սոցիալական պայմանները հանգեցնում են նրան, որ պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած որ, համաձայն օրենսդրության, նրանց չի թույլատրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Ստեղծված պայմաններում, սակայն, լրացուցիչ աշխատանք կատարելը դարձել է անհրաժեշտություն միջին և ցածր օղակի հանրային ծառայողների համար։

«Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողների համար, բացի հիմնական սոցիալական երաշխիքներից (անվտանգ, առողջության համար անվնաս և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, վարձատրություն և այլ վճարներ, ամենամյա վճարովի արձակուրդ, պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն և այլն) կարող են սահմանվել նաև լրացուցիչ այլ սոցիալական երաշխիքներ։
Այդպիսի լրացուցիչ երաշխիք սահմանված է քաղաքացիական ծառայողների համար։ Մասնավորապես՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով։ Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն։ Սակայն նման երաշխիք սահմանված չէ համայնքային ծառայողների համար, որոնք պետական ծառայողների հետ մեկտեղ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ևս համարվում են հանրային ծառայող։ Կարծում ենք, նման կարգավորման բացակայությունն անարդար է։
Հաշվի առնելով արհմիությանն ուղղված աշխատողների դիմումները և ղեկավարվելով «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ով՝ առաջարկում ենք կատարել օրենսդրական փոփոխություն՝ համայնքային ծառայողների համար նույնպես սահմանելով լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի դրույթ։
Գտնում ենք, որ դրանով կվերանա համայնքային ծառայողների և պետական կառավարման մարմիններում աշխատող հանրային ծառայողների միջև խտրականությունը՝ առնվազն սոցիալական երաշխիքների մասով։
Մինչ կառավարությունը կկողմնորոշվի, թե որ գերատեսչությանը հասցեագրել մեր առաջարկը, այն ներկայացրեցինք նաև Ազգային Ժողով։

Ինչպես նշեցինք նախորդիվ՝ Առողջապահության նախարարության կողմից ներկայացվել է Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նոր նախագիծ, որն ուսումնասիրվեց մեր կողմից։
Ըստ այդմ՝ ստորև ներկայացնում ենք մեր առաջարկներն ու դիտարկումներն այս նախագծի վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է, որ վարձու աշխատողների համար ապահովագրավճարի 100%-ը պետք է վճարի աշխատողը, իսկ գործատուն իր ներդրումը չունի համակարգում։ Վերջին տարիներին Կառավարության ներկայացուցիչներին բազմիցս հայտնել ենք, որ միայն աշխատողների վրա ֆինանսական բեռը բարդելն անընդունելի է։ Ապահովագրության ֆինանսավորման նման մոդել գրեթե ոչ մի պետությունում առկա չէ և հանգեցնելու է անսպասելի սոցիալական հետևանքների։ Եվս մեկ անգամ հորդորում ենք վերանայել առաջարկվող մոդելը և ապահովագրության համակարգը ֆինանսավորել գործատուների և պետության հաշվին։ Նախագծում նշված է, որ ապահովագրավճարի վճարման կարգը սահմանում է Կառավարությունը, սակայն կարգի նախագիծը բացակայում է։ Կարծում ենք, առանց դրա հանրային քննարկումն անիմաստ է։ Նախագծով նախատեսվում է, որ ապահովագրավճար վճարած անձինք հնարավորություն կունենան եկամտահարկից սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալ (այս պահին Կառավարության որոշումով այն սահմանված է մինչև 50 000 դրամ)։ Եթե պետությունը նախատեսում է ապահովագրավճար վճարածներին 50 000 դրամ փոխհատուցել, ապա փոխարենը կարող էր պարզապես նվազեցնել տարեկան ապահովագրավճարի չափն այդ 50 հազարով։ Առավել խոցելի են դառնալու պետական աշխատողները, որոնք այժմ ունեն ապահովագրություն, որի համար վճարում է պետությունը։ Համապարփակ ապահովագրության անցնելու դեպքում նրանց մոտ տեղի է ունենալու եկամտի զգալի նվազում՝ նույն ապահովագրության դիմաց, այսինքն տեղի է ունենալու աշխատանքային պայմանների էական վատթարացում։ Այդ անցումն անցնցում ապահովելու համար քայլեր նախատեսված չեն։
