EPSU-ի ուղերձը Եվրոպական գագաթնաժողովի կապակցությամբ

EPSU-ի ուղերձը Եվրոպական գագաթնաժողովի կապակցությամբ

Մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որն առաջին անգամ մայրաքաղաքում հյուրընկալեց ԵՄ-ի և անդամ պետությունների պատվիրակություններին։

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Ղուդրիաանը գագաթնաժողովի կապակցությամբ ուղերձով դիմել է ՀՀ և ԵՄ պաշտոնյաներին` ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահին, Ազգային Ժողովի նախագահին, ինչպես նաև Եվրոպական Խորհրդի (António Costa ), Եվրահանձնաժողովի (European Commission ) նախագահներին, Եվրապառլամենտում ՀՀ-ի հետ գործընկերության խմբի ղեկավարին (Nils Ušakovs)՝ բարձրաձայնելով մի շարք կարևոր հարցեր։

Ուղերձը հիշեցնում է, որ հասարակության և աշխատանքային ժողովրդավարության կայացման մեջ արհմիությունները կարևորագույն դեր ունեն, իսկ սոցիալական երկխոսությունն ու կոլեկտիվ բանակցությունն աշխատողների շահերի առաջախաղացման հիմքն են և դրանք պետք է պաշտպանվեն, զարգացվեն և առաջխաղացվեն։ EPSU-ն կոչ է անում առաջնորդվել սոցիալական երկխոսությունն ամրապնդելու մասին Եվրոպական Խորհրդի 2023 թվականի հունիսի 12-ի հանձնարարականով և ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի հռչակագրերով։

Նշվում է, որ հանրային հատվածում հաճախակի են պաշտոնյաների կողմից արհմիությունների գործունեությանը միջամտելու, խոչընդոտելու և ազդեցություն գործելու դեպքերը, այնինչ արհմիությունների պաշտպանության մեխանիզմներն ու միջամտության մասին օրենսդրական սահմանումները թերի են։

Օրենսդրական կարգավորումները չեն պարտադրում կառավարությանը աշխատանքային և սոցիալական քաղաքականությունները քննարկել արհմիությունների հետ, իսկ պարտադիր եռակողմ կամ այլ մեխանիզմներն օրենքով սահմանված չեն։

Առանձնակի շեշտվում է այն մտահոգությունը, որ կոլեկտիվ բանակցելու իրավունքն ապահովված չէ հանրային հատվածի աշխատողների համար, քանի որ կառավարությունը չի սահմանել այն մարմինը, որը որպես հանրային հատվածի գործատու հանդես կգա հանրային հատվածի ճյուղային արհմիության հետ բանակցելու համար։ Առաջարկվում է, որպեսզի Հայաստանը, Եվրահանձնաժողովը և ԱՄԿ-ն համատեղ աշխատեն արհմիությունների հետ՝ այս ոլորտում ԵՄ պետությունների լավագույն փորձը որդեգրելու համար։ EPSU-ն նշում է, որ անթույլատրելի է և ԱՄԿ չափանիշներին հակասող է այն հանգամանքը, որ հանրային հատվածի աշխատողները դուրս են մնում իրենց վարձատրության և պայմանների մասին կոլեկտիվ բանակցելու համակարգից։

Մտահոգիչ է նաև, որ կոլեկտիվ բանակցելու իրավունքը տապալված է նաև աշխատավայրի մակարդակում, քանի որ օրենսդրությունը չի պարտադրում գործատուներին բանակցել իրենց աշխատողների արհմիությունների հետ։ Դա ստեղծում է կոնֆլիկտային միջավայր և ծնում է հակա-արհմիութենական վարքագիծ։ Ավելին, կոլեկտիվ բանակցությունների համար այդպիսի բարդ իրավիճակում ՀՀ-ում նկատելի են բազմաթիվ արհմիություններ, որոնք գործում են միայն աշխատավայրի մակարդակում, հաճախ գործատուի ազդեցության ներքո և միավորված չեն ազգային և ճյուղային մակարդակներում։ Նման պառակտումն էլ ավելի բացասաբար է ազդում ընդհանուր կարգավորող միջավայրի վրա և բարդացնում է ժամանակակից հանրային ծառայությունների մատուցումը։

Ուղերձի ամբողջական տարբերակները կարող եք ընթերցել ստորև

ՈՒՂԵՐՁՆ ԱՆԳԼԵՐԵՆ

ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԵՐԵՆ

Ուղերձին պատասխանել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Պատասխանում նշվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել EPSU-ի հետ, ԱՄԿ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակելով զարգացնել սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների համակարգը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ։ Այնուամենայնիվ, գրության մեջ ընգծվում է, որ Հայաստանում աշխատանքային օրենսդրության սկզբունքներից է “կոլեկտիվ բանակցելու ազատությունը, ինչը նշանակում է, որ բանակցությունների ներդրումը չի կարող կողմերի համար պարտադիր լինել“։

Չնայած որ լիովին հասկանալի չէ, ինչ նկատի ունի նախարարությունը “բանակցությունների ներդրում” ասելով, բազմիցս նշել ենք, որ օրենսդրության սկզբունքը ոչ թե պետք է լինի կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, այլ կոլեկտիվ բանակցելու իրավունքը, ինչպես սահմանված է միջազգային նորմերով։ Իրավունքը ենթադրում է գործատուի պարտավորությունը բանակցել արհմիության հետ, իսկ պետությանը պարտավորեցնում է խթանել, աջակցել և զարգացնել կոլեկտիվ բանակցությունների համակարգը։

Նախարարությունը խոստանում է առաջիկայում օրենսդրական փոփոխություններով անդրադառնալ նշված խնդիրներին։

Նախարարության պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading