Հայաստանի արհմիությունների կոնֆեդերցիան (ՀԱՄԿ) գրությամբ դիմել է վարչապետին՝ բարձրացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական հարցերը։ Գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձի չափը պետք է որոշվի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական նորմերի և ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված իրավական ակտերի պահանջները: Հայաստանի Հանրապետությունում չեն կիրառվում ԱՄԿ 131-րդ Կոնվենցիայի պահանջների համաձայն նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմները։ ՀԱՄԿ-ը նշում է նաև, որ չի կատարվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատավարձի ինդեքսավորումը, մինչդեռ ՀՀ բնակչության 27 %-ը համարվում է աղքատ, որոնց թվում ընդգրկված են նաև աշխատող աղքատներ, իսկ 2021թ․ տեղի է ունեցել չափերով աննախադեպ գնաճ։ ՀԱՄԿ-ը հիշեցրել է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ և 25-րդ հոդվածները, ինչպես նաև «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի մասին, որի դրույթները չեն կատարվում, և կոչ է անում հանձնարել համապատասխան պետական մարմիններին կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմն ու կառուցվածքը “Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին” ՀՀ օրենքի համաձայն սահմանմանելու, ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի դրույթներին համապատասխան նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգը ներդնելու, նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգը մշակելու վերաբերյալ։
Գրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։