Այսպիսով, առաջարկում ենք վերանայել առաջարկվող ապահովագրության մոդելը և դրա ֆինանսավորումն իրականացնել գործատուների և պետական միջոցների հաշվին, կամ նախատեսելով, որ աշխատանքի վարձատրությունը պետք է ավելանա ապահովագրավճարի չափով։
Նախագծով առաջարկված մոդելը՝ ապահովագրավճարի ֆիքսված գումարով, ըստ էության, ռեգրեսիվ պարտադիր վճար է սահմանում, ինչը նույնպես գրեթե ոչ մի երկրում ընդունված չէ։ Ֆիքսված ապահովագրավճարի դեպքում ցածր աշխատավարձ ստացողների աշխատավարձից գանձվելու է բարձր տոկոս (շուրջ 6%), իսկ բարձր աշխատավարձերից՝ փոքր տոկոս (3%-ից ցածր)։ Սոցիալական արդարության և իրավահավասարության տեսանկյունից սա տրամաբանական չէ, հակասում է նաև միջազգային փորձին։
Նախատեսված է, որ կարող են կիրառվել համավճարներ, ընդ որում ոչ ավելին, քան արժեքի 50%-ը։ Դեղերի և պարագաների դեպքում կարող է սահմանված լինել “առավելագույն արժեք”, և համավճարով կփոխհատուցվի այդ առավելագույն արժեքի կեսից ոչ ավելին։ Իսկ թանկ դեղերի ու պարագաների դեպքում կարող ընդհանրապես փոխհատուցում չլինել։ Սա բավականին լղոզված և անորոշ կարգավորում է։ Այսպիսով, ապահովագրությունը մեր կարծիքով ամենևին համապարփակ չէ և շատ բաներ թողնված են ենթաօրենսդրական ակտերին, ինչով համակարգը դառնում է անկանխատեսելի։
Մեր առաջարկները հրապարակել ենք նաև e-draft համակարգում։

Առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նոր նախագիծը։
Նախագծով համակարգի որոշակի փոփոխություններ են առաջարկվում, որոնք, ըստ մեր դիտարկման, նախորդ նախագծերի համեմատ հետընթաց են գրանցել։
Նախագծով սահմանվում է համակարգի ներդրման փուլային տարբերակ։
Մասնավորապես, 2026 թվականին ապահովագրությունը տարածվելու է մինչև 18 տարեկան երեխաների, 65-անց անձանց, հաշմանդամություն ունեցողների և 200 000 դրամից ավել աշխատավարձ ստացող աշխատողների վրա։
2027 թվականից համակարգը տարածվելու է նաև 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների վրա։
Ի տարբերություն նախորդ նախագծերի, ապահովագրության ծածկույթն ավելի սուղ և անորոշ է։ Այն փոխհատուցելու է
Այնուամենայնիվ սահմանվում է, որ կարող են նաև համավճարներ կիրառվել, ընդ որում ոչ ավելին քան արժեքի 50%-ը։ Դեղերի և պարագաների դեպքում կարող է սահմանված լինել “առավելագույն արժեք”, և համավճարով կփոխհատուցվի այդ առավելագույն արժեքի կեսից ոչ ավելին։ Իսկ թանկ դեղերի ու պարագաների դեպքում կարող ընդհանրապես փոխհատուցում չլինել։
Սա բավականին լղոզված և անորոշ կարգավորում է։ Այսպիսով, ապահովագրությունն ամենևին համապարփակ չէ և հայտնի չէ, թե հետագայում ենթաօրենսդրական ակտերով ինչ կարգավորումներ կսահմանվեն։
Որքա՞ն է գանձվելու աշխատողի աշխատավարձից
Նախագծով սահմանվում է ֆիքսված վճար՝ ամսեկան 10 000 -ից 13 700 դրամ։ Սահմանվում է նաև, որ աշխատողը վճարելու է այդ ֆիքսված վճարի 100%-ը, որը զգալի հետընթաց է նախորդ օրինագծերի փաթեթից։ Կրկին նշվում է, որ վճարման կարգը կսահմանի Կառավարությունը։
Այսպիսով, ըստ նախագծի, հաջորդ տարվանից 200 000 դրամից ավել աշխատավարձ ստացողներից պատրաստվում են գանձել ամսական առնվազն 10 000 դրամ։ Չնայած, որ բազմիցս հայտարարել ենք, որ առանց գործատուի կամ պետության մասնակցության ապահոգրական մոդելը ընդունելի չէ և աննախադեպային է, ներկայացված նախագծում ֆինանսավորման ամբողջ բեռն աշխատողի վրա է՝ անկախ եկամտից։
Այսպիսով, նման կարգավորման դեպքում 200 000 դրամ աշխատավարձից գանձվելու է շուրջ 6% ապահովագրավճար, իսկ, օրինակ 350 000 աշխատավարձից ավելի քիչ՝ ընդամենը 3․3%, ինչը նաև չի ապահվում արդարության սկզբունքը։
Նախագծով, միաժամանակ, նախատեսվում է, որ եկամուտների հայտարարագիր լրացնելուց հետո հնարավոր կլինի մինչև 50 000 դրամ փոխհատուցում ստանալ վճարված ապահովագրավճարների համար։ Եթե պետությունը պատրաստվում է վճարումների 50 000 դրամը փոխհատուցել, անհասկանալի է, ինչու պարզապես չի նվազեցնում գանձնվող վճարները ամսական 4000 դրամով։
Նախագծի հետ մեկտեղ ներկայացված են նաև հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթներ։ Մասնավորապես, առաջարկվում է մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար “զինծառայողների ապահովագրության” դրոշմանիշային վճարը ներկայիս 3500 և 5500 չափերը դարձնել 1000 դրամ։ Իսկ Հարկային օրենսգրքում առաջարկվում է փոփոխություն, ըստ որի առողջապահական ապահովագրավճարը չհարկվող գումար է, այսինքն, աշխատավարձը հարկվելու է միայն ապահովագրավճարը “կեղտոտ” աշխատավարձից գանձելուց հետո։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահությունն ընդունել է հայտարարություն հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատվի աշխատանքի համաշխարհային օրվա հետ կապված։ Այն ներկայացվում է ստորև։
Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը հիշեցնում ենք, որ արդար վարձատրությունը, անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանները, ինչպես նաև աշխատողների հիմնարար իրավունքների ապահովումը պետք է լինի յուրաքանչյուր երկրի քաղաքականության առանցքում։
Հայաստանի պետհիմնարկների և ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր վճռականությունը՝ շարունակելու պայքարը մեր անդամների և ընդհանրապես բոլոր աշխատողների արժանապատիվ աշխատանքի և կյանքի համար։
Այսօր Հայաստանի հանրային ծառայողները շարունակում են մնալ խոցելի սոցիալ-տնտեսական վիճակում։ Կյանքի գինը տարեցտարի աճում է, իսկ աշխատավարձերը չեն աճում համապատասխանորեն՝ կրճատելով աշխատողների գնողունակությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Շատ ծառայողներ իրենց ընտանիքների նվազագույն կարիքները հոգալու համար ստիպված են հավելյալ եկամտի աղբյուրներ փնտրել՝ սեփական առողջության ու կյանքի որակի հաշվին։
Մտահոգիչ է, որ պետական ծառայողների համար մինչ օրս բացակայում է կառավարության կողմից լիազորված ճյուղային բանակցող մարմինը, ինչը խոչընդոտում է աշխատողների կոլեկտիվ բանակցելու հիմնարար իրավունքի իրագործմանը։
Մինչև այսօր այդպես էլ չի ստորագրվել Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։
Ավելին, անհանգստացնող է, որ որոշ ղեկավարների կողմից ճնշումներ և ոտնձգություններ է իրականացվում արհմիությունների նկատմամբ։ Դրան դիմադրելու համար Հայաստանում բացակայում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բավարար մեխանիզմներ։ Սա ոչ միայն խախտում է միջազգային ստանդարտները, այլև վտանգում է արհմիությունների ազատ գործունեությունն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը։
Որպես հազարավոր հանրային ծառայողների շահերը ներկայացնող ճյուղային հանրապետական արհմիություն՝ մենք կոչ ենք անում կառավարությանը.
Մենք ակնկալում ենք և հուսով ենք, որ իշխանություններն ականջալուր կլինեն մեր բարձրացրած խնդիրներին, ինչն անհրաժեշտ է սոցիալական արդարության համար։

Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, Սոլիդարիթի սենթր կազմակերպության հետ համատեղ կազմակերպեց մարզային այցելություններ՝ աշխատանքային օրենսդրության հետ կապված իրազեկման աշխատանքներ անելու նպատակով։ Մարզային այցելությունների շրջանակներում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ—երի աշխատողների արհմիության աշխատակազմը նույնպես այցելեց արհմիության անդամ կազմակերպություններին՝ Մասիսի տարածային արհմիություն, ինչպես նաև Վարդենիսի տարածքային արհմիություն։
Այցելության ընթացքում ճյուղային արհմիության ներկայացուցիչները շփվեցին անդամ կազմակերպությունների ակտիվի հետ, իսկ ՀԱՄԿ-ի աշխատակազմն իրազեկեց Աշխատանքային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների և ՀԱՄԿ-ի գործունեության մասին։



