Պետական կենսաթոշակային համակարգը լի է համակարգային խնդիրներով, որոնք բարդացնում են թոշակառուների կողմից տարիքային կենսաթոշակի լիարժեք և անխափան ստացումը։
Դրանցից են ԽՍՀՄ փլուզումից մինչև 2000 թվական ժամանակահատվածում աշխատած աշխատանքային ստաժի ոչ լիարժեք հաշվարկը, ամեն 12 ամսվա կտրվածքով թոշակառուների՝ բանկ ներկայանալու պարտավորությունը, աշխատող կենսաթոշակառուների դեպքում ստաժի ավելացման համար պարբերական դիմումներ ներկայացնելու անհրաժեշտությունը և այլն։ Պետության կողմից ստեղծված են մեխանիզմներ, որպեսզի նվազագույնի հասցվի թոշակառուների վրա պետական ծախսը, իսկ մյուս կողմից թոշակառուների համար ստեղծվում են հավելյալ քաշքշուկներ։
Վերոնշված խնդիրների վերաբերյալ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը զրուցում է Սոնա Դանելիյանի “Քաշքշուկ” փոդքասթում, որը հասանելի է ստորև՝
Միաժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից փորձել ենք պարզել, որքանով է արդարացված ամեն տարի անձամբ բանկ ներկայանալու պահանջը թոշակառուների համար։ Մասնավորապես, հետաքրքրվել ենք, թե կենսաթոշակ ստացողներից քանիսն է մշտապես բնակվում ՀՀ-ում, իսկ քանիսն է տարվա ընթացքում 180 օրվանից ավել ժամանակով բացակայում հանրապետությունից։ Հետաքրքրվել ենք նաև, թե քանի թոշակառուի համար է կենսաթոշակի վճարումը դադարեցվել այն պատճառով, որ թոշակառուն 12 ամսից ավել անձամբ չի ներկայացել բանկ։
Համաձայն նախարարության կողմից տրամադրած տեղեկատվության՝ 2021-2023 թվականների ընթացքում շուրջ 139 հազար թոշակառուի թոշակի վճարումը դադարեցվել է ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարությունը չստորագրելու պատճառով։ Նույն ժամանակահատվածում վերականգնվել է շուրջ 148 հազար թոշակառուի թոշակի վճարումը, որոնցից շուրջ 129 հազարինը դադարեցվել էր 2021-2023թթ ժամանակահատվածում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, առաջարկելով լուծում տալ կենսաթոշակի ստաժի հաշվարկման հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող խնդիրներին, ինչպես նաև կենսաթոշակի վճարման հետ կապված խնդիրներին։
Անդրադառնալով տարին մեկ անգամ ՀՀ-ում անձամբ գտնվելու պահանջին՝ նախարարությունն իր պատասխանում նշել է, որ կենսաթոշակային ոլորտում վարվող քաղաքականությունը նպատակ ունի առաջնահերթ ապահովել Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավումը։ Առանց այդ պահանջի կենսաթոշակի վճարումը, ըստ նախարարության, չի բխում “կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունն ու զարգացումն” ապահովելու սկզբունքից։
Պատասխանից ստացվում է, որ եթե կենսաթոշակառուն ինչ-որ պատճառով երկրից բացակայում է, դադարում է լինել կենսաթոշակային համակարգի շահառուն, ինչն այդ մարդկանց սահմանադրական իրավունքի խախտում է։
