
Հայաստանի պետհինարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դիմել էր ՀՀ վարչապետին և Ազգային ժողովին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Արհմիությունը, մասնավորապես, համակարգը բարեփոխելու որոշ առաջարկներ էր ներկայացրել։
ՀՀ վարչապետի աշխատակազմը մեր գրությունը շրջանարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ կենտրոնական բանկ՝ դիրքորոշումներ ստանալու համար։
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հայցել է ՀՀ կենտրոնական բանկի դիրքորոշումը, որն էլ ներկայացվել է արհմիությանը։
Կենտրոնական բանկի գրության մեջ նշվում է, իբր արհմիության ներկայացված առաջարկները հիմնված չեն մասնագիտական հաշվարկների, վերլուծությունների և հետազոտությունների վրա: Նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր գրության մեջ առաջնորդվել ենք միայն փաստերով։
Անդրադառնանք Կենտրոնական բանկի գրության բովանդակության որոշ կետերին՝ առանձին-առանձին ։
1․ Գերատեսչությունը նշում է, որ ՀՀ նախկին կենսաթոշակային համակարգը չի համապատասխանում կենսաթոշակային համակարգերին բնորոշ անհրաժեշտ պայմաններին, և այդ համակարգը հանգեցրել է կենսաթոշակային համակարգի դադարեցմանը 2008 թվականին։ Նշվում է, որ համակարգը ավելի շատ “նպաստային” էր, այլ ոչ թե “կենսաթոշակային” և “պատժում էր” արտադրողական աշխատողներին՝ ստիպելով թաքցնել զբաղվածությունը։ Նշվում է, որ համակարգը խթանային առումով խեղաթյուրված էր, իսկ այժմ արդարությունը վերականգնվել է։ Այս թեզերը տարբեր ձևակերպումներով մի քանի անգամ կրկնվում են գրության մեջ՝ նշելով որ ներկայիս համակարգը շահավետ է բնակչության բոլոր խմբերի համար և խթանում է ֆորմալ աշխատաշուկան։
Հարկ է նշել, որ մեր արհմիության կողմից պատրաստված առաջարկներում խոսքը չի գնացել նախկին համակարգին, առավել ևս հիմնարար չափանիշներին չհամապատասխանող համարգին վերադառնալու մասին։ Խոսքն ընդամենը գնում էր սերունդների համերաշխության սկզբունքին վերադառնալու և պետական հիմնադրամ ստեղծելու մասին։ Անհասկանալի է, թե ինչ նկատի ունի Կենտրոնական բանկը, նշելով, որ այդ համակարգը “նպաստային” էր, իսկ ներկայիս համակարգը “կենսաթոշակային է”։ Չենք ժխտում, որ աշխատողի վարձատրության և հետագայում ստանալիք կենսաթոշակի չափերի միջև պետք է կապ լինի, բայց այդ կապը կարելի է իրականացնել նաև պետական կենսաթոշակային ֆոնդի առկայության դեպքում, ինչպես որ դա արվում է բազմաթիվ պետություններում, և այդ նպատակով պարտադիր չէր ներդնել ներդրումային գործիքների և մասնավոր ֆոների կառավարիչների վրա հիմնված համակարգ։ Այդպիսով՝ կենտրոնական բանկի եզրահանգումները բովանդակային առումով չեն անդրադառնում մեր առաջարկներին։ Ինչ վերաբերում է արտադրողական աշխատողների կողմից զբաղվածությունը թաքցնելուն՝ մեր գրության մեջ արդեն նշել էինք, որ ապօրինի գործողությունները պետական վերահսկողության խնդիրն են, ոչ թե կենսաթոշակային համակարգինը։
2․ Գրության մեջ գերատեսչությունը նշում է ներկայիս համակարգի մի շարք առավելություններ (ԿԲ-ի բառապաշարով ասած՝ “դրական էքստեռնալիաներ”)․ մասնավորապես նշվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգն ունի դրական մակրոտնտեսական էֆեկտներ, ինչպիսիք են ներքին խնայողությունների աճի հաշվին ներդրումների աճը և պետական պարտքի նվազումը, հաջորդ սերունդների համար էապես նվազեցնում է ֆիսկալ բեռը, խնայողություններն արդյունավետ ներդրումների ուղղելու ենթակառուցվածքը, կապիտալի շուկայի զարգացման խթանումը, կեսնաթոշակի չափի վրա քաղաքական որոշումների ազդեցության բացառումը, կենսաթոշակային եկամուտների դիվերսիֆիկացիան։
Վերևը նշվածները գուցե գեղեցիկ եզրույթներ են տնտեսագետների համար, բայց քիչ առնչություն ունեն շարքային աշխատողի համար կենսաթոշակային տարիքում արժանապատիվ թոշակ ստանալու վստահության և երաշխիքի հետ։
3․ Ինչ վերաբերում է մեր կողմից բարձրացված սոցիալական արդարության սկբունքին և գործատուների կողմից կենսաթոշակային համակարգին մասնակցության անհրաժեշտությանը, Կենտրոնական բանկն առաջարկում է ներկայացնել վերլուծություն և այդ առաջարկը հիմնավորող փաստեր, սակայն նշում է, որ միասնական եկամտային հարկի ներդրումն իրականացվել է այն սկզբունքի հիման վրա, որ գործատուների համար լրացուցիչ բեռ չպետք է առաջանա։ Այնուհետև ԿԲ-ն կրկին շեղվում է բուն թեմայից՝ պատմելով հարկային բարեփոխումների, մասնավորապես համահարթ հարկման ներդրման մասին, աշխատող բնակչության համար ֆինանսկան բեռի նվազեցման մասին, ՀՀ ՊԵԿ-ում ենթակառուցվածքային ու տեղեկատվական բարեփոխումների մասին, որոնք, համաձայն ԿԲ-ի, հնարավոր են դարձել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շնորհիվ։ Գերատեսչությունն ակնարկում է, որ գործատուի կողմից ֆինանսական մասնակցությունն արտացոլվում է աշխատավարձի մեջ մտնող միասնական եկամտային հարկում, ինչպես նաև պնդում է, որ գործատուի կողմից թոշակային համակարգում մասնակցությունն աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա չէ։
Սրանք նույնպես ոչ միանշանակ և մանիպուլյատիվ պնդումներ են, որոնք աշխատողի եկամուտը գործատուին են վերագրում։
4․ Կենտրոնական բանկն անհասկանալի է համարել, թե ինչի հիման վրա ենք հաշվարկել 4-ից 25 հազար դրամ ապագա կենսաթոշակի չափը, ներկայացնելով սեփական հաշվարկը, այն է ապագա կենսաթոշակը կլինի 61-ից 124 հազար դրամ։
Հարկ է նշել, որ համաձայն կենսաթոշակային հաշվիչների՝ գնաճով ճշգրտված ապագա կենսաթոշակի չափը կախված է մի շարք պարամետրերից։ Կենտրոնական բանկը որպես հիմք վերցրել է լավագույն հնարավոր պարամետրերը։ Մեր հաշվարկներում մենք ընդունել ենք կենսաթոշակային ֆոնդերի վերջին երեք տարիների միջին եկամտաբերությունը, այլ ոչ թե ամբողջ ժամանակահատվածի, քանի որ ակնհայտ է, որ բարենպաստ համաշխարհային տնտեսական իրավիճակն արդեն անցյալում է, և վերջին երեք տարիներն ավելի ռեալ են արտացոլում ֆոնդերի եկամտաբերությունը։ Նույնը վերաբերում է գնաճին, որը Կենտրոնական բանկն ընդունել է ընդամենը 4%: Այնինչ, վերջին մի քանի տարվա մեջ առնվազն երկու տարվա ընթացքում գնաճը զգալիորեն գերազանցել է 4% ցուցանիշը։ Այդ իսկ պատճառով տարեկան միջին գնաճը համարել ենք առնվազն 5%: Մեր հաշվարկներում մենք նաև չենք ենթադրել, որ աշխատավարձերն ունեն տարեկան ավտոմատ 4% աճ, ինչպես որ առաջարկում են կենսաթոշակային հաշվիչները։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի գործատուի կողմից գնաճին համապատասխան աշխատավարձի պարտադիր ինդեքավորման որևէ իրավական մեխանիզմ, իրականությունն արտացոլելու համար ենթադրել ենք, որ աշխատավարձը տարեկան աճում է 1%-ով։ Ինչ վերաբերվում է կյանքի միջին տևողությանը, այն ընդունել ենք 82 տարի՝ հաշվի առնելով որ մոտակա տասնամյակներում կյանքի տևողությունն աճելու է։
Կուտակային կենսաթոշակի ապագա չափսը կարելի հաշվել հետևյալ հաշվիչի միջոցով՝ https://abcfinance.am/calculators/pensioncalc.html
Կենտրոնական բանկի կողմից ստացված պատասխանի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2022/09/51-02.-kentronakan-banki-patasxan.pdf
Pingback: Անանուն