2010 թվականին ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, 2015 թվականից հունվարի 1-ից սկսած 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատող անձանցից պարտադիր կերպով գանձվում և կուտակային կենսաթոշակային ֆոնդերին է փոխանցվում սոցիալական վճար։
Որպես համակարգը ներդնելու շարժառիթ` նախկին իշխանությունների կողմից նշվում էր, որ կենսաթոշակային ապահովությունը կազմում է պետության բյուջեի զգալի մասը, իսկ 20 տարվա ընթացքում ծնելիության կրճատումը, կյանքի սպասվող միջին տևողության ավելացումը, 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքը, և որպես այս ամենի հետևանք` ի թիվս այլ երկրների Հայաստանում նույնպես «բնակչության ծերացումը» ավելի է դժվարացնելու ապագայում կենսաթոշակառուներին կենսաթոշակով ապահովելը։
Համակարգի ներդրման հիմնավորումներում նշվում էր նաև, որ անձի կողմից կատարված պարտադիր սոցիալական վճարումների և նրան վճարվող կենսաթոշակի միջև ուղղակի կապի բացակայության հետևանքով աշխատողները շահագրգռված չեն վճարումներ կատարել մի համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ, իսկ գործատուները խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը։
Այս պնդումներն ի սկզբանե խնդրահարույց են և գործնականում պատկերը այլ է։ ՀՀ բնակչությունը «ծերացող» չէ, քանի որ վերջին տասը տարվա ընթացքում՝ 2012-ից մինչև 2021 թվականի հուլիսը կենսաթոշակառուների թիվը պակասել է մոտ 33 հազարով, այնինչ մշտական աշխատողների քանակն ավելացել է մոտ 100 հազարով։ Ինչ վերաբերում է աղքատության մակարդակից բարձր կենսաթոշակի ապահովմանը, որն իբր պետք է իրականացնի նոր համակարգը, ապա համաձայն կենսաթոշակային ֆոնդերի տրամադրած առցանց հաշվիչների՝ այսօրվա միջին աշխատավարձ ստացող անձը թոշակի անցնելուն պես իր կուտակած միջոցների հաշվին ճշգրտված գնաճով (այսօրվա դրամի գնողունակությանը համարժեք) ստանալու է 4 հազարից մինչև 25 հազար դրամ ամսական թոշակ։ Այսինքն, կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ երևույթին, գրեթե զրոյական եկամուտ է ապահովելու՝ հանգեցնելով ապագա կենսաթոշակառուներին ծայրահեղ աղքատության։ Անհիմն է նաև պնդումը, թե մեծանալու է աշխատողների կողմից վճարումներ կատարելու շահագրգռվածությունը և պակասելու են գործատուների կողմից աշխատավարձերի մեծությունը թաքցնելու դեպքերը։
Նախ, գործատուների կողմից թափանցիկ և օրենքի դաշտում աշխատելու վերաբերյալ վերահսկողություն կատարել պարտավոր է պետությունը, և գործատուների կողմից ապօրինի գործողությունները պետության թերացումն է, այն բարդելը կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունների վրա ճիշտ չէ։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց 7 տարի անց, Հայաստանի ստվերային զբաղվածության մակարդակը շարունակում է մնալ ամենաբարձրերից մեկը Եվրասիա մայրցամաքում՝ հասնելով 45%-ի, իսկ վերջին տարիներին թափ է առել նաև նոր տիպի՝ պլատֆորմային աշխատաշուկան (հավելվածով աշխատող տաքսի ծառայություններ, առաքման ծառայություններ, ինտերնետով ծառայություններ մատուցող ինքնազբաղվածներ), որի պատճառով առնվազն մի քանի տասնյակ հազար նոր աշխատատեղեր են ստեղծվել փաստացի առանց աշխատանքային պայմանագրի առկայության, և հետևաբար՝ առանց սոցիալական վճարների ու հարկային պարտավորությունների։
Չնայած հանրային լայն ընդդիմությանը, ԴԵՄ-ԵՄ շարժմանը, նախկին իշխանություններն, այնուամենայնիվ, ներդրեցին Կուտակային կենսաթոշակային համակարգը։
Նշված համակարգը գործի դնելուց ներկայացվում էր, որ ֆոնդերի կառավարիչները, օգտագործելով իրենց հմտություններն ու կարողությունները, կառավարելու են ֆոնդերում ձևավորված միջոցները՝ ֆոնդերի լրացուցիչ եկամտաբերությունն ապահովելու համար։
Այնուամենայնիվ, սկսած 2020 թվականից հաճախակի են դարձել դեպքերը, երբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ոչ միայն չեն կարողացել ապահովել եկամուտ, այլ բացասական արդյունքներ են գրանցել։
Այսպես՝
- 2020թ․ 1-ին եռամսյակում գրանցվել է ֆոնդերի բացասական եկամուտ, ինչի արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի կուտակումները պակասել են մոտ 1%-ով
- 2021թ․ 2-րդ եռամսյակում եկամուտ չի ապահովվել
- 2021թ․ 3-րդ եռամսյակում գրանցվել է բացասական եկամուտ՝ ֆոնդերի կուտակումները պակասել են շուրջ 1,5%-ով
- 2022թ․ 1-ին եռամսյակում ֆոնդերի կուտակումները պակասել են մոտ 2%-ով
- 2022թ․ 2-րդ եռամսյակում ֆոնդերի կուտակումները պակասել են մոտ 10%-ով։
Ֆոնդերի կորուստները տարբեր եռամսյակներում ունեին իրենց բացատրությունները՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական և ռազմական ցնցումներ ՀՀ-ում, համավարակով պայմանավորված համաշխարհային մատակարարման շղթաների և լոգիստիկ ճգնաժամ, ազգային և միջազգային փոխարժեքների տատանումներ, աշխարհաքաղաքական ցնցումների հետ կապված համաշխարհային գնաճ և տնտեսական ճգնաժամ և, վերջապես, ՀՀ դրամի արժևորում՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ։
Փաստորեն, կուտակային ֆոնդերի կառավարիչները եկամուտ են կարողանում ապահովել միայն տնտեսության բարենպաստ պայմաններում, ինչը վկայում է, որ դրանք որևէ արտառոց կարողություններով և փորձառությամբ օժտված չեն։
«Բացասական եկամտի» դեպքում, այսպիսով, ոչ միայն չեն ավելանում ֆոնդերում կուտակված միջոցները, այլև մասնակի կամ ամբողջությամբ զրոյանում են աշխատողների աշխատավարձից և պետական բյուջեից ֆոնդեր փոխանցված գումարները։ Մոտավոր գնահատականներով մեկ եռամսյակի ընթացքում պետությունը բյուջեից կուտակային ֆոնդերին է հատկացնում ավելի քան 25 մլրդ դրամ, և 2022թ․ 2-րդ եռամսյակում հատկացված գումարը լիովին «զրոյացել» է՝ ֆոնդերի կառավարման հետևանքով գումարների կորստի արդյունքում։ Նույնապես ոչնչացել է աշխատողների աշխատավարձից գանձած գրեթե նույնչափ գումար։ Մյուս եռամսյակներում նույնպես աշխատողների և պետական բյուջեի կողմից վճարված միլիարդավոր դրամները կորել են։
Ինչպես տեսնում ենք, կուտակային համակարգը չի ծառայում իր նպատակին և երբեմն նույնիսկ անտեղի վատնում է հարկատուների գումարներից ձևավորված պետական բյուջեի ռեսուրսները, իսկ արդյունքում, ամենայն հավանականությամբ, ապագա կենսաթոշակառուներն այդ ֆոնդերից ստանալու են չնչին գումարներ։ Պետք է հաշվի առնել նաև, որ միջազգային բազմաթիվ տնտեսական ու ֆինանսական ինստիտուտների գնահատականներով մոտակա տարիներին համաշխարհային տնտեսական իրավիճակը չի կայունանալու, ավելին՝ սպասվում են ավելի ծանր ժամանակներ։
Կուտակային կենսաթոշակային համակարգն ունի նաև մի շարք այլ խնդրահարույց կողմեր։ Այն հիմնված չէ համերաշխության և սոցիալական պատասխանատվության սկզբունքների վրա, ինչպես որ աշխարհում գործող կենսաթոշակային համակարգերի գերակշիռ մեծամասնությունը․ դրանում ներդրում չունեն գործատուները։ Ավելին՝ «ինքդ քեզ համար» կուտակելու սկզբունքը ապամոտիվացնում է աշխատողներին աշխատել և սոցիալական վճարներ կատարել՝ մանավանդ երբ վերջին շրջանում ականատես են լինում, թե ինչպես է աշխատողի և պետության վճարած գումարներն անհայտանում՝ կապված տնտեսական անբարենպաստ պայմանների ու ցնցումների հետ։ Պետությունը մի կողմից վարում է աշխատելու խրախուսման քաղաքականություն, բայց մյուս կողմից չի ապահովում, որ աշխատանքը ձեռնտու լինի։ Արժանապատիվ կյանքի պայմաններ չապահովող ցածր աշխատավարձերին այժմ ավելացավ նաև օր օրի պակասող գումարը սեփական կուտակային կենսաթոշակային հաշվին, ինչը ստեղծում է լրացուցիչ սոցիալական և հոգեբանական լարվածության զգացողություն և հարցականի տակ է դնում սոցիալական վճարները կատարելու իմաստը։
Հաշվի առնելով վերոնշյալը, ներկայիս կուտակային կենսաթոշակային համակարգում հրատապ բարեփոխումների կարիք կա։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության Նախագահությունը դիմել է ՀՀ վարչապետին և Աղգային ժողովի նախագահին՝ ներկայացնելով կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված վիճակը, և առաջարկելով հետևյալը՝
- ստեղծել կենսաթոշակային պետական հիմնադրամ՝ վերադառնալով սերնդների համերաշխության սկզբունքին, որի դեպքում ներկայիս աշխատողներն ու իրենց գործատուները հատկացումներ կկատարեն ներկայիս թոշակառուների համար
- աշխատաշուկա նոր մուտք գործող անձանցից գանձվող սոցիալական վճարներն այլևս չուղղել մասնավոր ֆոնդերին, փոխարենը ուղղել պետական կենսաթոշակային ֆոնդ և այդ գումարներով բարձրացնել գործող կենսաթոշակների չափերը
- մասնավոր ֆոնդերի մասնավոր կառավարիչների վրա հիմնված կուտակային կենսաթոշակային համակարգը դարձնել լրացուցիչ և կամավոր կուտակելու միջոց, այլ ոչ թե միակ, հիմնական և պարտադիր, ինչպես որ դա ներկայումս է
- կենսաթոշակային ֆոնդերին հատկացումներ կատարելու պարտավորությունը պետության փոխարեն դնել գործատուների վրա, ինչպես որ ընդունված է աշխարհում՝ ապահովելով տարրական սոցիալական արդարություն։ Ներկայումս փաստորեն, միայն աշխատողների ուսերին է դրված կենսաթոշակային միջոցների կուտակումը՝ աշխատավարձից վճարների և հարկերից վճարած հանրային գումարների հաշվին։
Գրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Pingback: ԿԲ-ի պատասխանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին արհմիության առաջարկներին – Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհ
Pingback: Անանուն