Առաջարկներ առողջության համապարփակ ապահովագրության նոր նախագծի վերաբերյալ

Առաջարկներ առողջության համապարփակ ապահովագրության նոր նախագծի վերաբերյալ

Ինչպես նշեցինք նախորդիվ՝ Առողջապահության նախարարության կողմից ներկայացվել է Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նոր նախագիծ, որն ուսումնասիրվեց մեր կողմից։

Ըստ այդմ՝ ստորև ներկայացնում ենք մեր առաջարկներն ու դիտարկումներն այս նախագծի վերաբերյալ։

Նախագիծը նախորդի հետ համեմատ ավելի վատն է։

Նախագծով առաջարկվում է, որ վարձու աշխատողների համար ապահովագրավճարի 100%-ը պետք է վճարի աշխատողը, իսկ գործատուն իր ներդրումը չունի համակարգում։ Վերջին տարիներին Կառավարության ներկայացուցիչներին բազմիցս հայտնել ենք, որ միայն աշխատողների վրա ֆինանսական բեռը բարդելն անընդունելի է։ Ապահովագրության ֆինանսավորման նման մոդել գրեթե ոչ մի պետությունում առկա չէ և հանգեցնելու է անսպասելի սոցիալական հետևանքների։ Եվս մեկ անգամ հորդորում ենք վերանայել առաջարկվող մոդելը և ապահովագրության համակարգը ֆինանսավորել գործատուների և պետության հաշվին։ Նախագծում նշված է, որ ապահովագրավճարի վճարման կարգը սահմանում է Կառավարությունը, սակայն կարգի նախագիծը բացակայում է։ Կարծում ենք, առանց դրա հանրային քննարկումն անիմաստ է։ Նախագծով նախատեսվում է, որ ապահովագրավճար վճարած անձինք հնարավորություն կունենան եկամտահարկից սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալ (այս պահին Կառավարության որոշումով այն սահմանված է մինչև 50 000 դրամ)։ Եթե պետությունը նախատեսում է ապահովագրավճար վճարածներին 50 000 դրամ փոխհատուցել, ապա փոխարենը կարող էր պարզապես նվազեցնել տարեկան ապահովագրավճարի չափն այդ 50 հազարով։ Առավել խոցելի են դառնալու պետական աշխատողները, որոնք այժմ ունեն ապահովագրություն, որի համար վճարում է պետությունը։ Համապարփակ ապահովագրության անցնելու դեպքում նրանց մոտ տեղի է ունենալու եկամտի զգալի նվազում՝ նույն ապահովագրության դիմաց, այսինքն տեղի է ունենալու աշխատանքային պայմանների էական վատթարացում։ Այդ անցումն անցնցում ապահովելու համար քայլեր նախատեսված չեն։

Այսպիսով, առաջարկում ենք վերանայել առաջարկվող ապահովագրության մոդելը և դրա ֆինանսավորումն իրականացնել գործատուների և պետական միջոցների հաշվին, կամ նախատեսելով, որ աշխատանքի վարձատրությունը պետք է ավելանա ապահովագրավճարի չափով։

Ռեգրեսիվ պարտադիր վճար է սահմանում

Նախագծով առաջարկված մոդելը՝ ապահովագրավճարի ֆիքսված գումարով, ըստ էության, ռեգրեսիվ պարտադիր վճար է սահմանում, ինչը նույնպես գրեթե ոչ մի երկրում ընդունված չէ։ Ֆիքսված ապահովագրավճարի դեպքում ցածր աշխատավարձ ստացողների աշխատավարձից գանձվելու է բարձր տոկոս (շուրջ 6%), իսկ բարձր աշխատավարձերից՝ փոքր տոկոս (3%-ից ցածր)։ Սոցիալական արդարության և իրավահավասարության տեսանկյունից սա տրամաբանական չէ, հակասում է նաև միջազգային փորձին։

Անորոշ է ապահովագրության ծածկույթը

Նախատեսված է, որ կարող են կիրառվել համավճարներ, ընդ որում ոչ ավելին, քան արժեքի 50%-ը։ Դեղերի և պարագաների դեպքում կարող է սահմանված լինել “առավելագույն արժեք”, և համավճարով կփոխհատուցվի այդ առավելագույն արժեքի կեսից ոչ ավելին։ Իսկ թանկ դեղերի ու պարագաների դեպքում կարող ընդհանրապես փոխհատուցում չլինել։ Սա բավականին լղոզված և անորոշ կարգավորում է։ Այսպիսով, ապահովագրությունը մեր կարծիքով ամենևին համապարփակ չէ և շատ բաներ թողնված են ենթաօրենսդրական ակտերին, ինչով համակարգը դառնում է անկանխատեսելի։

Մեր առաջարկները հրապարակել ենք նաև e-draft համակարգում։

Առողջության համապարփակ ապահովագրությամ նոր նախագիծ

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading