Հայաստանում տարվա ընթացքում առկա են 12 ոչ աշխատանքային օր համարվող տոներ կամ հիշատակի օրեր։ 2025 թվականի ընթացքում այս տոներից երեքը համընկնում են շաբաթ կամ կիրակի օրերի հետ, ինչի հետևանքով աշխատողների համար տոնական ոչ աշխատանքային օրերը կրճատվում են, մնալով՝ 9։
Կառավարությանն առաջարկել ենք համապատասխան որոշումներով 2025 թվականի մարտի 7-ը (կամ 10-ը), հուլիսի 4-ը (կամ 7-ը), սեպտեմբերի 22-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր։ Միաժամանակ, նախատեսել կատարել ոչ աշխատանքային օրերի այնպիսի տեղափոխումներ կամ լրացուցիչ ոչ աշխատանքային օրերի սահմանումներ, որպեսզի մայիսի 1-4 և մայիսի 28-ից հունիսի 1 հատվածներում լինեն առնվազն երեք անընդմեջ ոչ աշխատանքային օրեր։
Կարծում ենք, որ տոնական ոչ աշխատանքային օրերի քանակի լիարժեք պահպանումը դրական է անդրադառնում պետության և դրա զարգացման վրա, մի քանի հանգամանքների բերումով։
- Ոչ աշխատանքային օրերին աշխատողները հնարավորություն են ունենում զբաղվել առևտրով, ներգնա ճամփորդությամբ, օգտվել տարատեսակ ծառայություններից, որոնց համար աշխատանքային օրերին բավարար ժամանակ չեն ունենում։ Նշված գործողություններն աշխուժացնում են տնտեսական ակտիվությունը։
- Ոչ աշխատանքային օրերով պայմանավորված լրացուցիչ հանգիստը, տարբեր հետազոտությունների համաձայն, դրական է անդրադառնում աշխատողների առողջության, ինքնազգացողության և աշխատանքային արդյունավետության վրա։
- Լրացուցիչ հանգիստը դրական է անդրադառնում աշխատողների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ինչը երկարաժամկետ կտրվածքով դրական է ազդում պետության կողմից կատարվող քաղաքացիների առողջության պահպանման ծախսերի արդյունավետության վրա։
- Վերջին շրջանում տեղի են ունեցել մի շարք բարեփոխումներ և այլ իրադարձություններ, որոնք բնակչության համար անսովոր են և բնակչության ու աշխատողների շրջանում առաջացրել են զգալի դժգոհություն, հոգեբանական լարվածություն և հոգնածություն։ Այդպիսի իրադարձություններից են՝ համընդհանուր պարտադիր հայտարարագրումը, հարկային փոփոխությունները, տրանսպորտի ուղեվարձի և գույքահարկի բարձրացումը, օդի աղտոտվածության մակարդակի ուժեղացումը, 2025 թ․ ձմռան շրջանում սովորականից ուժեղ շնչառական վիրուսների տարածվածությունը։ Ոչ աշխատանքային օրերի առկայությունը, ինչպես նաև դրանցով պայմանավորված հնարավոր «երկար վիքենդները» լավագույն առիթն են քաղաքացիների շրջանում հոգեբանական լարվածությունը մեղմացնելու համար։
- Ոչ աշխատանքային օրերը, ըստ մի շարք հետազոտությունների, դրական են ազդում նաև բնապահպանական պայմանների վրա, ինչն այսօր նույնպես առավել քան ակտուալ է, մանավանդ՝ Երևան քաղաքում։
- Վերջին մի քանի տարվա ընթացքում ՀՀ-ում զգալիորեն բարձրացել է ներգաղթի մակարդակը, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածության է ենթարկել պետական ու համայնքային ծառայությունները և դրանց աշխատողներին, ինչի հետևանքով հանգստի պահանջը սովորականից ավելի է անհրաժեշտ դարձել։
- Համեմատելով պետությունների մեծ մասում առկա տոնական ու հիշատակի ոչ աշխատանքային օրերի քանակը, կարելի է նկատել, որ դրանք սովորաբար տատանվում են տարեկան 11-ից 20-ի սահմանում, և այդ իմաստով, ՀՀ-ում ոչ աշխատանքային օրերն առանց այդ էլ քիչ են համեմատ այլ պետությունների հետ։
Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը շաբաթական 40 ժամից 35 ժամ, մեր արհմիությունն իր աջակցությունն է հայտնել։ Վերոնկարագրյալ շաբաթ-կիրակի օրերի հետ համընկնող հանգստյան օրերի վերականգնումը կառավարության համապատասխան որոշումներով նաև լավ առիթ կլինի գործնականում համոզվելու, որ աշխատանքի ժամանակի կրճատումը դրական ազդեցություն ունի աշխատողների, պետության, տնտեսության համար և քաղաքացիների կյանքի որակի վրա։
Հուսով ենք շուրջ 10 000 աշխատողներ միավորող ճյուղային արհմիության առաջարկն ընդունելի կլինի Կառավարության համար։

Pingback: Կառավարությունը չի կողմորոշվում