Ազգային Ժողովին առաջարկվում է վերանայել “դրոշմանիշային վճարների” սոցիալապես անարդար օրենքը

Ազգային Ժողովին առաջարկվում է վերանայել “դրոշմանիշային վճարների” սոցիալապես անարդար օրենքը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Ազգային Ժողովի ներկայացուցիչներին առաջարկել է վերանայել “ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին” օրենքում վերջերս շտապ ու ոչ իրավաչափ ձևով ընդունված փոփոխությունը, որը սոցիալապես անարդար, ռեգրեսիվ ֆինանսական բեռ է սահմանում աշխատողների համար՝ առավելապես թիրախավորելով ցածր ու միջին եկամուտներ ունեցողներին։

Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Առողջապահության և սոցիալական հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և “Իմ Քայլը” խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ուղղված գրության մեջ արհմիությունը նշում է, որ օրենքի ընդունումը տեղի է ունեցել առանց հանրային քննարկման, ինչպես նաև՝ խախտելով Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը և ժողովրդավարության սկզբունքները։ Գրության մեջ նշվում է, որ ներկայիս երկու ծանրագույն ճգնաժամերից վերականգնվելու և դիմացկուն պետություն կառուցելու համար առավել կարևոր է հավատարիմ մնալ սոցիալական գործընկերությանը և առաջարկվել է սեղմ ժամկետներում կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ՝ օրենքը վերանայելու կամ աշխատողներին փոխհատուցման տարբերակներ առաջարկելու նպատակով։

Նամակի բովանդակությանն ամբողջությանբ կարելի է ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին օրենքի վերաբերյալ գրություն էր ուղարկվել նաև ՀՀ վարչապետին՝ հորդորելով վերանայել հարկային քաղաքականությունը՝ հիմնադրամային գումարահավաքները բերել պետության դաշտ և վերադառնալ սոցիալական երկխոսության պարտավարությոններին։

%d bloggers like this: