
Այսօր` հոկտեմբերի 7-ին, երբ աշխարհը նշում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, Հայաստանի հանրությունը հայտնվել է կրկնակի ճգնաժամի մեջ։ Համավարակի ծանր հետևանքներից դեռ չապաքինված, երկիրը ներքաշվեց լայնածավալ պատերազմի մեջ։ Աշխատողներն ու իրենց ընտանիքների անդամները մեկնում են առաջնագիծ` պաշտպանելու հայրենիքում ապրելու իրենց իրավունքը։ Առողջապահական համակարգը COVID-19-ով հիվանդների հետ մեկտեղ գերծանրաբեռնվել է մարտի դաշտում վիրավորվածներով։ Երկար ժամանակով կասեցվելու է պետության բնականոն աշխատանքը, հարկերից ձևավորված բյուջեն անվերադարձ կորցնելու է այն ռեսուրսները, որոնք պետք է ուղղվեին ճգնաժամից դուրս գալու, հանրության առողջությունը վերականգնելու, հանրության կյանքը բարելավելու վրա։ Հետընթաց է գրանցվելու մինչև այսօր տեղի ունեցած բոլոր տնտեսական, սոցիալական ու քաղաքական ցուցանիշներում։
Սակայն խաղաղությունն այլընտրանք չունի։ Հանրությունը չի կարող անվերջ կռիվ տալ տարբեր կողմերից վրա հասած ճգնաժամերի դեմ։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ խաղաղ պայմաններում հանրային ծառայությունները մեծ դժվարությամբ են հաղթահարում առողջապահական ճգնաժամը, իսկ աշխատողները՝ դժվարությամբ ապահովում իրենց արժանապատիվ գոյությունը։
Աշխատողներն իրենց կյանքի զգալի մասը նվիրում են աշխատանքին, որի վարձատրությունից վճարում են հարկերը․ փոխարենը նրանք արժանի են ապրել ինքնիշխան պետությունում, ունենալ խաղաղ, որակյալ, սոցիալապես ապահով և առողջ կյանք ու չվախենալ ապագայից։
Պարտավոր ենք շուտափույթ հասնել խաղաղության, այնուհետև մշակել բոլորովին նոր սոցիալական մոտեցումներ կրկնակի ճգնաժամից դուրս գալու, սոցիալապես երաշխավորված հասարակություն և դիմակայուն պետություն կառուցելու համար։